Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Սեպտեմբեր 13,2008 00:00

Ազգային փոքրամասնությունները «քննում» են մեր տարածաշրջանը

Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին ՀՀ-ում Հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Սիտարովը, Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայաթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը: Նրանք խոսեցին ՀՀ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման, վրաց-օսեթական հակամարտության եւ տարածաշրջանային այլ զարգացումների մասին: Ա. Սիտարովը նշեց. «Չնայած կողմնակից էինք Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը, բայց նաեւ, Դաշնակցության հետ կանգնած, Գյուլին հիշեցնում էինք, որ հույներն ու թուրքերն ունեն լուրջ պատմական խնդիրներ, որոնք չեն մոռացվել: Մյուս կողմից էլ հարեւանի հետ թշնամի լինելով հարց չի լուծվում: Հազարավոր հայ քաղաքացիներ աշխատում են Թուրքիայում, ուստի պիտի փորձ արվի ավելի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել այդ երկրի հետ»: Լրագրողները ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հիշեցրին թուրք պաշտոնյաներից մեկի այն հայտարարությունը, թե ժամանակին Թուրքիայի կողմից կատարված ոճրագործությունների համար ներողություն պիտի խնդրել ազգային փոքրամասնություններից: Նրանց հետաքրքրեց, թե այդ դեպքում միայն ներողությունը բավակա՞ն է: «Այդ խնդիրները պատմությունը չի կարող մոռանալ եւ միայն ներողությունով հարց չի լուծվի»,- ասաց Ա. Թամոյանը: Իսկ Ի. Գասպարյանը նկատեց. «Թուրքիայի ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ ղեկավարությունը պիտի հասունանա, որ ներողություն խնդրի, սակայն դա բավարար չէ, այն ընդամենը առաջին քայլն է»: Իսկ Ա. Սիտարովը զարմացած է. «Մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող հավատալ, որ թուրք պաշտոնյան կարող է հայտարարել, թե իրենք պատրաստ են ներողություն խնդրել»:

Տարածաշրջանային զարգացումները քննելիս՝ ՀՀ-ում հույների առաջնորդը նկատեց. «Այսօր Ռուսաստանի դերը այս տարածաշրջանում կտրուկ աճել է, ինչի պատճառով Թուրքիան շատ բան կարող է կորցնել»: Ազիզ Թամոյանն այլ կարծիքի է. «Թուրքերը խորիմաստ մարդիկ են եւ իրենց գործը լավ գիտեն: Այժմ նրանք իրենց քայլերով ուզում են Հայոց ցեղասպանության հարցը որոշ ժամանակով սառեցնել»: Վրաց-օսեթական հակամարտության մասին խոսելիս՝ ազգային փոքրամասնությունների ղեկավարները նշեցին, որ իրենց հայրենակիցները վնասներ են կրել: Ա. Թամոյանը տեղեկացրեց. «Պատերազմի առաջին՝ անմարդկային գիշերը կատարվածը շատ ծանր տարավ եզդի հասարակությունը: Եթե Վրաստանի ղեկավարությունը այդ տարածքները իր սեփականն էր համարում, չպիտի այդպես բարբարոսաբար վարվեր այդ տարածքներում ապրողների հետ: Իսկ Ռուսաստանին մեղադրելու իրավունք չունենք, քանի որ այդ տարածքներում ապրողների մեծամասնությունը ռուսներ են, ի՞նչ է՝ մարդիկ իրենց ազգին չպաշտպանեի՞ն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել