Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՈՒՄԲ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ

Սեպտեմբեր 13,2008 00:00

\"\"Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին բոլորն են սիրում: Հայաստանի ցանկացած վայրում նրա հետ հանգիստ ու աննկատ քայլել հնարավոր չէ: Յուրաքանչյուր անցորդ անպայման պիտի մոտենա, ինքնագիր խնդրի, նորանոր հաղթանակներ մաղթի ու… հիշատակի համար լուսանկարվի:

Դրանում եւս մեկ անգամ համոզվեցինք օրերս՝ Սպիտակ այցելության ժամանակ, որտեղ Վիկ Դարչինյանի անունով բռնցքամարտի ակումբ է հիմնադրվել: Ճանապարհի կեսին մեզ դիմավորեց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը: Շատ ափսոսեց, որ հանդիպումն անակնկալ էր ու ժամանակի սղության պատճառով բռնցքամարտիկը չէր կարող թեկուզ մի քանի ժամ մնալ մայրական կողմի իր հայրենիքում: Բայց, տեղեկանալով, որ հաջորդ մարտը նոյեմբերի 1-ին է, մեծ ցանկություն հայտնեց «Նիգ» հայրենակցական միության անդամների հետ մեկնել Լաս Վեգաս եւ Վիկին տեղում աջակցել:

Արդեն Սպիտակում՝ քաղաքապետ Գագիկ Սարգսյանի հետ, այցելեցինք մոտ երկու տարվա կենսագրություն ունեցող նորակառույց թիվ 1 համալիր մարզադպրոց, որի բազայի վրա գործելու է ակումբը: Ներկայիս դրությամբ շրջանում համեմատաբար ավելի լայն տարածում ունեն ըմբշամարտը, ծանրամարտը եւ ձյուդոն: Բայց սպիտակցիները համոզված են, որ այսուհետեւ բռնցքամարտն էլ իր արժանի տեղը կգտնի իրենց քաղաքում եւ շատ ժամանակ չանցած՝ այնտեղ կծնվեն նոր Վիկ Դարչինյաններ:

Վախթանգը դահլիճը ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորելու խորհուրդներ տվեց ու խոստացավ իր կողմից տրամադրել ձեռնոցներ, դիմակներ, մարզահագուստ, անհրաժեշտ այլ պարագաներ, որոնք կարող են պետք գալ նաեւ մյուս մարզաձեւերին, երեխաներին մարզելու եւ մարզիչներին մեթոդական անհրաժեշտ օգնություն ցույց տալու նպատակով հրավիրել նախկինում ճանաչված բռնցքամարտիկների, որակյալ մասնագետների, իսկ ամեն անգամ Հայաստան գալով՝ անպայման այցելել ակումբ:

Վախթանգ Դարչինյանի անվան բռնցքամարտի ակումբ հիմնելու գաղափարը հղացել է Սպիտակի թիվ 29 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը: Նա նաեւ Վիկի՝ նոյեմբերի 1-ին մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ կայանալիք մենամարտի գլխավոր հովանավորն է:

– Ինչո՞ւ որոշեցիք հատկապես բռնցքամարտի ակումբ հիմնել եւ այն կոչել Վախթանգի անունով:

– Վիկը մեծ մարզիկ է ու սպորտում հասել է մեծ բարձունքների: Գուցե շատերը չգիտեն, որ նա հայրական կողմով սերում է հենց Սպիտակից: Բացի դա՝ մենք լավ ընկերներ ենք: Դրա համար էլ այդ որոշումը կայացրինք:

– Որպեսզի ակումբը գործի եւ ծառայի նպատակին՝ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ լինելու:

– Վախթանգի հետ պայմանավորվել ենք, որպեսզի նա իր բոլոր առաջարկություններն անի: Ըստ դրանց, ամեն բան արվելու է, դա լինի կոնկրետ մարզումների համար անհրաժեշտ գույք, թե օժանդակ այլ պարագաներ, ընդհուպ՝ մինչեւ վարժասարքեր: Հարկ լինելու դեպքում մարզիչներ էլ կպահենք: Սպիտակը միշտ էլ հայկական սպորտին պատիվ բերող մարզիկներ է տվել: Այս ակումբը հիմնելով՝ հույս ունենք, որ բռնցքամարտի զարգացման տեմպերն էլ կարագանան ու այս մարզաձեւում նույնպես ճանաչված աստղեր կունենանք:

– Այստեղ խոսում են, որ տարածաշրջանում սպորտը զարգացնելու ծրագրեր եք մշակել:

– Այո: Մեր ամբողջ տարածաշրջանում ոլորտի աշխատանքները համակարգելու եւ վերահսկելու նպատակով առաջարկել եմ մարզաձեւերի ֆեդերացիաների մի յուրօրինակ միավորում ստեղծել, որպեսզի մշակվի անելիքների հստակ ծրագիր ու բոլորն աշխատեն համագործակցված:

– Վիկի մենամարտի հովանավորումն ինչպե՞ս է արտահայտվելու:

– Նա ռինգ կմտնի մեր՝ Սպիտակի խորհրդանիշներից մեկը լինելուն հավակնող քաղաքի մուտքի կամարի պատկերով, իսկ մարզազգեստի վրա անգլերեն գրված կլինի մեր քաղաքի անունը: Հավատում ենք, որ Վիկն այդ մենամարտում անպայման հաղթելու է եւ ցանկանում եմ, որպեսզի աշխարհը Սպիտակը հիշի ոչ միայն երկրաշարժով, այլեւ իմանա, որ մենք կարող ենք աշխարհին նաեւ մեծ մարզիկներ տալ:

– Նոյեմբերի 1-ին որտե՞ղ եք լինելու:

– Իհարկե՝ մենամարտի դահլիճում: Եվ ոչ միայն ես: Ինձ հետ լինելու է մոտ եւս 15 հոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել