Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մարդ եմ» կինոփառատոնը՝ Նոյեմբերյանում

Սեպտեմբեր 13,2008 00:00

Օրերս Նոյեմբերյան քաղաքում անցկացվեց Մարդու իրավունքների եւ խաղաղության հարավկովկասյան «Ես մարդ եմ» կինոփառատոնը։ Այդ մշակութային իրադարձությունը կոչված է աշխարհի ամենաթեժ տարածաշրջաններից մեկում՝ Հարավային Կովկասում, խաղաղության հաստատմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը։

Փառատոնն իր ոճի մեջ յուրահատուկ էր եւ ընդհանուր առմամբ նորություն էր Տավուշի մարզի համար։ Ուրախալին այն է, որ նման ծրագրերը մայրաքաղաքից տեղափոխվում են մարզեր՝ սահմանամերձ շրջաններ։ Եռօրյա կինոդիտումները անցկացվեցին Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տան դահլիճում, ցուցադրվեց 6 միջազգային վավերագրական ֆիլմ, որոնց հետեւում էին հետդիտումային քննարկումներ։

Փառատոնի հանդիսատեսներն էին Նոյեմբերյան, Բերդավան, Կողբ, Կոթի եւ Ջուջեւան համայնքների ՏԻՄ-երի ներկայացուցիչները, ավագանու անդամները, ուսուցիչներ, հ/կ-ների ներկայացուցիչներ եւ շարքային քաղաքացիներ։

Ծրագրի համար պարտադիր պայման էր հատուկ հյուրի ներկայությունը։ Փառատոնի հատուկ հյուրն էր վրաց-օսեթական քաղաքացիական ֆորումի հիմնադիր անդամ Մարինա Մեղվիլդիշվիլին։ Փառատոնին ներկա էր նաեւ վրացի անկախ լրագրող Իրակլի Չիխլաձեն։

Փառատոնը վարում էր Տավուշի մարզային «Տեսանկյուն» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող Ոսկան Սարգսյանը։ Կինոդիտումներին զուգահեռ անցկացվեցին մարդու իրավունքների, խաղաղության եւ համերաշխության թեմաներով ցուցահանդես-մրցույթներ։ Նկարների հեղինակներն էին Նոյեմբերյանի թիվ 1, 2, Կոթիի, Դովեղի եւ Բերդավանի միջնակարգ դպրոցների եւ Նոյեմբերյանի ու Կողբի գեղարվեստի դպրոցների սաները։ Նկարների ցուցահանդես-մրցույթում, բացի մրցանակային երեք տեղերից, եղան նաեւ անվանակարգային մրցանակներ։

Փառատոնն անց է կացվելու Հարավային Կովկասի 6 պետությունների 27 բնակավայրերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել