Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խճանկար

Սեպտեմբեր 13,2008 00:00

Որո՞նք են հաջողության հասնելու գաղտնիքները

\"\"Ժամանակակից սպորտում փողն ի՞նչ դեր է խաղում: Այս հարցն օրակարգից չի իջնում արդեն երկար տարիներ, իսկ Պեկինում ավարտված ամառային 29-րդ օլիմպիական խաղերի ավարտից հետո դարձել է ավելի արդիական:

Օլիմպիական խաղերում եղանակ ստեղծող գերտերությունների հաջող մասնակցության գնահատման միասնական չափորոշիչներ չկան: Հետեւաբար, խնդիրը պետք է դիտարկել յուրաքանչյուր երկրի առանձին օրինակով:

Չինաստանը, օրինակ, նախաօլիմպիական երեք տարիներին իր մարզիկների նախապատրաստության համար ծախսել է ավելի քանի $500 մլն: Հատկացված այս միջոցներն արմատապես փոխել են ոչ միայն մարզումային պայմանները, այլեւ մարզիկների նյութական ապահովվածության աստիճանը: Եթե «Օլիմպիադա -92»-ի ժամանակ օլիմպիական հավաքականի անդամն ամսական ստանում էր $12 հազար, հիմա այդ գումարն աճելով՝ հասել է $ 700 հազարի: Արդյունքում, չինացիները Պեկինում նվաճեցին ռեկորդային թվով մեդալներ, որոնցից 51-ը՝ ոսկե:

Կարծիք կա, թե պետական առատ ֆինանսավորումը հատուկ է միայն սոցիալիզմ կառուցող կամ կառուցած երկրներին: Հիշենք, օրինակ, ԽՍՀՄ-ը: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Կարեւոր է, թե փողը որտե՞ղ եւ ինչպե՞ս է ծախսվում: Դրա լավագույն օրինակներից է, ասենք, Ավստրալիան: 1976-ին Մոնրեալի օլիմպիական խաղերում տապալվելուց հետո՝ այդ երկրի կառավարությունն օլիմպիական սպորտը ֆինանսավորելու երկարաժամկետ ծրագիր ընդունեց: Եվ ահա արդյունքը. Աթենքի օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ծախսվեց մոտ $200 միլիոն եւ այդ երկրի մարզիկները նվաճեցին 49 մեդալ, որից 17-ը՝ ոսկե: Ճիշտ է, նույն ֆինանսավորման պայմաններում ընդհանուր արդյունքը Պեկինում մի փոքր ավելի ցածր էր (46 պարգեւ եւ 14 «ոսկի»): Սա ասում է այն մասին, որ զանգվածային ֆինանսավորումը, այնուամենայնիվ, որոշակի սահմանափակում ունի: Սկզբնական փուլում արձանագրվում է մեդալների կտրուկ աճ, որին արդեն հաջորդում է կայունացման փուլը, որի ժամանակ նոր մոտեցումներ պետք է գտնել:

Օրինակ, Մեծ Բրիտանիայում դրամը ֆեդերացիային հատկացվում է նախորդ Խաղերում ունեցած ցուցանիշների համեմատ (այս սկզբունքը որդեգրել է նաեւ Հայաստանը): Հույսերը չարդարացնողների ֆինանսավորումը կրճատվում է, իսկ ազատված միջոցները փոխանցվում են առավել հաջողակներին: Այդպես՝ ծախսերը կայունանում են ընդունելի լինելու աստիճան, իսկ մեդալներ ավելի շատ են նվաճվում: Դատեք ինքներդ. Աթենքում բրիտանացիները նվաճել էին 30 մեդալ (9-ը՝ ոսկե), իսկ Պեկինում՝ 47 (19-ը՝ ոսկե):

Օլիմպիական հաղթանակի գինը

\"\"«Los Angeles Times» հանդեսի մարզական մեկնաբան Բարբարա Դեմիկը օլիմպիական խաղերի ավարտից հետո գրած հոդվածում վերլուծում է, թե ոսկե մեդալներն ինչ գնով են տրվել չինացի մարզիկներին: Թեման, կարծում ենք, կհետաքրքրի նաեւ հայ մարզասերներին: Եթե որեւէ մեկը նախանձում է ոսկե մեդալներ նվաճած չինացի մարզիկներին, մինչ այդ թող մտածի, թե այդ մարդիկ ի՞նչ ճանապարհ են անցել դրան հասնելու համար:

Մինչեւ 58 կգ քաշային կարգում չեմպիոնուհի դարձած ձյուդոիստ Սյան Դանգմեյը պատմում է, որ արդեն մեկ տարուց ավելի չի կարողանում տեսնել իր 18 ամսական դստերը: Նրանց համար շփման միակ միջոցը եղել է վեբ խցիկը: Մեկ այլ չեմպիոն՝ ծանրորդ Կաո Լեյն այնքան է զբաղված եղել մարզումներով, որ չի կարողացել անգամ վերջին հրաժեշտը տալ մահացող մորը: Իսկ 15-ամյա ջրացատկորդուհի Չեն Ռոուլինը 33 կգ անձնական քաշը պահպանելու համար մեկ տարի չի նախաճաշել: «Ինքնազոհաբերվել հանուն չին ժողովրդի փառքի: Սա է ձեր գլխավոր առաջադրանքը»: Մինչեւ Խաղերի մեկնարկը, մարզիկների առջեւ այս կոչով է ելույթ ունեցել Չինաստանի սպորտի նախարար Լիու Պենգը:

Եթե, ասենք, ԱՄՆ-ի մարզիկների մեծ մասին Պեկինում ուղեկցում էին ծնողները, Չինաստանի մարզիկների մրցելույթներին հարազատները հետեւում էին միայն հեռուստաէկրանների առջեւ: Չինաստանցի օլիմպիականն օրական մարզվել է 10-11 ժամ, այնուհետեւ եւս 2 ժամ նվիրաբերել է տեսական գիտելիքների յուրացմանը, որից հետո պարտադիր քնել է: «Մենք մեր անձնական կյանքը կարգավորելու որեւէ տարբերակ չունենք: Մարզիչը մշտապես մեր կողքին է: Մենք մշտապես հսկողության տակ ենք: Անգամ սրճարանի տերն է ամեն քայլի հետեւում: Այնպես որ, բացի մարզվելուց՝ ուրիշ ոչինչ չի մնում մեզ»,- պատմում է մարմնամարզիկ Չենգ Յիբինգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել