Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ «ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ»

Սեպտեմբեր 16,2008 00:00

ԱԺ նախագահի փոփոխությունը ՀՀԿ-ն կատարում է այս նպատակով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակամուտ գյուղում, պատասխանելով ԱԺ նախագահի փոփոխության մասին ՀՀԿ գործադիր մարմնի որոշմանը վերաբերող հարցին, ասել էր. «Հովիկ Աբրահամյանի պարագայում հնարավոր է Ազգային ժողովի դերակատարության բարձրացում: Ես համարում եմ, որ Հ. Աբրահամյանն իր կազմակերպչական ունակություններով կարող է այս խնդիրը լուծել: Տիգրան Թորոսյանը կարող է իր գիտելիքներով, իր հմտությամբ շատ լավ թափ հաղորդել մեկ այլ մարմնի: Այստեղ որեւէ տարօրինակ բան ես չեմ տեսնում: Ես տարօրինակ համարում եմ այն, որ որոշ լրատվամիջոցներով կոկորդիլոսի արցունքներ են երեւում, եւ, չգիտես ինչու, այն լրատվամիջոցները, որոնք մեկ շաբաթ, տասն օր առաջ Տիգրան Թորոսյանին անձնական վիրավորանքներ էին հասցնում, հիմա փորձում են պաշտպանել նրան: Տիգրան Թորոսյանը պաշտպանության կարիք չունի: Մենք գնահատում ենք նրա վաստակը, գիտելիքները, անցած ճանապարհը, միեւնույն ժամանակ՝ համարում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի այնտեղ, որտեղ կարող է ավելի մեծ արդյունքների հասնել»: Կուսակցության նախագահի այս խոսքը միայն մեկ բան է նշանակում՝ այլեւս նահանջի տեղ չկա, եւ այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում բոլորը խոսելու են հենց այն շեշտադրմամբ եւ ոգով, ինչպես շաբաթ օրը խոսել է կուսակցության նախագահը:

Այսօր շատերը չեն հիշում Աջափնյակի համայնքապետի ընտրությունները, երբ ՀՀԿ այսօրվա փոխնախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը որոշեց «թռչել» կուսակցության գլխի վրայից եւ առաջադրվել համայնքապետի թեկնածու: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը, որ ՀՀԿ խորհրդի նախագահն էր, հայտարարեց, որ կուսակցությունը ոհմակ չէ եւ բոլորը պարտավոր են ենթարկվել կուսակցական կարգապահությանը: Հիմա, երբ Տիգրան Թորոսյանը պահանջում է ուղղակի ներկայացնել այն փաստարկները, որոնց պատճառով ինքն այլեւս նպատակահարմար չէ այս պաշտոնի համար, ոչ ոք նման կոշտ գնահատական այլեւս չի տալիս, ընդհակառակը՝ ՀՀԿ նախագահը բավականին զուսպ եւ օբյեկտիվ գնահատում է Տ. Թորոսյանի արժանիքները եւ անգամ հայտարարում, որ նրա գիտելիքները կարող են ծառայել մեկ այլ ոլորտի թափ հաղորդելուն: Սա նշանակում է, որ Տիգրան Թորոսյանին «գործ կտան», նա չի դառնա շարքային պատգամավոր: Բայց ի՞նչ դիրք կբռնի ԱԺ նախագահը՝ կգրի՞ հրաժարականի դիմում, թե՞ կպնդի, որ իրեն, այնուամենայնիվ, անվստահություն հայտնեն, դեռ պարզ չէ: Մեր հարցերին պարոն Թորոսյանը երեկ չուզեց պատասխանել, հիշեցնելով, թե արդեն հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբերի 16-ը կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստը որեւէ այլ բան չի ասի: Մյուսները եւս նժդեհաբար լռում են: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը խոսում է՝ ոչինչ չասելով: Երեկ «Հայելի» ակումբում, մասնակցելով մամուլի ասուլիսին, պարոն Սահակյանը ոչ մի նոր բան չասաց: «Առավոտը», պրն Սահակյանին հիշեցնելով Աջափնյակ համայնքի ղեկավարի ընտրությունների օրերին ծագած իրավիճակը եւ այն, որ այդ ժամանակ կուսակցության խորհրդում պարոն Սահակյանին կուսակցական կարգապահությանը ենթարկվելու կոչ անողներից մեկը Տիգրան Թորոսյանն էր, հարցրեց՝ դա բումերանգի էֆեկտ չի՞ ունենա, Գալուստ Սահակյանը նույնը չի՞ ասի Տիգրան Թորոսյանին: Գ. Սահակյանը վստահեցրեց, որ ինքը դա չի կարող անել. «Կուսակցության քաղաքական որոշումները պարտադիր են կուսակցության բոլոր անդամների համար, եւ դա ոչ միայն մեր, այլեւ՝ բոլոր կուսակցություններում է, եւ եթե քաղաքական որոշումը կուսակցության անդամը չի ընդունում՝ կամ պետք է կուսակցությունից հեռանա, կամ հատուկ եզրահանգումների գա: Կուսակցության քաղաքական որոշումը պարտադիր է բոլորի համար, եւ հեչ չարժե, որ Գալուստ Սահակյանը կամ մեկ ուրիշը խոսի այդ մասին: Կարծում եմ, մեր խորհրդի նիստի ընթացքում ամբողջ պրոցեսը կներկայացվի խորհրդի բոլոր անդամներին, եւ փորձ կարվի քվեարկությամբ հաստատել կուսակցության գործադիր մարմնի որոշումը: Այս պրոցեսը կարող էր անել կուսակցության գերագույն մարմինը կամ խմբակցությունը, բայց քանի որ խոսքը ԱԺ նախագահի մասին է, կուսակցության բոլոր օղակների կարծիքը հաշվի առնելը պարտադիր է»: Ասաց նաեւ, որ կուսակցությունը իր այս որոշմամբ չի հարվածում Տիգրան Թորոսյանին. «Չեմ կարծում, որ մենք մեր քայլով հարվածում ենք Տիգրան Թորոսյանին, կամ Տիգրան Թորոսյանը դրանից պետք է վարկաբեկվի, երբեք եւ երբեք, ԱԺ նախագահի տեղը մեկն է, Հանրապետականը բացարձակ մեծամասնություն ունի, կոալիցիոն շրջանակներում պայմանավորվածություններ կան, եւ ինքն է որոշում, թե որ պահին ով կկատարի այդ դերակատարությունը»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել