Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԶԱՑՆԵԼՈՎ»՝ ԵՐԱԺԻՇՏ ՉԵՍ ՊԱՏՐԱՍՏԻ

Սեպտեմբեր 13,2008 00:00

Երաժշտական կրթօջախ ղեկավարելու համար նույնպես տաղանդ է պետք

Ցավոք, պիտի նորից անդրադառնանք Սայաթ-Նովայի անվան դպրոցում ստեղծված տխուր իրավիճակին: «Ցավոք», որովհետեւ այդ դպրոցը ղեկավարում է շնորհաշատ երաժիշտ Տիգրան Հեքեքյանը, որը, որպես խմբավար, անշուշտ, մեծ ներդրում ունի մեր ժամանակակից երաժշտական մշակույթում: Բայց տաղանդավոր խմբավար լինելը եւ հայտնի, հարուստ ավանդույթներով երաժշտական կրթօջախ ղեկավարելը տարբեր տիպի գործունեություններ են. երկրորդի համար պետք է միանգամայն այլ տեսակի տաղանդ՝ տաղանդ, որով օժտված է, օրինակ, նույն դպրոցը տասնամյակներ շարունակ ղեկավարած Պետրոս Հայկազյանը:

Երաժշտական դպրոցների աշակերտների եւ, հետեւաբար, ուսուցիչների քանակը կրճատվում է: Դա, դժբախտաբար, օբյեկտիվ գործընթաց է՝ պայմանավորված հասարակական մթնոլորտի, ծնողների եւ երեխաների «հոգեւոր պահանջարկների» փոփոխությամբ: Բայց, կարծում եմ, հնարավոր է գոնե մայրաքաղաքի կենտրոնում պահել մի քանի դպրոց, որտեղ վերը հիշատակած «մթնոլորտը» այնքան էլ քայքայիչ ազդեցություն չունենա: Սայաթ-Նովայի դպրոցն այդպիսին չդարձավ, եւ դրա մեղավորը վերջին 5 տարում դպրոցի ղեկը ստանձնած Տիգրան Հեքեքյանն է: Այս տարիների ընթացքում դպրոցից հեռացել են մի քանի տասնյակ ուսուցիչներ, եւ դժվար է պնդել, որ նրանք ամենավատ, ամենաանարժան մանկավարժներն էին: Վերջերս, օրինակ, ազատման դիմում գրեց Էլզա Թանդիլյանը, որը (չվախենանք վերամբարձ բառերից) մարմնավորում էր դպրոցի ոգին եւ դաստիարակել էր բազմաթիվ աշխարհահռչակ դաշնակահարներ: Գուցե կրթօջախի հետընթացի պատճառը Տ.Հեքեքյանի բազմազբաղ լինելն է՝ նրա գլխավոր եւ հիմնական աշխատանքը մանկական երգչախումբն է, որին նա, ի դեպ, ծառայեցնում է դպրոցի տարածքը: Բացի այդ, խմբավարը կոնսերվատորիայի պրոֆեսոր է, եւ դա էլ, հավանաբար, աշխատատար գործ է: Առանց իմանալու եւ խորանալու, թե ով ինչպես է աշխատում, ով ինչով է ապրում, իհարկե, դժվար է կոլեկտիվ ղեկավարել:

Բայց «համատեղությամբ տնօրեն» աշխատելը միակ խնդիրը չէ: Դպրոցի տնօրինությունը մանկավարժների հետ պայմանագիր է կնքում 10 ամսով՝ այդպիսով չվճարելով արձակուրդայինները: Ամեն սեպտեմբերի 1-ին դասատուները դողդողալով գալիս են աշխատանքի՝ առանց իմանալու՝ արդյոք իրենց հետ նոր պայմանագիր կնքե՞լ են, թե՞ ոչ: Չգիտեմ, որքանով է դա օրինական՝ եթե ես իմ մասնավոր հիմնարկում նման ձեւով աշխատեի, ապա հարկայինը եւ աշխատանքի տեսչությունը ինձ կտուգանեին աստղաբաշխական գումարներով: Ըստ տրամաբանության, պետական դպրոցում այդ հարցերը պիտի ավելի խիստ ձեւով դրված լինեին: Բայց օրինականության հարցը դատարանի որոշելիքն է՝ վերջերս «կրճատված» 4 դասատուները դիմել են դատարան: Այստեղ ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք՝ նման «աշխատաոճը» էապես մեծացնում է աշխատողների կախվածությունը գործատուից. մանկավարժները հասկանում են, որ ամեն ինչ կախված է տնօրենի քմահաճույքից՝ ցանկացած տարի նա կարող է իր հայեցողությամբ կնքել կամ չկնքել նոր պայմանագիր: Եվ քանի որ դպրոցում չկան հստակ, հրապարակային չափանիշներ, թե ով է լավ աշխատում, իսկ ով՝ վատ, միակ չափանիշն է դառնում անձնական նվիրվածությունը, սեփական կարծիք չունենալը, «շեֆի» խոսքերը եւ հրահանգները որպես վերին ատյանի ճշմարտություն ընկալելը:

Հասկանում եմ, որ մարդկանց ստրկացնելը, ստորացնելը կամ, ինչպես կասեին մեր օրենսդիր «ինտելեկտուալները»՝ «կզացնելը» միանգամայն համապատասխանում է այսօրվա Հայաստանի ոգուն: Բայց արդյո՞ք դա պիտի տարածվի նաեւ մշակույթի վրա: Մասնավորապես, երաժշտական օջախ ղեկավարելը, իմ տպավորությամբ, պահանջում է որոշակի վեհանձնություն, եթե կուզեք՝ արիստոկրատիզմ: Այդ տպավորությունս հիմնված է իմ անձնական փորձի վրա, որովհետեւ բախտս այս առումով բերել է: Իմ ուսման տարիներին Սայաթ-Նովայի դպրոցի տնօրենն էր արդեն հիշատակված Պետրոս Հայկազյանը, Չայկովսկու անվան դպրոցը ղեկավարում էին Սերգեյ Քեոսայանը, այնուհետեւ՝ Տատյանա Հայրապետյանը, իսկ կոնսերվատորայի ռեկտորն էր Ղազարոս Սարյանը, որը խորհրդային անազատության պայմաններում ստեղծել էր Հայաստանի (վստահաբար կարող եմ ասել) ամենաազատ բուհը: Այդ մարդիկ, չափազանց տարբեր լինելով, հասկանում էին մի շատ կարեւոր բան. «կզացնելով» երաժիշտ չես պատրաստի: Ավելին ասեմ՝ այդպես հնարավոր չէ նաեւ Մարդ պատրաստել:

Հ. Գ. Բնականաբար, մենք չենք պատրաստվում մեր հետագա անդրադարձը կառուցել միայն ուսուցիչների եւ ծնողների գրավոր բողոքների վրա, որոնք «առատորեն» առկա են մեր խմբագրությունում: Հնարավորություն կտրվի արտահայտվել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ հարգարժան պարոն Հեքեքյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել