Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 13,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ առաջին

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ահա շարունակում եմ էս անվերջանալին՝ միանգամայն նոր ու անծանոթ պայմաններում: Կայարանի մեր էս տունն Աբոն ու իր բրիգադն անճանաչելի են դարձրել, եւ չնայած կյանքն ու երկու հազար յոթ թվականի էս տժտժան ամառն իրենց նախկին հունով շարունակվում են, իրավիճակի փոփոխություններն ինձ իմ մշտական հունից լրիվ են շեղել:

Որ ուրիշները հիպոթեկով տուն էին առնում կամ տուն էին վերանորոգում, մի տեսակ հավատս չէր գալիս: Հիմա արդեն անվերապահորեն եմ հավատում, որովհետեւ պարտքս ու վերանորոգված բնակարանս անառարկելի իրողություններ են:

Եվ որ ասում էին՝ իսկական տղամարդը կյանքում գոնե մի անգամ տուն պիտի կառուցի, էլի լուրջ չէի ընդունում: Հիմա վստահաբար կարող եմ պնդել, որ եթե իսկական տղամարդը կյանքում գոնե մի անգամ տուն չի կառուցում, առնվազն մի անգամ պիտի իր բնակարանը վերանորոգի:

Եվ որ ասում էին, թե էսօր մարդիկ ընդհանրապես գիրք չեն կարդում, անվերապահորեն հավատում էի էդ ասեկոսեներին, մինչդեռ հիմա՝ էս պահին ճիշտ հակառակ կարծիքին եմ, որովհետեւ, վարկից ու «Առավոտի» հոնորարներից բացի, տանս վերանորոգման հարցում նաեւ էս հատորներիս վաճառքից ստացած գումարները որոշ դեր խաղացին, ու էս հանգամանքը հավելյալ ու որոշակի խթան է, որպեսզի էս սկսածս նույն ոգով շարունակեմ:

Այսուհանդերձ, դժվարություններ կան, եւ դրանք որոշակի ու երեւելի են, ավելի ճիշտ՝ երեւացող:

Հազիվ էի վարժվել զոքանչիս տանը գրելուն, ու հիմա պայմանները վերստին ու կտրուկ փոխվում են, եւ հատուկենտ ընթերցողներս արդեն գիտեն, որ փոփոխված պայմանները հատկապես գրելուս վրա են ազդում, ընդ որում՝ հիմնականում բացասաբար են ազդում, բայց ես ու դուք նաեւ գիտենք, որ իրավիճակների փոփոխությունների դեմ էլ եմ դեղուճար գտել, եւ ահա, հերթական անգամ, փոխանակ խեղճանամ իրավիճակի փոփոխությունից ու փոփոխված պայմաններից, միանգամայն սառնասրտորեն ու անվրդով սկսում եմ իրավիճակի փոփոխությունները մեկ առ մեկ նկարագրել, մանավանդ որ՝ էս անգամ նկարագրելու բաներն ահագին շատ են՝ հոգեվիճակիցս սկսած եւ վերջացրած բնակարանիս միանգամայն նոր համայնապատկերով: «Լանդշաֆտով»,- կասեր երեսունհինգ տարվա ընկերս:

Եվ վերջապես. ավելի լավ է՝ էս նոր վիճակս ու հոգեվիճակս սառնասրտորեն ու ճշգրիտ նկարագրեմ, քան շարունակեմ երեսունհինգ տարվա ընկերոջս հասցեին բամբասանքներս, որովհետեւ էս ընթացքում նաեւ մտածելու ժամանակ ունեցա ու հասկացա, որ ոչ միայն երեսունհինգ տարվա մեր ընկերությունն է իրավիճակի ու պայմանների արդյունք, այլեւ՝ էս չվերջացող բամբասանքս է փոփոխված ու վերստեղծված իրավիճակի արդյունք, որովհետեւ զոքանչիս տունը, ուր ճակատագրի ու Աբոյի բրիգադի դանդաղկոտության բերումով շուրջ երկուսուկես ամիս ապրեցի, երեսունհինգ տարվա ընկերոջս տան դեմդիմաց է, եւ զոքանչիս տանն անցկացրած ամենավերջին անքուն գիշերներին զոքանչիս շուշաբանդից հստակ տեսնում էի՝ ինչպես է երեսունհինգ տարվա ընկերս իր գրասեղանի մատույցներում անհանգիստ ֆռֆռում, եւ չնայած արդեն լիովին հարմարվել էի զոքանչիս ստեղծած պայմաններին, հատկապես վերջին գիշերները շատ վատ էի քնում, ավելի ճիշտ՝ համարյա չէի քնում, որովհետեւ «Panorama»-ն հարցազրույցս արդեն տպել էր, ու էդ հարցազրույցում ասել էի բաներ, որ մարդ արարածն իրավունք չունի ասել իր երեսունհինգ տարվա ընկերոջ մասին, բայց, ինչպես արդեն գիտեք, առաջինն ինքն էր սկսել ամսագրում ու օրաթերթում, եւ հարցազրույցում ասածներս ընդամենը կցկտուր պատասխաններ էին, բայց դրանց պատճառով հատկապես վերջին գիշերներին նորմալ քուն չունեի, որովհետեւ զոքանչիս շուշաբանդը, ուր պիտի քնեի, նայում էր ուղիղ ընկերոջս շուշաբանդին, ուր էդ ամենավերջին գիշերներին գրասեղանի լուսամփոփը չէր մարում, ու երեսունհինգ տարվա ընկերս ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան էր գրում, ու էդ օրերին փոքրոգությունս էնքան մեծ էր, որ ինձ թվում էր, թե երեսունհինգ տարվա ընկերս վերստին իմ դեմ ինչ-որ բան է գրում, մանավանդ որ՝ Ջավախյանն արդեն էդ հարցազրույցս հնարավորինս տարածել էր, ու էդ վերջին գիշերներին ընկերոջս անքնության վկան դառնալով՝ ավելի շատ ի՛ր անքնությունից էի նեղվում, քան՝ իմից, որովհետեւ իմն ընդամենն իր անքնության արդյունքն ու հետեւանքն էր, եւ չնայած իր անունն էդ հարցազրույցիս մեջ չկար, առնվազն ես ու ինքը գիտեինք, որ ասածներս իրեն են վերաբերում, եւ եթե Ջավախյանն էլ է էդ բանը գլխի ընկել, կնշանակի՝ քաղաքի կեսն արդեն գիտի, որ ես ու երեսունհինգ տարվա ընկերս էս տեսակ տհաճ ու նողկալի փոխհրաձգության մեջ ենք հայտնվել, եւ էս շարունակվող փոխհրաձգությունը հատկապես ինձ համար է անցանկալի, որովհետեւ, եթե երեսունհինգ տարվա ընկերոջս համար հարցազրույցներն ու մշակութաբանական հոդվածները կյանքին ու գրականությանը հավասար բաներ են, ինձ համար էդ հարցազրույցն ու բանավեճերն ընդամենը ժամանակի անտեղի կորուստ են, եւ, բացի այդ, էդ հարցազրույցն ու անհեթեթ բանավեճերն ինձ հիմնովին են շեղում բռնածս հիմնական գործից, եւ եթե էս պահին մեր էս հեռակա ու անհեթեթ բանավեճն է՛լ եմ փորձում գրականության վերածել, դա ընդամենը հնարամտությանս ու ճարպկությանս արդյունքն է, չնայած, մյուս կողմից էլ որ մտածում եմ, հնարամտության ու ճարպկության հարց ընդհանրապես չկա, որովհետեւ, եթե ինքնակենսագրական վեպ ես գրում, իրավունք ու հնարավորություն չունես շրջանցել ընկերներիդ ընդհանրապես եւ երեսունհինգ տարվա ընկերներիդ հատկապես, որովհետեւ եթե նույնիսկ ձեր էդ երեսունհինգ տարիների ընկերությունը կեղծ է եղել, բնավ չի նշանակում, թե էդ կեղծ տարիների մասին հնարավոր չէ անկեղծորեն գրել, եւ էս դեպքում ամենամեծ կեղծիքն է՛ն կլինի, եթե էդ երեսունհինգ տարիներն ամբողջովին դուրս մղես կյանքիցդ եւ բոլորին ու առաջին հերթին ինքդ քեզ խաբելով՝ ձեւ անես, թե՝ էդ երեսունհինգ տարիներն ընդհանրապես գոյություն չեն ունեցել, ու հիմա ինչքան էլ ինձ ու ձեզ համոզեմ, թե՝ իմ ու ընկերներիս էդ երեսունհինգ տարիները ծայրեծայր կեղծիքով են լցոնված եղել, ինձ չի հաջողվի, որովհետեւ հիմա, երբ արդեն արժանի հակահարված եմ տվել իրենց, վերականգնված ու նորմալ հուն մտած միտքս ինձ ստիպում է մեր էդ երեսունհինգ տարիներից հիշել ու առանձնացնել դրվագներ, որոնք ճիշտ հակառակն են վկայում. այսինքն, վկայում են, որ էդ երեսունհինգ երկարուձիգ տարիների ընթացքում քիչ չեն եղել դեպքեր, երբ իրար ամենածանր պահերին օգնության ենք հասել, եւ հիմա, երբ հիշողությանս մեջ ավելի եմ խորանում, սկսում եմ հիշել, որ ավելի հաճախ իրենք են ինձ հասել, քան՝ ես իրենց, եւ հիմա, երբ զոքանչիս տնից վերադարձել ու Կայարանի մեր էս վերանորոգված բնակարանում էս յոթերորդ գիրքս եմ սկսել, էլի իրենք են ինձ օգնության հասնում. եթե մեր էս ամոթալի ու քստմնելի փոխհրաձգությունները չլինեին, մեր էս կապիտալ վերանորոգված բնակարանում հաստատ դժվարանալու էի էս յոթերորդ գիրքս ցրցամ տալ ու հունի մեջ գցել, որովհետեւ, ինչքան էլ Աբոյից ու իր բրիգադից դժգոհեմ ու բողոքեմ, իրենք բնակարանս էն աստիճանի են անճանաչելի դարձրել, որ էս նոր պայմաններում մտածելս ոչ մի կերպ չի ստացվում, ու ապշահար շարունակում եմ շուրջբոլորս զննել, ու էս տեղազննման գործընթացը վերջ չէր ունենալու՝ եթե ժամանակ առ ժամանակ մեր էդ անցանկալի ու քստմնելի փոխհրաձգության իրողությունն ինձ չշեղեր ու չկտրեր իրավիճակի փոփոխությունից ու էս անճանաչելի տեսարանից, եւ հիմա նույնիսկ էնքան եմ կարողանում մտածել, որ արդեն մտածելով՝ ինքս ինձ համար բացահայտում եմ, որ, հոգեւոր ու հոգեկան առումով, իրավիճակի փոփոխությունը ոչ թե բնակարանիս հետ է կապված, այլ՝ երեսունհինգ տարվա ընկերոջս ու իմ հարաբերությունների կտրուկ փոփոխության, եւ իր կողմից ինձ արված հերթական լավությունն էն էր, որ ինքն ամսագրում, օրաթերթում ու զանազան ակումբներում անունս չէր տվել եւ անունս ոչ մի տեղ չտալով՝ ինձ չտեսնված հնարավորություն էր տվել, որ ես էլ իմ հարցազրույցում ու գրքիս էս էջերում իր անունը չտամ. այսինքն, մեր էս փոխհրաձգությունն ավելի վիրտուալ է, քան՝ նույնիսկ երեսունհինգ տարվա մեր ընկերությունը, եւ էս պահին մտածելս էնքան լավ է ստացվում, որ հիմա արդեն հետին թվով մտածում ու հասկանում եմ, որ հեչ չարժեր հարցազրույց տալ եւ իր էդ հրաձգությունը փոխհրաձգության վերածել, որովհետեւ հիմա արդեն նորմալ մտածելով՝ սկսում եմ հասկանալ, որ իր հրաձգությունը փոխհրաձգության վերածելով՝ իրեն հանեցի հրաձիգի ու հրձիգի վիճակից եւ ինձ դրեցի էդ անցանկալի ու տհաճ վիճակի մեջ, եւ էսպիսի դեպքեր էլի են պատահել մեր երեսունհինգ երկարուձիգ գիտակցական ու անգիտակցական տարիների ընթացքում. այսինքն, ես էլ ի՛մ կարողության ու հնարավորության չափով եմ իրեն լավություններ արել եւ ահա էլի եմ անում՝ իրեն ծանր վիճակից հանելով ու ինձ ծանր ու տհաճ վիճակի մեջ դնելով, բայց էս պահին ինձ համար ամենակարեւորն էն է, որ իր շնորհիվ, ահա, էս յոթերորդ գիրքս միանգամայն բնական ձեւով սկսեցի էս անբնական վիճակներում, որովհետեւ քիչ առաջ էն զգացողությունն ունեի՝ ասես ուրիշի բնակարան եմ սողոսկել, մինչդեռ հիմա՝ հենց էս պահին էն զգացողությունն ունեմ, թե, ընդհակառակը, ուրիշն է իմ բնակարան սողոսկել, որովհետեւ էս անբնական վիճակիս մասին կարեւորագույնը չեմ ասել. բանն այն է, որ ես էս յոթերորդ գիրքս սկսեցի ու շարունակում եմ ոչ միայն բնակարանային անբնական ու անսովոր պայմաններում, այլեւ՝ արհեստական, անբնական ու դնովի ատամներով, որովհետեւ հորաքրոջս ատամնաբույժ որդին՝ Միքայելն ընդամենն էրեկ իրիկուն է էս պրոտեզս բերանիս հարմարեցրել, եւ արհեստական ատամներով էս մղձավանջային առաջին գիշերն արդեն լուսացրած՝ շարունակում եմ հնազանդ ու մեկին մեկ կատարել Միքայելի հրահանգն ու հորդորը, այն է՝ ինչքան էլ նեղություն պատճառի, ոչ մի դեպքում չհանել էս արհեստականը, ու ես էս անվերջ մզմզոցին մի կերպ դիմանալով՝ կատարում եմ Միքայելի հրահանգը եւ ահա այլեւս չդիմանալով՝ Միքայելի հաջորդ խոսքերն եմ հիշում՝ «մարդ արարածն ամեն ինչին էլ դիմանում ու վարժվում ա», եւ Միքայելին վստահելով ու հավատալով՝ շարունակում եմ դիմադրել ու դիմանալ, եւ չնայած հույս չունեմ՝ թե երբեւէ կվարժվեմ էս արհեստականներին, այդուհանդերձ, Միքայելին անվերապահորեն եմ հավատում, որովհետեւ Միքայելը ոչ թե սովորական ինչ-որ ատամնաբույժ է, այլ՝ իսկական մտածող ու փիլիսոփա, եւ էրեկ իրիկուն Միքայելն ինձ ասաց՝ «ինչքան էլ էդ պրոտեզդ նեղություն տա, նույնիսկ գիշերները չպիտի հանես. մենակ ուտելուց հետո կհանես, կլվանաս ու նորից կդնես», եւ ես ասացի՝ «բայց, ինչքան հիշում եմ, ծնողներս գիշերները պրոտեզները հանում՝ բանկայի մեջ էին պահում», եւ Միքայելը ժպտաց ու ասաց՝ «ո՛չ բոլոր հարցերում ծնողներից պիտի օրինակ վերցնենք» եւ միանգամայն լուրջ ավելացրեց՝ «էս պրոտեզդ էնքան պիտի բերանիցդ չհանես՝ մինչեւ էդ պրոտեզով վիճակդ բնական վիճակ դառնա, ու հենց հանես՝ էդ հանած վիճակը դառնա անբնական ու անսովոր», եւ ես ասացի՝ «հավատս չի գալիս, որ սրանց կվարժվեմ. արդեն սիրտս խառնում ա», եւ Միքայելն ասաց՝ «հենց սիրտդ խառնի՝ մի քանի անգամ քթով ուժեղ շունչ կքաշես, ու սրտխառնոցդ միանգամից կանցնի», եւ ես Միքայելին ասացի՝ «հեչ չեմ պատկերացնում՝ էս ատամներով ոնց եմ բան ուտելու», եւ Միքայելն ասաց՝ «ուտելու վախտ ոչ թե ուտելու մասին պիտի մտածես, այլ՝ ուրիշ բաների», եւ ես հարցրի՝ «ինչի՞ մասին մտածեմ», եւ Միքայելը ծիծաղելով ասաց՝ «գրող մարդ ես. ե՞ս պիտի քեզ մտածել սովորացնեմ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «էս ատամներով դժվար թե մտածելս ստացվի», եւ Միքայելն ասաց՝ «կամ էլ՝ ուտելու վախտ գիրք ես կարդում, որ ուշադրությունդ շեղվի», եւ ես ասացի՝ «տասնհինգ տարուց ավել կըլնի՝ գիրք կարդացած չկամ», եւ Միքայելն ասաց՝ «թերթ էլ կարաս կարդաս. այսինքն, ուտելուդ մասին չպիտի մտածես», ու ես քիչ առաջ հենց էդպես էլ արեցի. էսօրվա թերթերը, որ հատուկ էդ նպատակով կնոջս առնել էի տվել, ուտելուս ընթացքում աչքի էի անցկացնում, բայց թարսի պես էսօրվա թերթերում հետաքրքիր ու ուշադրություն շեղող որեւէ բան չկար, ու ես առանց շեղվելու՝ պոմիդորով ձվածեղս էի ուտում, եւ չնայած ուշքս ու միտքս ուտելս էր, էդ պոմիդորով ձվածեղի համն անգամ չէի զգում, եւ հիմա էս գրելս ու գրածս էլ չեմ զգում, այլ միայն՝ էս դնովի ու արհեստական ատամներիս ողջ անհարմարությունն ու արհեստականությունը, գումարած՝ էս վերանորոգված ու գրեթե անծանոթ բնակարանս, եւ հիմա արդեն էն զգացողությունն ունեմ, թե՝ իմ փոխարեն հիմա միանգամայն այլ մարդ է էս միանգամայն այլ բնակարանի միանգամայն այլ գրասեղանի մոտ նստած էս բաները գրում, եւ նվնվոցս ու տնքտնքոցներս կնոջս են հասնում, եւ կինս ասում է՝ «մարդ կա՝ ձեռներն ու ոտներն են պրոտեզ, բայց էդքան չի նվնվում ու տնքում», եւ կնոջս էդ ասածից հետո՝ հիմա արդեն մտածում եմ էն մարդկանց մասին, որոնց ձեռքերն ու ոտքերն են դնովի ու արհեստական, եւ ահա էդ մարդկանց վիճակում ինձ պատկերացնելով՝ հանգում եմ էն մտքին, որ մարդու ոսկրային համակարգում կարեւորագույնը ատամներն են, եւ հենց ատամների արհեստականն է ամենաանբնականն ու տհաճը, որովհետեւ, ինչպես պարզվում է, բնական ատամները ոչ միայն ծամելուն են նպաստում, այլեւ՝ մտածելուն, եւ առաջին հերթին՝ մտածելուն, ու հիմա նաեւ մտածում եմ, որ բնական ձեւով մտածելը միմիայն բնական ատամների առկայությամբ է հնարավոր, եւ բնական ատամներ ունեցողը երբեք ու ոչ մի դեպքում չի մտածի, թե՝ արհեստական ոտն ու ձեռն ավելի գերադասելի են արհեստական ատամներից, եւ, որ ամենակարեւորն է, բնական ատամներ ունեցողը ոչ թե ատամների մասին է մտածում, այլ՝ շատ ավելի կարեւոր բաների, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, թե արհեստական ատամներով մարդը կարեւոր բաների մասին չի մտածում. լավ էլ մտածում է, բայց անբնական ու արհեստական ատամներով մարդու համար ամենակարեւորն արդեն ատամներն են, ու էդ մարդը հենց է՛դ կարեւորի մասին է առավոտից իրիկուն մտածում՝ մանավանդ էդ տհաճ փորձաշրջանի առաջին օրերին, ու էդ կարեւորի մասին հիմա էսպես անընդհատ մտածելով՝ սկսում եմ հասկանալ նաեւ, որ արհեստական ատամներ կրողի մտածողության դաշտն էլ է ահագին նեղանում ու սահմանափակվում, եւ եթե ընդամենը մի քանի օր առաջ առողջ ատամներ ունեցողներին էի նախանձում, հիմա արդեն ամբողջ հոգով նախանձում եմ Ջավախյանին ու բոլոր նրանց, ովքեր վաղուց ի վեր ընտելացած են էս արհեստականներին, եւ չնայած արձակագիր ու արծաթավաճառ Ջավախյանը նախքան էս էլ էր համոզված, որ իրեն նախանձում եմ, հիմա ինքս էլ եմ սկսում դրանում համոզվել, եւ չնայած Միքայելը խոստացել է, որ ընդամենը տասնհինգ օրից էս արհեստականներիս արհեստականությունն այլեւս չեմ զգա, էս պահին ինձ համար աշխարհում ավելի խանգարիչ ու ավելորդ բան չկա, քան՝ էս պրոտեզս, եւ եթե հիմա էս ավելորդը չեմ հանում ու պատուհանից չեմ շպրտում, դրա պատճառն էն է, որ Միքայելին ոչ միայն հարգում եմ, այլեւ շատ եմ հավատում, եւ չնայած լնդերիս ցավն ավելի է ուժգնացել, հույսս ամենեւին չեմ կորցնում, որովհետեւ, Միքայելի ասելով, մարդիկ կան, որ արհեստական ատամներ դնելուց հետո առաջին մի քանի գիշերները ոչ մի կերպ չեն կարողանում քնել, մինչդեռ ես էս գիշեր մի գլուխ քնել ու զարթնել եմ, եւ չնայած լնդերիս ցավից էի ժամը մեկ քնում ու զարթնում, հիմա արդեն գիտեմ, որ Միքայելի ասած էն մարդկանցից չեմ, որոնք արհեստական ատամներով առաջին մի քանի օրը ոչ մի վայրկյան չեն կարողանում քնել, եւ եթե ուրիշներն ընդհանրապես չեն հաջողացնում քնել, ինձ մեկի փոխարեն քսան ու երեսուն անգամ հաջողվեց, եւ հիմա մտածմունքս էն է, թե՝ Միքայելի ասած էդ տասնհինգ օրերը երբ պիտի անցնեն, որովհետեւ արհեստական ատամների առկայությամբ ոչ միայն ուղեղիդ աշխատանքն է դանդաղում, այլեւ ժամանակն է սկսում դանդաղել, ու էստեղ են ասել՝ դարից երկար է ձգվում օրը, ու էս պահին միակ մխիթարությունս էն է, որ քնելու առումով լուրջ խնդիրներ չունեցա, եւ հիմա արդեն փորձում եմ պատկերացնել էն մարդկանց վիճակը, ովքեր արհեստական ատամներով առաջին մի քանի օրերին ոչ մի վայրկյան չեն կարողանում քնել, եւ Միքայելի ասելով՝ էդպիսիք շատ են, եւ ահա վերստին մտածելով ու հասկանալով, որ իմն ամենեւին էլ վատագույն տարբերակը չէ, սկսում եմ հոգեպես խաղաղվել ու խաղաղվելուս զուգընթաց հանկարծ հասկանում եմ, որ արդեն ահագին ժամանակ է՝ էս արհեստականներիս գոյությունը չեմ զգացել, եւ չնայած մի քանի ժամ է՝ դրանց մասին եմ գրում, բայց գրում եմ՝ առանց դրանց գոյությունն զգալու, մինչդեռ Միքայելն ասում էր, որ պիտի ընդհա՛նրապես էս արհեստականներիս գոյության մասին մոռանամ ու չհիշեմ, որպեսզի էս արհեստականներիս գոյությունն ու լինելիությունն անընդհատ չհետապնդեն ու չանհանգստացնեն ինձ, եւ չնայած արդեն մի քանի ժամ է՝ էս արհեստականներիս մասին եմ մտածում ու գրում, դրանք արդեն մի քանի ժամ է՝ ինձ չեն անհանգստացնում ու չեն հետապնդում, եւ սա արդեն միանգամայն հակասում է Միքայելի ասածին, բայց սա ամենեւին չի նշանակում, թե Միքայելը մասամբ է տիրապետում իր մասնագիտության կենսափիլիսոփայությանը, այլ ընդամենը նշանակում է, որ Միքայելն ընդամենը գրական պրոցեսից է անտեղյակ, եւ չնայած ինքս ամեն առավոտ էդ պրոցեսից անբաժան եմ եւ, կարելի է ասել, ծավալի իմաստով արդեն տարածաշրջանի ամենամարտունակ գրողն եմ, այդուհանդերձ, ինքս էլ լիարժեք պատկերացում չունեմ էդ պրոցեսի մի շարք առանձնահատկություններից ու արժանահատկություններից, եւ չնայած էս վերջին բառը հենց էս պահին բստրեցի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հենց էդ բառն է լավագույնս արտահայտում այն, ինչն էսքան երկարբարակ փորձում եմ բացատրել, եւ եթե հանկարծ պարզվի, որ էդ բառն ամենեւին էլ իմ բստրածը չէ, միեւնույն է, հենց է՛դ բառն է լավագույնս արտահայտում միտքս, այն է՝ գրական հանապազօրյա պրոցեսն ինձ շարունակաբար օգնել ու օգնում է մոռացության տալ ո՛չ միայն բուքմեյքերականում նախորդ օրվա տանուլ տվածս, այլեւ, ահա, արհեստական ատամներիս գոյության մասին է՛լ է օգնում մոռանալ. այսինքն, չնայած Միքայելն ինձ հորդորում էր ընդհա՛նրապես չմտածել էս արհեստականներիս մասին, ահա դուք վկա եք, որ ո՛չ միայն մտածեցի, այլեւ արդեն մի քանի էջ գրեցի դրանց մասին, եւ չնայած մտածեցի ու գրեցի, արդեն մի քանի ժամ է՝ դրանց գոյությունն արդեն չեմ զգում, եւ սա արդեն նշանակում է, որ մտածելը մի՛ բան է, իսկ մտածելով գրելը՝ միանգամայն ա՛յլ բան, ու էս ասածս նշանակում է նաեւ, որ եթե մտածելով մի բան ես գրում, հիմնականում ու ավելի շատ գրելո՛ւդ մասին ես մտածում եւ ոչ թե՝ մտածածիդ, եւ առնվազն ի՛մ դեպքում է էդպես, քանզի էս պահին ինձ մտքերիցս շեղողը ո՛չ միայն գրելու պրոցեսն է, այլեւ՝ կապիտալ ու անճանաչելիորեն վերանորոգված բնակարանս, որովհետեւ վերջին մի քանի տարիներին ինձ իմ բուն գործից շեղողը ո՛չ էնքան ատամներիս ահավոր ու անմխիթար վիճակն էր, ինչքան՝ բնակարանիս ահավոր ու անմխիթար վիճակը, եւ բնակարանիս հետ կապված խնդիրների լուծումը մշտապես ավելի կարեւոր եմ համարել, քան՝ ատամներիս հարցի լուծումը, եւ դա չափազանց բնական ու տրամաբանական է, որովհետեւ ատամներիս պակասությունը միայն ինձ էր նեղություն պատճառում, էն էլ՝ ավելի պակաս չափով, քան հիմա՝ էս պահին, մինչդեռ պակասավոր բնակարանս եւ բնակարանիս պայթած ու կիսապայթած խողովակները ո՛չ միայն ինձ էին իմ բուն գործից շեղում, այլեւ ընտանիքիս անդամներին էին մշտապես շեղում կյանքից ու ամեն ինչից, ու էս վերանորոգումը, ինչպես պարզվում է, չափազանց կարեւոր էր իմ ու ընտանիքիս անդամների համար՝ հատկապես է՛ն առումով, որ հիմա արդեն ընտանյոք հասկանում ու համոզվում ենք, որ տարիներ շարունակ մեր կողմից փափագված էս վերանորոգումը ոչնչով չի ավելացրել եւ, որ ամենակարեւորն է, առաջիկայում էլ չի ավելացնելու երջանկության մեր չափաբաժինը, եւ հիմա ընտանյոք ու յուրաքանչյուրս առանձին-առանձին մտածում ու հասկանում ենք, որ երկրային էս ժամանակամիջոցում երջանկության մեր բաժինն էնքան է՝ ինչքան որ կար ու գոյություն ուներ նախքան մեր բնակարանի վերանորոգումն ու վերակահավորումը, եւ եթե էս ընթացքում երջանկության ծեքծեքումներ, այնուամենայնիվ, զգացել ենք, էդ զգացողություններն ունեցել ենք ո՛չ թե վերանորոգումից հետո, այլ՝ վերանորոգման էդ երկուսուկես ամիսների ընթացքում. այսինքն, մենք ոգեւորությամբ ու ուրախությամբ ծախսում էինք մեր հաջողացրած վարկն ու էս վեպիս եկամուտները եւ միանգամայն երջանիկ էինք, որովհետեւ էդ ամբողջ ժամանակ հաճելի սպասման մեջ էինք, մինչդեռ հիմա, երբ վարկն ու վեպիս եկամուտներն ակնհայտ արդյունքի են վերածվել, ընտանյոք մտածում ու հասկանում ենք, որ էս պահի դրությամբ ամենեւին էլ ավելի երջանիկ չենք, քան՝ նախքան էս պահը, եւ եթե նախքան էս պահը միանգամայն հաճելի սպասման մեջ էինք, հիմա արդեն որեւէ բանի չենք սպասում եւ որեւէ բանի չսպասելով՝ արդեն գիտակցում ու հասկանում ենք, որ մեր էդ հաճելի սպասման լիքը ու բովանդակալից բոլոր պահերն ավարտվեցին ու պրծան, եւ մտածելու բան էլ առանձնապես չունենք, եւ նույնիսկ վարկի տակից դուրս գալու մասին չենք մտածում, որովհետեւ հասկանում ենք, որ առայժմ մեր վայելքի՛ ժամանակն է, եւ վայելքի ժամանակն էլ ընտանյոք միանգամայն այլ կերպ էինք պատկերացնում, մինչդեռ հիմա մեր էդ պատկերացրածն անգամ չենք կարողանում մեր մտապատկերի մեջ վերականգնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել