Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը Հայաստանին չի ճնշի

Սեպտեմբեր 16,2008 00:00

ԱՄՆ-ը Հայաստանի վրա ճնշում չի գործադրի՝ ստիպելով նրան այս կամ այն ընտրությունը կատարել: Այս մասին «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի Տրանսատլանտյան կենտրոնի տնօրեն Ռոնալդ Ասմուսը: «Կարծում եմ, որ մենք թեւակոխում ենք Ռուսաստանի հետ նոր մրցակցության փուլ ընդլայնված Եվրոպայում եւ ընդլայնված Սեւծովյան տարածաշրջանում: Դա կարող է միայն ափսոսանք հարուցել, եւ Միացյալ Նահանգները դա ամենավերջինն էր ցանկանում: Հայաստանի համար թերեւս ավելի դժվար կլինի պահպանել այն հավասարակշռությունը, որին նա ձգտում է հասնել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարելով: Սակայն ԱՄՆ-ը Հայաստանի վրա ճնշում չի գործադրի` ստիպելով նրան այս կամ այն ընտրությունը կատարել: Մենք կհարգենք Հայաստանի որոշումը եւ կպաշտպանենք ինքնուրույն որոշումներ կայացնելու նրա իրավունքը»,- ասել է Ռոնալդ Ասմուսը, ով Քլինթոնի վարչակազմում զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը: «Վերջին տարիներին ես եւ իմ շատ գործընկերներ բազմիցս ասել էինք, որ, այսպես կոչված, սառեցված հակամարտություններն ամենեւին էլ սառեցված չեն: Մենք նաեւ դեմ ենք արտահայտվել գոյություն ունեցող ստատուս-քվոների պահպանման առնչությամբ որոշակի ինքնահանգստացմանը: Վրաստանը մեզ ցուցադրեց նման մոտեցման վտանգավորությունը: Ես հույս ունեմ, որ օգոստոսյան իրադարձություններից արված մեր հիմնական եզրահանգումը կլինի այն, որ մենք կկրկնապատկենք հակամարտությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերը: Ոչ ոք շահագրգռված չէ, որ եւս մեկ սառեցված հակամարտություն տաքանա»,- ասել է Ասմուսը՝ անդրադառնալով վրաստանյան դեպքերի հնարավոր ազդեցությանը ԼՂ հարցի վրա:

«Մեդիամաքսը» ԼՂ հակամարտության շուրջ զրույց է ունեցել նաեւ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Կուրթ Վոլքերի հետ, որը, մասնավորապես, նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը հարմար ձեւաչափ է այդ խնդրի կարգավորման համար: Պատասխանելով սառեցված հակամարտությունների կարգավորման գործում ՆԱՏՕ-ի հնարավոր ակտիվացման մասին հարցին՝ Վոլքերն ասել է, որ, ի վերջո՝ հարցը հանգում է բանակցող կողմերի քաղաքական կամքին: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, դեսպանը նշել է, թե երկու երկրների միջեւ սկսված շփումները դրական ազդեցություն կունենան ղարաբաղյան կարգավորման գործընթացի եւ ընդհանրապես՝ ողջ տարածաշրջանի վրա: Ի արդյունք՝ «առկա խնդիրների լուծումը կաջակցի տարածաշրջանային համագործակցությանն ու համաշխարհային տնտեսության մեջ տարածաշրջանի ինտեգրմանը»:

ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ջեյմս Ապպատուրային եւս «Մեդիամաքսը» խնդրել է մեկնաբանել, թե ինչպիսին կարող է լինել վրաց-ռուսական ճգնաժամի ազդեցությունը ԼՂ հարցի վրա: Ի պատասխան, Դաշինքի խոսնակը նշել է. «Ինչ վերաբերում է մնացյալ հակամարտություններին, հուսով եմ, որ բոլոր կողմերն անհրաժեշտ եզրահանգումներ կանեն: Ուժ գործադրելու փորձը չի կարող բարենպաստ ելք ունենալ: Կան դիվանագիտական գործընթացներ, եւ դրանք պետք է շարունակվեն նույնիսկ այն դեպքում, եթե դա ժամանակ է պահանջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել