Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱԳԱՂԹԵԼԵՎ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 13,2008 00:00

Հյուսիսային պողոտան շղթայած ամոթխած ոստիկանների շարքը միանգամից առաջացնում է արտագաղթելու անզուսպ ցանկություն: Կարելի էր, թերեւս,

այդպես էլ անել, եթե իրականում վաղուց արտագաղթած չլինեինք:

Արտագաղթի այդ տեսակը կարող ենք կոչել «ներքին արտագաղթ»: Դա մի վիճակ է, երբ դու նեղացնում ես շփման քո շրջանակն անհնարինության աստիճան, երբ կենդանի իրադարձություններն ու մարդկանց փոխարինում ես ֆիլմերով, իսկ հարազատ հեռուստաեթերը՝ ինտերնետով, երբ սովորական օր անցկացնելը դառնում է իսկական ռեբուս, քանի որ այնքան քիչ են տեղերը՝ ուր կուզեիր լինել, ու այնքան քիչ՝ մարդիկ, որոնց կուզեիր տեսնել: Դա մի վիճակ է, երբ ֆիզիկապես դու Հայաստանում ես, իսկ իրականում դու վաղուց արդեն այն Հայաստանում չես, որը քեզ է պատկանել, այն երկիրը, որտեղ դու պետք ես, ու որը պետք է քեզ:

Ինչպես արտագաղթել՝

գիտեն բոլորը: Գիտի իմ ազգականների մեծաքանակ բանակը, որը ոչ միայն արտագաղթել է, այլեւ արմատակալել է հեռավոր բոստոններում ու լոսերում, ու որոնց ես երկար ժամանակ համառորեն հրաժարվում էի հասկանալ:

Գիտեն իմ համակուրսեցի-համադասարանցի տասնյակ ընկերները, որոնք այսօր դարձել են ֆոտոներ՝ «օդնոկլասնիկի.ռու» սայթում, ու որոնք արդեն երեսունն անց հասուն մարդիկ են՝ երբեւէ չվերադառնալու վճռականությամբ:

Գիտեն մեր բոլոր հարեւաններն ու ընկերները, որոնք հերթով լքում են մեզ՝ Հախվերդյանի երգի լավագույն ավանդույթներով, ու առանց որոնց՝ քաղաքը ավելի է համա-հոտազրկվում:

Գիտենք մենք բոլորս, քանի որ ԱՅՆՏԵՂ տանող ճանապարհները բազմաթիվ են ու կանչող, ամեն մեկին՝ իր չափին, իր ձգտումներին ու իր վախերին համապատասխան առաջարկներով:

Իհարկե, Հայաստանը միակ երկիրը չէ, որը լքում են, բայց այն միակ երկիրն է, որը մենք ենք լքում: Ու Հայաստանին ձոնված՝ տանկերով, զինվորներով ու ալլալեւոնյաններով լեցուն սարսափելի հայրենասիրական երգերի հետեւում բոլորովին ուրիշ հարցեր են, որոնց պատասխանները չեն գտնում իմ ընկերները, հարեւաններն ու բոլոր մյուսները՝ օդանավակայան գնալուց առաջ:

Ինչպե՞ս մնալ Հայաստանում.

ամենաբարդ հարցն է, որի պատասխանը դժվարանում է ամեն անգամ՝ Հյուսիսային պողոտայով անցնելիս, հեռուստաալիքները «թերթելիս» ու հայտնի դեմքերը տեսնելիս:

Պատասխանը դժվարանում է, երբ մեկ օրում ընդունվում է «Ա1+»-ը չվերաբացելու հաստատակամության մասին» ՀՀ օրենքը, երբ իրենց հավատարմությունն ապացուցելով՝ ՀՀ ԱԺ մի քանի տասնյակ պատգամավոր իրենց հաստատակամ ստորագրությունն են դնում այդ անհեթեթության տակ, երբ ոմն նախարար Երիցյան այնպես է խոսում ամբիոնից, ասես ինքն իրոք հավատում է իր ասածներին, ասես՝ ինքը գիտե, թե ինչ է պետք Հայաստանին, ասես՝ ինքը հենց այն է, ինչն այսօր պետք է Հայաստանին:

Ինչպե՞ս մնալ Հայաստանում: Դուք գիտե՞ք այդ հարցի պատասխանը: Հայաստանից գնալ՝ նշանակում է՝ կորցնել սեփական իդենտիֆիկացիայի մեծագույն բաժինը, նշանակում է՝ նորից սկսել հասկանալ՝ ով ես դու, ինչ ես քեզնից ներկայացնում: Նշանակում է՝ բոլորովին նոր մի ճանապարհ պիտի անցնես՝ դրսում քեզ իդենտիֆիկացնելու ու քո կոտրված կտորներից նորից մի ամբողջ դառնալու համար: Նշանակում է՝ երեխադ կորցնում է իր դպրոցն ու իր ընկերներին, դու կորցնում ես քո մտերիմներին, նշանակում է՝ ընտանիքը դառնում է մի ճոճվող նավակ, որին քամին այլեւս տնօրինում է իր հայեցողությամբ՝ Հախվերդյանի երգի լավագույն ավանդույթներով……

Ինչո՞ւ մնալ Հայաստանում,

եթե իրականում ոչինչ փոխել չես կարող, եթե չես կարող ընտրել՝ լինի նախագահ, թե թաղապետ, ու չես կարող ընտրվել, եթե չես կարող քվեարկել, իսկ չքվեարկելը երբեմն վտանգավոր է, եթե չես կարող բարձրաձայն ասել քո կարծիքը, ու նաեւ՝ բացարձակապես չես կարող լռել, քանի որ բնությունը շռայլորեն օժտել է մարդուն սրտանոթային հիվանդություններով:

Ինչո՞ւ մնալ Հայաստանում, եթե չես ցանկանում դառնալ քաղաքացիական ծառայող, քանի որ չի երեւում շարունակությունը, եթե չես ցանկանում դառնալ կամ մնալ ԱԺ պատգամավոր, քանի որ պարզ երեւում է շարունակությունը, եթե չես ցանկանում մնալ հեռուստալրագրող, քանի որ հեռուստաեթերը խիստ օրինաչափ է բաժանված նրանց ու նրանց միջեւ, ու նախագծերը, որ կուզեիր իրականացնել, ամեն անգամ կողպում ես դարակումդ, ու ինչո՞ւ մնալ Հայաստանում, եթե Երկիր մոլորակի վրա բազմաթիվ այլ հայաստաններ կան՝ արդեն նույնքան քեզ օտար ու նույնքան անտարբեր քո երեկվա, այսօրվա, էլ չեմ ասում՝ վաղվա հանդեպ:

Եթե պետությունը քեզ չի փնտրում, չի հարցնում քո կարծիքը, ուրեմն կարծիքն այլեւս մեկն է ու անվիճելի:

Ի՞նչ անել Հայաստանում,

երբ քո նախկին համադասարանցին, որը գուցե հիմա արդարադատության փոխնախարար է, քեզնից լավ գիտե, թե ինչ է խոսքի ազատությունը, քանի որ ինքն ունի ազատության լավ գծած սահմաններ, ու ինքը համաձայն է այդ սահմաններին: Բարեւե՞լ այդ նախկին համադասարանցուն, քանի որ նա քո անցյալի մի մասն է, թե՞ ասել նրան, որ ինքը հանդիսանում է արտագաղթելու քո՝ պարբերաբար ծագող ցանկության լոկոմոտիվներից մեկը: Շարունակե՞լ շփվել բոլոր նախկին եւ ներկա ընկերների հետ, որոնք չեն կորցրել հումորն ու ժպտում են իրար այնպես, ասես Հյուսիսային պողոտայում ոչ մի ոստիկան էլ չկա:

Գուցե բոլոր այդ նախկիններն ու ներկաները, որոնք ընկերներ են, իսկ երբեմն՝ ազգականներ, նո՞ւյնպես պատանդ են այս գունազրկված, հիվանդ մարդու արտաքինով Հայաստանում, գուցե նրանք բոլորը նո՞ւյնպես գտնվում են իրենց սեփական ներքին արտագաղթի մեջ:

Ի՞նչ ասել Հայաստանում,

երբ ասելիքն իրականում ոչ ոքի այլեւս պետք չէ, քանի որ պիտի բողոքես, իսկ բողոքելը, գիտեք, ամենահեշտ բանն է: Գուցե սկսել փոքրից, ինչպես սկսվել է իմ աղջկա դպրոցը, ու դարձնել այդ փոքրը լուսավոր ու մեծ մի աշխարհ, ու հետո հանգիստ խղճով արտագաղթել այդ աշխա՞րհը: Բայց հնարավո՞ր է արդյոք ստեղծել եւս մեկ նման կղզի, ու արդյոք ուզո՞ւմ ես հետագա ողջ կյանքդ ապրել կղզու վրա՝ խեղդելով երբեւէ լիարժեք երկրում ապրելու ցանկությունը:

Ավելի հեշտ է, իհարկե, նմանակել, ինչպես վերջերս արեց «Արմենիա» հեռուստաալիքի լրագրողուհին՝ ազդարարելով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային «մատչը»: Չէ՞ որ «ֆուտբոլային հանդիպումը» կամ «խաղը» հայերենում պետք է այլեւս «մատչ» կոչել, քանի որ կա արդեն նոր գերագույն-գլխավոր նմանակման օբյեկտ այսօրվա Հայաստանում, որը ստեղծում ու անխնա ներդնում է սեփական բառերն ու սեփական օրենքներն իր սեփական Հայաստանում:

Եվ ինչո՞ւ ասել որեւէ բան,

երբ կարելի է լռել ու հաշտվել, չէ՞ որ հաշտվում են այնքան շատերը, երբ ոմանք քայլում են իրենց կարծիքի, իրենց խոսքի, իրենց նվիրական ցանկությունների ու իրենց արժանապատվության վրայով, չէ՞ որ կյանքն, ի վերջո, շարունակվում է, ու մեր իմունիտետը հեզությամբ հաշտվում է տարբեր ոլորտներում այնպիսի մարդկանց սրընթաց վերելքի հետ, որոնք երեկ բուռն ծիծաղ էին առաջացնում:

Գուցե ճի՞շտ է պարոն նախարար Երիցյանը, որ իրենք «հաշվարկել են ու համոզված են», որ «թվայնացումը», նույն ինքը՝ խոսքի ազատությունը, Հայաստան կգա ուղիղ երկու տարուց եւ ոչ մի րոպե ուշ: Չէ՞ որ նա ինքը հավատում է իր ասածին, ու այնքան քաղցր է հավատում:

Իսկ հետաքրքիր է, ունի՞, արդյոք, հաշվարկ պարոն Երիցյանը, թե մինչեւ այդ բաղձալի թվայնացումը իմ եւ իր ընկերներից ու հարեւաններից եւս քանիսը կլքեն այս անալոգային երկիրը ու կգնան արդեն թվայնացված ու իրենց վաղուց կանչող երկրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել