Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ»

Սեպտեմբեր 16,2008 00:00

\"\"

Երեկ կարծիք հայտնեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որը նախորդներից տարբերվում էր նրանով, որ մարտիմեկյան դեպքերից հետո Երեւանի քաղաքապետարանի կողմից առաջին արտոնված հանրահավաքն էր: Ընդդիմության ներկայացուցիչները դա համարեցին իրենց հետեւողական պայքարի եւ այդ համատեքստում իշխանությունների պարտադրված զիջումների արդյունք, ինչը շեշտեց հանրահավաքը վարող, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա հայտարարեց նաեւ, որ նախորդ հանրահավաքից հետո Հայ ազգային կոնգրեսի շարքերը համալրվել են, այդ թվում՝ ի դեմս Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության եւ Հայ կանանց շարժման:

Հանրահավաքում ելույթ ունեցան վերջերս Հայ ազգային կոնգրեսին անդամագրված եւ այդ ինքնագործունեության համար «Նոր ժամանակներ» կուսակցությունից հեռացված Հրաչյա Սարգսյանը, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը եւ այլք: Հանրահավաքի մասնակիցները շնորհավորեցին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, մարտի 1-ից հետո հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի 47-ամյակը: Մատենադարանի հարթակում էր նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը. «Ես լիովին համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը մեր պայքարում հաղթելու է, եւ դրանում որեւէ կասկած ոչ մեկը պիտի չունենա: Ես եկել եմ շնորհակալություն հայտնելու ձեզնից այն ամենի համար, որ դուք անում եք քաղաքական դաշտը, Հայաստանի ապագան ապահովելու համար»: Նա նաեւ շեշտեց, որ այն մարդիկ, ովքեր այսօր բանտերում են, իրենց ամուր են զգում դրսում ամենօրյա պայքարը շարունակողների շնորհիվ:

Խոսվեց նաեւ սեպտեմբերի 28-ին Կենտրոն համայնքում կայանալիք թաղապետի ընտրությունների մասին, որոնք, ընդդիմության գնահատմամբ, սկզբունքային նշանակություն ունեն, որովհետեւ «Երեւանի Կենտրոնում են ծավալվում հանրապետության համար վճռորոշ քաղաքական բոլոր իրադարձությունները», եւ «Կենտրոնն է մարմնավորում մեր պայքարը»: Հայտարարվեց նաեւ, որ այդ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը պաշտպանելու է ՀՀՇ վարչության նախագահ, վերջերս բանտից ազատ արձակված Արարատ Զուրաբյանի թեկնածությունը: Ա. Զուրաբյանն իր ելույթում համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունն ու ժողովուրդը սեպտեմբերի 28-ին տոնելու են իրենց պայքարի առաջին հաղթանակը, որն ինքը կնվիրի անազատության մեջ գտնվող բոլոր տղաներին:

Ելույթ ունեցավ նաեւ Դավիթ Շահնազարյանը: Նա վերլուծեց վերջին շրջանում Հայաստանում եւ դրանից դուրս ծավալված միջազգային հնչեղություն ստացած իրադարձությունները՝ վրաց-օսական հակամարտությունից մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ. «Մեր շարժումը մտել է մի նոր փուլ, որը առանձնանում է մեծ բարդություններով՝ իր արտաքին եւ ներքին նոր խնդիրներով, եւ պահանջում է մեզնից նոր քաղաքական մոտեցումներ»:

Ներքին քաղաքականության մասին խոսելիս նա շեշտեց, որ իշխանություններն իրենց պահվածքով վերջին 2-3 շաբաթների ընթացքում իրենց դրել են օրենքից դուրս՝ նկատի ունենալով բռնությունները Հյուսիսային պողոտայում, երեկ տեղի ունեցած ուժի կիրառումն ու քաշքշուկը, հանրահավաքի իրազեկման արգելքները, որոնք, ըստ նրա, ապացույցն են այն բանի, որ «իշխանություններն իրենց օրինական դաշտում չեն տեսնում»: Նա արձանագրեց, որ այսօր լուրջ առաջընթաց Հայաստանում չկա, մասնավորապես՝ քաղբանտարկյալների հետ կապված հարցերում, եւ հայտարարեց, որ այդ ուղղությամբ ընդդիմության պայքարը շարունակվելու է մինչեւ վերջին քաղբանտարկյալի ազատ արձակումը: Նրա ասելով՝ ի տարբերություն եվրոպական շատ չինովնիկների, զերծ լինելով Մարդու իրավունքները քաղաքական շահերին ստորադասելուց, ինքը համոզված է, որ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Համմարբերգն իր զեկույցն, այնուամենայնիվ, կներկայացնի սեպտեմբերի վերջին, որտեղ կարձանագրի հայաստանյան իրականությունը: Այս անգամ այդ զեկույցը չներկայացվեց, Դ. Շահնազարյանի ասելով, աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով: «Մենք պարտավոր ենք շարժվել սառը հաշվարկով եւ ոչ թե «Մահ կամ ազատություն» սկզբունքով»,- ասաց բանախոսը: Աշխարհաքաղաքական զարգացումներին անդրադառնալով՝ նա շեշտեց, որ մեր տարածաշրջանը հիմա գտնվում է մի փուլում, երբ արտաքին զարգացումները գերիշխում են ներքին զարգացումներին, տեղի է ունենում աշխարհի հզորների ուժերի տեղաշարժ եւ Հայաստանը ներգրավված է այդ գործընթացներում: Արտաքին հարաբերություններում մեր վիճակը, նրա գնահատմամբ, շատ ծանր է: Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, Դ. Շահնազարյանի մատուցմամբ, պետք է տարանջատել Ադրբեջանի հետ մեր հարաբերություններից: Նա նաեւ կոչ արեց հայաստանյան իշխանություններին՝ զերծ մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումից՝ համարելով, որ դա անելը մեծագույն սխալ կլինի: Նույնն, ի դեպ, ավելի ուշ իր ելույթում ասաց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դ. Շահնազարյանը նաեւ տեղեկացրեց, որ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու ստորագրահավաքը, նաեւ, որ մոտ ապագայում Հայ ազգային կոնգրեսը կգումարի իր անդրանիկ համագումարը:

Խոսեց նաեւ Լեւոն Զուրաբյանը: Նրա ասելով, ընդդիմության հանրահավաքները ցնցում են Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ ստիպում գնալ զիջումների, որոնցից մեկը նա համարեց երեկվա հանրահավաքի արտոնումը: Երկրորդ զիջումն, ըստ նրա, այն է, որ իշխանությունները համաձայնել են Համմարբերգի եւ նաեւ ընդդիմության առաջարկին՝ ստեղծել «Մարտի 1»-ի փաստահավաք հանձնաժողով, որտեղ իշխանություններին հավասար իրավունքներով եւ քվոտաներով ներկայացված կլինի նաեւ ընդդիմությունը: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի համար ծանր հետեւանքներից խուսափելու համար իշխանությունը ստիպված է լինելու զիջումների գնալ նաեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում: Միակ դաշտը, ըստ նրա, որտեղ իշխանությունները կարող են հաղթել՝ բռնություններ գործադրելն է. «Մենք այդ շանսը նրանց չենք տա: Մեր պայքարը կտանենք գաղափարական դաշտում, որտեղ իշխանությունները թույլ են»:

Եզրափակիչ ելույթը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր: Նա խոսեց ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության, Հայաստանին նետված արտաքին մարտահրավերների, հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր ներգրավման վտանգավորության մասին: Լ. Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ կեղծված ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի արդյունքում իշխանությունների ավազակապետական բնույթը չի փոխվել: Նա ասաց, որ ռեժիմը մնացել է նույն սանձարձակ եւ հակակշիռներից զուրկ բուրգը, որ երկիրը ղեկավարվում է ջունգլիական օրենքներով, որ ազգային հարստությունը շարունակում է կողոպտվել նույն ծավալներով, ավելի արտահայտված են ժողովների սահմանափակումները եւ բռնապետության էությունը. «Որեւէ բարելավում չկա տնտեսության ոլորտում: Պետական ռեկետը մնում է պետական քաղաքականության հիմքում: Չկա պաշտոնյա, որ սեփական բիզնես չունենա: Մոնոպոլիաները շարունակում են դուրս մնալ հարկային դաշտից, արտագաղթն ու գործազրկությունը, գների աճը դարձել են մնայուն գործոններ»: Այդուհանդերձ, նրա ասելով, «ավազակապետական բուրգում մի շատ կարեւոր փոփոխություն է եղել». եթե բուրգը մոնոլիտ էր Քոչարյանի ժամանակ, ապա հիմա այն ճաքեր է տալիս, քանի որ տեղի է ունենում հարստության վերաբաշխում:

Լ. Տեր-Պետրոսյանի ասելով՝ կան ցայտուն հակասություններ ինչպես կառավարության եւ երկրի նախագահի միջեւ, այնպես էլ կոալիցիայի ներսում՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, նաեւ Թուրքիայի նախագահի՝ Երեւան կատարած այցի օրերին ՀՅԴ-ի կազմակերպած բողոքի ակցիաները: Առաջին նախագահի ասելով՝ Սերժ Սարգսյանը կա՛մ պիտի վռնդի ՀՅԴ-ին կոալիցիայից, կա՛մ խոստովանի, որ ինքն ադեկվատ չի արձագանքում իրավիճակին: Նա արձանագրեց պրոբլեմներ նաեւ ՀՀԿ-ի ներսում: Գնահատելով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու ՀՀԿ-ի որոշումը՝ առաջին նախագահը փաստեց, որ դրանով խորհրդարանը վերջնականապես կվերածվի ռեժիմի կրիմինալիզացված հիմնասյունի:

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի հավանական վերադարձի մասին շրջանառվող լուրերին՝ Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, թե այդ շշուկները տարածում են Քոչարյանին մոտ շրջանակները, եւ դրանք ուղղված են Ս. Սարգսյանի դեմ: Ընդ որում, նրա ասելով, այդ վերադարձը մատուցվում է այսօրինակ սոուսով՝ թե Սերժը չի կարողանում զսպել ընդդիմությանն ու շուտով կկորցնի իշխանությունը, եւ այդ պարագայում միակ փրկությունը Քոչարյանի վերադարձն է: Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու պարագայում Սերժը կվերածվի անգլիական թագուհու, առավել եւս, որ Քոչարյանը որեւէ մեկի հետ իշխանություն կիսել չգիտի: «Հուսամ՝ Սերժ Սարգսյանը դա գիտակցում է»,- ասաց ՀՀ առաջին նախագահը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային վերջին զարգացումներին, ապա Լ. Տեր-Պետրոսյանի մատուցմամբ, Հայաստանը երբեք այնքան ենթակա չի եղել օտար ուժերին, որքան հիմա, եւ միայն օրինական իշխանությունն է ունակ դիմագրավելու արտաքին ցանկացած ճնշման: ՀՀ առաջին նախագահի դիտարկմամբ, այսօր Ս. Սարգսյանը, դժբախտաբար, պատրաստ է լեգիտիմություն ստանալ մեր պետության շահը զոհաբերելու գնով: «Ս. Սարգսյանը ակնհայտորեն ընտրել է այս ճանապարհը»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը՝ նկատի ունենալով Ցեղասպանության եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում զիջումներ կատարելու վերաբերյալ նրա պատրաստակամության ցուցադրումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել