Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ ԱՌԱՐԿԱՅԻՆ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Սեպտեմբեր 13,2008 00:00

Տնօրենների անուշադրության պատճառով խաղահրապարակները վերածվել են ամայի տարածքների

\"\"Արդեն տասն օր է՝ հանրապետության հանրակրթական դպրոցներում սկսվել է ուսումնական տարին: Մինչ սեպտեմբերի 1-ը դպրոցների տնօրենները ջանք ու եռանդ չեն խնայել դասասենյակները հնարավորինս կարգի բերելու համար, փուչիկներ ու ծաղիկներ են կախել միջանցքներում: Նրանց համար, կարծես, կարեւոր են միայն դասասենյակներում անցկացվող առարկաների պարապմունքները, բայց ֆիզկուլտուրան, որի «դասարանը» բացօթյա խաղահրապարակն է ու մարզադահլիճը, եւ որը նույնպես հանրակրթական առարկաների ցանկում է՝ ամբողջությամբ մատնված է անուշադրության:

Անմխիթար մարզադահլիճներ

Առարկաների նկատմամբ այդպիսի խիստ տարբերակված մոտեցումն աչքի է ընկնում հատկապես մարզերում: Մասնավորապես՝ Էջմիածին քաղաքում մեր լուսանկարչական ապարատը ֆիքսել է, թե ինչ անտերության են մատնված դպրոցների բացօթյա խաղահրապարակները: Այն տպավորությունն էր, ասես, մայիսյան «վերջին զանգից» հետո դրանց ձեռք չի կպել: Այս փաստը որոշ տնօրեններ կապեցին դասապրոցեսը նոր սկսվելու հետ, սակայն դա ամենեւին էլ արդարացում չէ եւ կարելի էր մարզահրապարակը «զարդարող» մեկ մետր բարձրության խոտը վաղօրոք մաքրել: Թեթեւ մաքրությունը հաստատ տնօրեններին լրացուցիչ ֆինանսական ծանրություն չէր պատճառի: Պարզապես, նրանք լուրջ չեն վերաբերվում առարկային, թեեւ արդեն քանի տարի է՝ ֆիզկուլտուրան ավարտական քննական առարկա է:

\"\"Նոր հունի մեջ ընկնելու մի պատճառաբանությամբ էլ հանդես եկավ Էջմիածնի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանը, զրույցի ընթացքում իր անտարբերությունը բարդելով շենքի անբարեկարգ լինելու եւ այլ հանգամանքների վրա, ինչն ամենեւին կապ չուներ խաղադաշտի տարածքից աղբի հեռացման ու խոտի մաքրման հետ: «Իրոք, տարածքը բարեկարգ չէ: Ոչ միայն բացօթյա մարզահրապարակն է այդ վիճակում, որտեղ անցկացվում են դասերը, այլեւ մարզադահլիճն է շատ անմխիթար: Դրա պատճառն այն է, որ դպրոցի շենքը կառուցվել է 1939թ. եւ այդ օրվանից հիմնանորոգման չի ենթարկվել: Ծնողները գրավոր դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նա պատասխանել է, որ 2009-ին նախատեսված են վերանորոգման աշխատանքներ»:

\"\"Վերադառնալով բուն թեմային՝ Հ. Մարտիրոսյանն ավելացրեց. «Ֆիզկուլտուրա առարկայի համար շատ բան անհրաժեշտ չէ, նորմատիվներով ինչ պահանջվում է՝ այդ տարրական պայմաններն ապահովում ենք: Բացօթյա հրապարակում կարող ենք անցկացնել շարային պատրաստականություն, վազք, ցատկեր, թեթեւ ատլետիկական այլ ձեւերի պարապմունքներ, իսկ խաղային ձեւերի դասերը դահլիճում են արվում: Դասապրոցեսը նոր է սկսվել, այդ խոտը տարածքից կմաքրենք»: Իսկ մինչ այդ, աշակերտները, հավանաբար, վազքի ժամանակ դեռ ստիպված են լինելու հաղթահարել խոտածածկ բնական արգելքները, ինչն ավելի շատ կհիշեցնի ռազմագիտության առարկայի պարապմունքներ:

«Մենք էլ ենք գիտակցում, որ առարկայի նկատմամբ ուշադրությունն առավել մեծ պետք է լինի: Բայց հարկադրված ենք այսօր բավարարվել միայն մարզահրապարակով, որը վերանորոգման խիստ կարիք ունի: Ասֆալտը քայքայվել է: Այնտեղ խաղալը կամ միջոցառում կազմակերպելը ֆիզկուլտուրայի ուսուցչի համար լրացուցիչ պատասխանատվություն է, քանի որ երեխաները կարող են մարմնական վնասվածքներ ստանալ»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Էջմիածնի թիվ 13 դպրոցի տնօրեն Սահակ Զաքարյանը: Նրա պատմածից պարզվեց, որ այս դպրոցն այսօր մարզադահլիճ էլ չունի: Դպրոցի տարածքների մի մասը, որտեղ գտնվել է նաեւ դահլիճը, պատկանել է Մայր աթոռին, որը վերջերս ետ է վերցրել: Փաստորեն, այս դպրոցի սաները ձմռանը ֆիզկուլտուրայի դասերը ստիպված անցկացնում են ձյան վրա՝ վերարկուներով ու ճտքավոր կոշիկներով: «Մեր դահլիճն այնքան բարվոք վիճակում էր ու հագեցած, որ տարածաշրջանում դրա նմանը դժվար գտնվեր: Բայց հիմա ընկել ենք այն վիճակի մեջ, որ ամեն ինչ պիտի զրոյից սկսենք: Դպրոցն այդ միջոցները չունի, կախարդական փայտիկ էլ չկա, որ խփենք գետնին՝ մարզադաշտ հայտնվի: Ինձ թվում է՝ կգտնվեն կազմակերպություններ կամ անհատներ, որոնք իրենց հայացքը կուղղեն դպրոցին»,- ավելացրեց տնօրենը: Նրա ասելով՝ դպրոցի մարզադահլիճի հարցն ընդգրկված է դպրոցի զարգացման հեռանկարային 5-ամյա պլանում:

Մեզ հետ խուսափեց հանդիպել թիվ 2 դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը: Երբ ուսուցիչների միջոցով նրան փոխանցեցինք, թե ինչն է լինելու մեր զրույցի թեման՝ միանգամից «վատացավ»: Սակայն երբ, այնուամենայնիվ, մտանք նրա աշխատասենյակ, տեսանք, որ տնօրենն առողջության հետ կապված խնդիրներ չուներ եւ իր սենյակում մի քանի հոգու հետ, պարզապես, «մինի» քեֆ էր անում: Խուսափելու պատճառն էլ հայտնի է՝ ասելիք չուներ: Մարզահրապարակը փոքր ասֆալտապատ մի տարածք էր, որն ավելի շատ երկու մասնաշենքերն իրար կապող միջանցքի դեր էր կատարում: Գուցե այդ էր պատճառը, որ բասկետբոլի վահանակները ժամանակի ընթացքում ժանգոտել էին, իսկ զամբյուղներից մեկն անհետացել էր:

Իսկ թիվ 1 դպրոցն ընդհանրապես մարզահրապարակ չունի, եւ աշակերտները ստիպված ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են դահլիճում, ինչը տարվա այս եղանակին խորհուրդ չի տրվում եւ ցանկալի էլ չէ: «15 տարի առաջ այդ տարածքը վաճառվել է չգիտեմ էլ՝ թե ում, եւ հիմա մնացել ենք միայն դահլիճի հույսին»,- ասաց տնօրեն Կարինե Հովակիմյանը:

Այս ամենից հետո դժվար չէ ենթադրել, թե ինչ վիճակ է գյուղերում, որոնց զգալի մասում, ենթադրվում է, որ ֆիզկուլտուրայի դասեր անցկացնելը պետք է որ գրեթե անհնարին լինի:

Դասաժա՞մ, թե՝ «շա՜տ մեծ դասամիջոց»

Ինչպես մնացած բոլոր առարկաները, այնպես էլ ֆիզկուլտուրա առարկան ունի ուսումնական ծրագիր, սակայն դա կյանքի չի կոչվում: Կանխամտածված դպրոցներ այցելեցինք հատկապես ժամը 11-13-ն ընկած ժամանակահատվածում, երբ դասերն ավարտված չլինեն: Սակայն ապարդյուն՝ չհանդիպեցինք գեթ մի ուսուցչի, որ դասն անցկացներ ուսումնական պլանի համաձայն: Այդ 45 րոպեն ավելի շատ հիշեցնում էր աշակերտների համար դասասենյակներից «դուրս պրծնելու» լավ հնարավորություն, որի ընթացքում կարող են անել իրենց սրտի ուզածը: Պարտադիր է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը աշակերտներին ներկայանա մարզազգեստով, սակայն նման փաստի էլ ականատես չեղանք (բացառությամբ թիվ 1 դպրոցի): Այս հանգամանքը եւս մեկ անգամ հաստատում է համատարած անտարբեր վերաբերմունքը այդ առարկայի հանդեպ: Ֆիզկուլտուրայի ուսուցչի աշխատանքի վերահսկողություն չի իրականացվում ու չի ստուգվում՝ դասաժամին ինչ-որ մեկի հետ նստած նարդի՞ է խաղում, թե՞ զբաղված է աշակերտներով:

Պե՞տք է արդյոք ֆիզկուլտուրա առարկան

Գրեթե ամեն տարի սեպտեմբերի առաջին շաբաթներին «Առավոտը» ստուգայցեր է կատարել հիմնականում Երեւանի հանրակրթական դպրոցներ ու ամեն անգամ համոզվել, որ կրթօջախների ճնշող մեծամասնությունում ֆիզիկական կուլտուրան արհամարհված առարկա է: Իսկ եթե ավելի անկեղծ՝ ուղղակի գոյություն չունի: Ավանդաբար չլուծվող խնդիրներն ու թերացումները ներկայացվել են թերթի էջերում: Բայց ի՞նչ օգուտ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես, ոլորտի ղեկավարները ոչ միայն բացարձակապես պատկերացում չունեն դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի վիճակի մասին, այլեւ թերթ էլ չեն կարդում: Իսկ եթե կարդում էլ են, հարցի լուծման որեւէ ելք որոնելու «զահլա» չունեն: Այս պարագայում դպրոցների տնօրեններից ի՞նչ պահանջես, եթե վերեւներում նստած իրենց շեֆերը թքած ունեն աճող սերնդի առողջության վրա:

Բառացիորեն օրերս կրկին եղանք մայրաքաղաքի նույն դպրոցներից մի քանիսի խաղահրապարակներում: Ու դիտավորյալ չներկայացանք տնօրեններին, չզրուցեցինք ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ, որոնք իրենց մասնագիտությունը, հետեւաբար՝ իրենք իրենց, չեն հարգում:

Համոզված էինք, որ ոչինչ էլ փոխված չի լինելու եւ լսելու էինք նույն ձանձրալի արդարացումները: Կարծում ենք, տպագրված լուսանկարներն ավելի շատ բան կասեն: Եթե այսքան ահազանգերից հետո անգամ Երեւանում, չինովնիկների քթի տակ, դպրոցական խաղադաշտերի խայտառակ վիճակը շարունակվում է, մարզերում վիճակը հաստատ ավելի բարվոք չի կարող լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել