Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 13,2008 00:00

Հայաստանում սպասում են Դավիթ Նալբանդյանին

\"\"Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը սեպտեմբերի վերջին առաջին անգամ ժամանելու է նախնիների հայրենիք՝ Հայաստան: Նախատեսված է, որ արգենտինացի մեր հայրենակիցը հոկտեմբերի 2-ին այստեղ ցուցադրական խաղեր կանցկացնի, ինչպես նաեւ կմասնակցի թենիսի դասընթացների:

Մեր նշանավոր հայրենակցի՝ Հայաստան ժամանելու հավանականության մասին ամիսներ առաջ ասում էր մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը: Բայց այն ժամանակ քչերն էին հավատում դրան:

Արա Աբրահամյանը չի հանձնվում

\"\"Շվեդիայի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ըմբիշ, գյումրեցի Արա Աբրահամյանը, որին Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ ոչ մարզական պահվածքի համար ՄՕԿ-ը որակազրկել է եւ անվերադարձ ետ վերցրել օլիմպիական բրոնզե մեդալը, շարունակում է պայքարել արդարության եւ իր իրավունքները վերականգնելու համար: Նա գանգատ է ներկայացրել սպորտի արբիտրաժային դատարան: «Ասոշիեյթեդ Պրեսս» գործակալության փոխանցմամբ, Արա Աբրահամյանը պահանջում է որակազրկման պատիժը փոխարինել նախազգուշացմամբ:

Հիշեցնենք, որ Արան ամառային 29-րդ օլիմպիական խաղերում 84 կգ քաշայինների, որտեղ արժանացել էր բրոնզե մեդալի, պարգեւատրման արարողության ժամանակ մեդալն ստանալուց հետո իջել էր պատվանդանից, ցուցադրաբար, ի նշան կողմնակալ մրցավարության դեմ բողոքի, պարգեւը նետել մրցագորգի վրա ու հեռացել էր: Հետո 33-ամյա մարզիկն իր այդ քայլի իմաստն ու նպատակը լրատվամիջոցներին պարզաբանել էր այսպես. «Ինձ այս մեդալը պետք չէր: Ես «ոսկի» էի ուզում: Ես Աթենքում «արծաթ» էի նվաճել: Սա իմ վերջին նշանակալի մրցաշարն էր, հետեւաբար, ես այն ձախողված եմ համարում»: Իսկ Շվեդիայի հավաքականի մարզիչը նման մրցավարությունը «քաղաքական» էր գնահատել:

Սպորտային արբիտրաժային դատարանը արդեն մեկ անգամ որոշում է կայացրել Արա Աբրահամյանի օգտին՝ արձանագրելով, որ կիսաեզրափակիչում մարզիկին հանիրավի տուգանք է նշանակվել, ինչը որոշել է մարտի ելքը հօգուտ իտալացի մրցակցի, իսկ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նրա մարզչին մերժել է տրամադրել պահի կրկնապատկերը եւ հրաժարվել քննարկել բողոքարկումը:

Արա Աբրահամյանի նոր գանգատի շուրջ միջազգային արբիտրաժային դատարանը որոշում կայացնելու է չորս ամսվա ընթացքում:

Հատկացվել է շուրջ 150 միլիոն դրամ

\"\"Հինգշաբթի տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստը 150 միլիոն դրամ (ավելի քան $ 495 հազար) է հատկացրել Պեկինում կայացած ամառային օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին դրամական խրախուսական մրցանակներ հանձնելու համար: Այդ առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի օլիմպիական հավաքականը Պեկինում օլիմպիական խաղերին մասնակցած 204 երկրների ոչ պաշտոնական հաշվարկում գրավել է 37-րդ տեղը: «Հայ մարզիկները Պեկինում վեց բրոնզե մեդալ են նվաճել, եւ մենք դրա համար ցանկանում ենք խրախուսել նրանց, մարզիչներին ու բժիշկներին»,- ասել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր կողմից ավելացրել է, որ կառավարության այս որոշումը հայաստանցի մարզիկներին եւ նրանց հետ աշխատած մասնագետներին շնորհավորելու եւ ոգեւորելու եւս մեկ հնարավորություն է: «Կարծում եմ, որ այսպիսի ուշադրությունը նոր խթան կհանդիսանա ավելի նպատակասլաց մարզվելու համար»,- ասել է վարչապետը:

ՀԵՌԱՑՎԵԼ Է ԿՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի եւ Կազանի «Ռուբին» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմի անդամ, հարձակվող Գեկդենիզ Կարադենիզը Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում Բելգիայի հավաքականի հետ հանդիպման մեկնարկային ցուցակ չի ընդգրկվել հավաքականի ավագ Էմրե Բելեզօղլուի հետ կռվելու համար:

Դա տեղի է ունեցել թիմի խաղացողներին տեղափոխող ավտոբուսում: Հավաքականի ավագ Բելեզօղլուն, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, բջջային հեռախոսով երկար խոսելու համար Կարադենիզին դիտողություն է արել, ինչին վերջինը «չոր» պատասխան է տվել: Դրան հետեւել է նրանց միջեւ ձեռնամարտը:

Դրանից հետո մոր հիվանդության պատճառաբանությամբ թիմը լքել է նաեւ Էմրեն: Թուրքական «Milliyet» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆատիխ Թերիմը մտադիր չէ պատժել Բելեզօղլուին: Իսկ պաշտոնական հաղորդագրություններում նշված է, թե Կարադենիզին Բելգիայի հետ խաղին մասնակցելուն խանգարել է վնասվածքը:

Կողոպտիչն ինքն է զոհ դարձել

\"\"Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գլխավոր երկաթուղային կայարանի մատույցներում ռումինացի գործազուրկ վտարանդին օրը ցերեկով որոշել էր կողոպտել երիտասարդ մի կնոջ՝ չենթադրելով, որ ենթադրյալ «զոհը» կարատեից աշխարհի քառակի չեմպիոն Լառա Լյոտեն է:

Տղամարդը մոտեցել է նրան, խնդրել ծխախոտը վառել: Իսկ երբ լսել է, որ չի ծխում, հարձակվել է վրան: Լյոտեն գրոհին պատասխանել է դեմքին երկու հարվածով, որից հետո տղամարդը նոկաուտի մեջ տապալվել է գետնին: Ականատեսների վկայությամբ՝ այդ ամբողջ ընթացքում անցորդներից ոչ ոք երիտասարդ կնոջը օգնելու փորձ անգամ չի արել: Կատարվածից հետո Լյոտեն վազել է մետրոպոլիտենի մոտակա կայարան եւ ոստիկանությանը տեղեկացրել տեղի ունեցածի մասին: Վերջինս հասցրել է մինչեւ կողոպտչի ուշքի գալը հասնել դեպքի վայր եւ նրան կալանավորել: Իսկ սեւ գոտու տիրակալ Լառա Լյոտեն շնորհավորանքներ է ընդունում եւ գովասանքի խոսքեր լսում:

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

\"\"Շվեյցարական «Infront Sports & Media» ընկերությունը, որն ամառային 29-րդ օլիմպիական խաղերում ֆուտբոլի Չինաստանի հավաքականի հովանավորն էր, այդ պահանջը ներկայացրել է թիմի անհաջող մրցելույթներ ունենալու պատճառով:

Ընկերության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ ֆուտբոլի Չինաստանի օլիմպիական հավաքականի՝ նախնական մրցաշարից դուրս մնալը վնասել է «Infront Sports & Media»-ի բյուջեին եւ խախտել գովազդային պլանները: Իսկ այդ ամենի համար Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան ոչ մի հայտարարություն չի արել:

Օլիմպիական խաղեր 2008-ում ֆուտբոլի Չինաստանի հավաքականը տղամարդկանց մրցաշարի ընտրական մրցաշարում՝ «C» խմբում, գրավել է երրորդ տեղը՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Առաջին խաղում չինացիները 1:1 են արել Նոր Զելանդիայի հետ, որից հետո պարտվել են Բելգիային 0:3 խոշոր հաշվով:

Երանի ձեզ

\"\"Չնայած ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ տարած 4:0 խոշոր հաշվով հաղթանակին, Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն դժգոհ է մնացել իր սաների խաղից:

«Մենք խաղադաշտում չափից ավելի շատ ժամանակ անցկացրինք՝ առանձնապես ոչինչ չանելով: Եվ միայն հանդիպման լավագույն երեսուն րոպեները մեզ արդյունքի հասցրին: Թիմը պետք է առանձնակի ուշադրություն նվիրի առանց գնդակի խաղին: Լավ թիմը նաեւ այս առումներով պետք է լավը լինի: Ասեմ նաեւ, որ մենք չափից ավելի էինք կենտրոնանում եզրերում»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:

ՄԻՐԱՆԴԱՆ ՈՒՇՔԻ Է ԵԿԵԼ

«Boxingscene. com» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ կոլումբիացի Էդիսոն Միրանդան, որին Արթուր Աբրահամն այս ամառ ԱՄՆ-ում նոկաուտի ենթարկեց հինգերորդ ռաունդում, ռինգ է վերադառնում: Պարտությունից հետո Միրանդայի այս առաջին մենամարտը նշանակված է նոյեմբերի 11-ին՝ Հոլիվուդում: Սակայն մինչեւ այսօր նրա ապագա մրցակցի անունը հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել