Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Սեպտեմբեր 13,2008 00:00

\"\"Պեկինում վեց բրոնզե մեդալ նվաճելը հայկական սպորտի հսկայական առաջընթաց քայլն է: Փառք ու պատիվ մեր բոլոր օլիմպիական մեդալակիրներին, նրանց, ովքեր կռել են այդ հաջողությունը: Բայց Խաղերը նաեւ ավելի տեսանելի դարձրին հատկապես մեր հենակետային մարզաձեւերում առկա խնդիրները, որոնք հնարավորինս արագ վերացնելու, ձեռքբերումների բազմապատկման համար, հավանաբար, հարկ կլինի դեռ երկար երազել:

Աթենքի դասերը

Լուրջ վերլուծություններից հետո նոր թափ հաղորդվեց դեռ 2000 թվականից սկսված սպորտի ոլորտի նյութատեխնիկական բազայի հզորացմանը, հանրապետության ամբողջ տարածքում ժամանակակից նոր մարզաշենքերի կառուցմանը եւ հիմնանորոգմանը, մարզիկների եւ մարզիչների նյութական եւ սոցիալական պայմանների բարելավմանը: Արմատական փոփոխություններ իրականացվեցին նաեւ մարզական ֆեդերացիաներին ֆինանսավորելու սկզբունքներում: Կյանքի կոչվեցին մարզական բազմաթիվ այլ ծրագրեր: Արդյունքում, ըստ առանձին մարզական կազմակերպությունների ղեկավարների ներկայացրած հաշվետվությունների, հանրապետությունում կտրուկ աճեց սպորտով զբաղվողների թվաքանակը, ինչը հետագայում որակ ապահովելու առաջին նախապայմանն է: Ավելին, նախաօլիմպիական ամբողջ ցիկլում տարեցտարի ավելացվեցին պետական բյուջեից հատկացումները սպորտին: Հետ չի մնացել նաեւ Ազգային օլիմպիական կոմիտեն: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ հենակետային մի շարք մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահներ սեփական միջոցներից հսկայական գումարներ են տրամադրել հավաքականների չնախատեսված հոգսերը հոգալուն եւ մարզիչների ներկայացրած նոր պահանջները բավարարելուն, սկսած այս կամ այն հավաքը նրանց ցանկացած վայրում կազմակերպելուց, լրացուցիչ մրցաշարերի մասնակցելու համար անհրաժեշտ գումարներ տրամադրելուց՝ մինչեւ օլիմպիական խաղերի եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների թեկնածուներին ամսական լրացուցիչ թոշակներ սահմանելով: Ու այդ ամենի դիմաց պահանջվել է ընդամենը հնարավորին չափ շատ ուղեգրեր նվաճել եւ պատշաճ մարզավիճակում օլիմպիական խաղեր մեկնելով՝ ներդնել ողջ կարողությունները, պայքարել մեդալների, Հայաստանի օրհներգը հնչեցնելու, դրոշը բարձրացնելու համար, ինչը մարզիչները հիմնականում խոստացել են:

Անցած շուրջ երեք տարիներին հավաքականների եւ ոչ մի գլխավոր մարզիչ որեւէ դժգոհություն չի արտահայտել: Հակառակը, մշտապես նշել են, որ չկա հընթացս ծագած այնպիսի մի խնդիր, որ պետությունը, Օլիմպիական կոմիտեն եւ ՀԱՕԿ-ի նախագահն անուշադրության մատնեն կամ մերժեն: Մինչեւ Պեկին մեկնելը մարզիչները հավաստիացնում էին, որ իրենց սաները հուսախաբ չեն անի: Հասկանալի է, որ մեր բոլոր օլիմպիականները չէին կարող պատվո պատվանդան բարձրանալ: Բայց որ պետք է թեկուզ պարտվելու դեպքում ճակատամարտ տային՝ երկու կարծիք լինել չի կարող:

Արդյո՞ք մերոնք աշխարհում ուժեղագույնների մեջ են

Օլիմպիական խաղերում թույլ մարզիկներ չկան: Նրանք բոլորն էլ մասնակցության իրավունք ձեռք են բերել աշխարհի, մայրցամաքների առաջնություններում, վարկանիշային մրցաշարերում: Բայց ով՝ ինչպես: Ձյուդոյում, բռնցքամարտում, ըմբշամարտի երկու ձեւերում պայքարն ընթանում է անհատական, կոնկրետ քաշային կարգում ուղեգիր նվաճելու համար: Իսկ, օրինակ, ծանրամարտում՝ թիմային մասնակցության: Ու թե հավաքականը քանի՞ մարդուց բաղկացած կլինի՝ կախված է, առանց բացառության, բոլորի ցույց տված արդյունքից, այն էլ՝ միայն աշխարհի վերջին երկու առաջնություններում:

Ձյուդոիստները, հանդես գալով համապատասխան բազմաթիվ մրցաշարերում, պայքարում են անհրաժեշտ միավորների պաշար հավաքելու համար: Այսինքն, եթե մարզիկը «վերնախավում» չէ՝ ոչինչ: Կարեւորը վերջում իքս քանակությամբ միավորներ ունենալն է: Մոտավորապես նույնն է նաեւ հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերում, բռնցքամարտում: Բայց տարբերությամբ, որ այստեղ անհրաժեշտ է կոնկրետ դեպքում կոնկրետ տեղ գրավել:

Վերոնշյալ մարզաձեւերի մեր օլիմպիականներից շատերը, ձախողվելով աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, շարունակել են հանդես գալ դրանց հաջորդած մի քանի վարկանիշային մրցումներում ու միայն վերջին պահին դժվարությամբ ուղեգիր ձեռք բերել: Սա այն դեպքն է, երբ մրցաշարից մրցաշար ուժեղագույնները «մաղված» են եղել: Հետեւաբար, եթե իրատեսորեն նայենք փաստերին, այդ մարզիկները օլիմպիական խաղերում եղանակ ստեղծել չէին կարողանալու: Բայց պարտավոր էին գոնե նախնական փուլերում մոտավորապես հավասարների հետ «կռիվ տալ»: Ու գուցե նաեւ հետագայում անակնկալներ էլ մատուցեին: Իսկ անակնկալներ Պեկինում եղան, ցավոք, ոչ մերոնց մասնակցությամբ:

Ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում հաջողություններ արձանագրած մարզիկներ են: Այսինքն՝ էլիտայից, կարծես, այնքան էլ հեռու չեն: Բայց երկուսն էլ նախնական գոտեմարտերից հետո հանդիսականի վերածվեցին:

Հունահռոմեական ըմբշամարտիկներից Արման Ադիկյանն անցած տարի Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում 5-րդն էր ու այնտեղ է ուղեգիր նվաճել, Կարեն Մնացականյանը եւ Դենիս Ֆորովը փորձի պակաս չունեն, Արսեն Ջուլֆալակյանը աշխարհում երիտասարդների մեջ առաջատարներից է: Բայց նրանք էլ տարբեր փուլերում դուրս մնացին պայքարից: Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեեւը տուն վերադարձան բրոնզե մեդալով: Կեցցեն: Սակայն, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, այդ հարցում նրանց բախտն ինչ-որ տեղ բերեց: Եթե նրանց նկատմամբ առավելության հասած ըմբիշները չհասնեին եզրափակիչ, նրանք էլ առանց մեդալի կմնային: Դրա համար էր Պատրիկեեւը դժգոհ իր մրցելույթից՝ ասելով, որ ինքը մի տեսակ տխուր է:

Մեր երեք ազատ ոճայինները վերջին պահին ուղեգրեր նվաճեցին: Հատկապես ակնկալիքներ կային Մարտին Բերբերյանից: Հիշում եմ, Աթենքից առաջ Սլովակիայում անցկացված վարկանիշային մրցման ժամանակ բոլոր մրցակիցները վիճակահանությունից հետո հետաքրքրվում էին, թե ո՞վ է այն անհաջողակը, որ մեկնարկում հանդիպելու է Մարտինի հետ: Բայց նա էլ Պեկինում չարդարացրեց հույսերը: Դրա փոխարեն համեմատաբար հաջող հանդես եկավ երիտասարդ Հարություն Ենոքյանը՝ պայքարելով հնարավորությունների առավելագույն չափով:

Բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը Հայաստանին բերեց վեցերորդ «բրոնզը»: Նրա պարագայում Պեկինում կատարվեց մի բան, որ օլիմպիական խաղերում, գուցե, չէր եղել: Նա կիսաեզրափակիչ մտավ ընդամենը մեկ մենամարտով: Վիճակահանությամբ Հրաչյան առաջին տուրում ազատ էր: Երկրորդում շատ վստահ հաղթանակ տարավ: Քառորդ եզրափակիչում կորեացի մրցակիցը առողջության պատճառով չմտավ ռինգ, ու մեր մարզիկը մեխանիկորեն արդեն առնվազն բրոնզե մեդալակիր դարձավ: Մեդալի համար հանգամանքների այդպիսի ընթացքը միանշանակ լավ էր: Բայց մարզական առումով, դա, հավանաբար, բացասաբար անդրադարձավ մեր բռնցքամարտիկի մարզավիճակի եւ հոգեբանական պատրաստվածության վրա: Ռուսաստանցի Տիշչենկոյի հետ Հրաչյան պատրաստ չէր մենամարտել: Կարծում ենք, անհնար էր հաղթանակ տանել բոլոր չորս ռաունդներում՝ անընդհատ ետ քայլելով:

Մարզասերները չէին մոռացել հրաձիգ Նորայր Բախտամյանի մրցելույթներն Աթենքի օլիմպիական խաղերում, երբ նա մտնելով եզրափակիչ՝ մինչեւ յոթերորդ կրակահերթն ընթանում էր առջեւում: Եվ միայն մեկ անհաջող կատարումը նրան զրկեց ոչ միայն ոսկե, այլեւ արծաթե կամ գոնե բրոնզե մեդալից: Դրա համար էլ Նորայրը համարվում էր մեդալ նվաճելու մեր հավակնորդներից մեկը: Սակայն նա նույնպես հանդես եկավ իր հնարավորություններից ցածր՝ երկու դիսցիպլիններում էլ անգամ եզրափակիչ չմտնելով: Դեռ Պեկինից ամիսներ առաջ Բախտամյանը մեջքի հետ կապված խնդիրներ ուներ: Մարզումներին զուգահեռ՝ նաեւ բուժվում էր: Հնարավոր է՝ չէր հասցրել լրիվ ապաքինվել:

«Երեք «բրոնզը» վատ չէ, բայց հնարավոր էր ավելին անել»

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն այսպես է մտածում: Ու չնայած օլիմպիական վեց մեդալների ճիշտ կեսը նվաճել են ծանրորդները, ֆեդերացիայի նախագահն այնքան էլ գոհ չէ: Օրերս մեր զրույցներից մեկում նա ասաց. «Ընդհանուր առմամբ բավարարված եմ: Բայց միայն նրա համար, որ Պեկինից մի քանի մեդալով վերադառնալու խոստումը կատարեցինք: Մեդալակիր ծանրորդներն ի վիճակի էին ավելի բարձր տեղեր նվաճել: Վերջին երկուսուկես տարում, ինչ գլխավորում եմ ֆեդերացիան, իմ խնդիրը եղել է աշխատանքների ճիշտ կազմակերպումը բոլոր մակարդակներում, պահանջկոտությունը մարզիչներից, պատշաճ ուշադրությունն ու հոգատարությունը մարզիկների հանդեպ, ոլորտին հատկացված միջոցների, որտեղ անգնահետելի է Գագիկ Ծառուկյանի ամենօրյա աջակցությունը, ճիշտ օգտագործումը, որպեսզի ոչ մի լումա աննպատակ չծախսվի: Այս բոլորի արդյունքում ծանրամարտի ցուցանիշները միջազգային բոլոր մրցումներում կարճ ժամանակում կտրուկ բարձրացել են: Հիմա բոլորն արդեն հաշվի են նստում մեզ հետ: Իսկ ինչ վերաբերում է Պեկինում ավելի լավ հանդես գալուն, դա, իրոք, մերոնց ուժերի սահմաններում էր: Օրինակ, եթե Մելինե Դալուզյանը Մոսկվայում վերջին պահին չհիվանդանար, վստահեցնում եմ, որ իր մարզումային կիլոգրամներով էլ օլիմպիական չեմպիոն կդառնար: Տղանե՞րը: ՎԱԴԱ-ի բժիշկները նրանց մեկնարկներից առաջ բառիս բուն իմաստով արնաքամ ու ջրազուրկ արին՝ յուրաքանչյուրից դոպինգ-ստուգման համար ամեն օր 75-100 գ արյուն ու մեզ վերցնելով: Եվ ամենավատն այն է, որ պարտավոր ես տեղում, նրանց ներկայությամբ անալիզ տալ: Հակառակ դեպքում՝ կորակազրկվես: Ավելին, այդ սպիտակ խալաթավորները մարզիկների հետ հաճախ կոշտ ու կոպիտ, երբեմն էլ՝ արհամարհական էին վարվում: Դա ազդում էր նրանց ընդհանուր տրամադրության վրա: Ծանրամարտում ռեժիմը, օրգանիզմի համար լավագույն քաշ ունենալը (անգամ գրամներով) վճռորոշ նշանակություն ունեն: Էլ չեմ խոսում արյուն տալուց հետո վերականգնվելու մասին: Տղաների երակներն այնքան էին ծակել (նույնիսկ մրցման ելնելու օրվա առավոտյան), որ թեւերն ու մկանները ցավում էին: Այդ ամենը խիստ բացասաբար անդրադարձավ նաեւ նրանց հոգեբանության վրա: Եթե այդպես չլիներ՝ յուրաքանչյուրը երկուական հաջող մոտեցման փոխարեն առնվազն չորսը կկատարեր ու, հնարավոր է, պայքարեր արծաթի կամ ոսկու համար»:

Հետեւություններ

Առաջինը, մեր կարծիքով, հայաստանցի մարզիկների հոգեբանական պատրաստության անբավարար լինելն է: Անգամ տիտղոսակիրներն ու փորձառուները մի տեսակ չեն հավատում սեփական ուժերին, պայքարի մեջ ներգրավվում են վախվորած ու չեն կարողանում ցուցադրել այն, ինչ կարող են: Հեռուստաէկրաններին հաճախ էինք տեսնում, որ այլ երկրների այս կամ այն մարզաձեւի ներկայացուցիչը մինչեւ պայքարն սկսելու վերջին րոպեն ականջակալները չէր հանում: Կարծում էինք, թե երաժշտություն է լսում նախամեկնարկային լարվածությունը թոթափելու համար: Գուցե այդպես էլ էր: Բայց հետո լրատվամիջոցներից մեկում կարդացի, որ նրանց հետ այդ պահին աշխատում էին հոգեբանները:

Երկրորդ ու ոչ պակաս կարեւոր խնդիրը մարզիչների մասնագիտական պատրաստվածության աստիճանն է: Կարծում ենք, հատուկենտ մարզիչներ են ինքնակրթությամբ զբաղվում, ուսումնասիրում իրենց մարզաձեւում զարգացման ներկայիս միտումները: Շատերն աշխատում են վաղուց հնացած մեթոդներով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է մարզադպրոցների մարզիչներին, որոնք հավաքականների համար կադրեր են աճեցնում: Չունենք ու չենք կարեւորում սելեկցիոներ մարզիչների նշանակությունը, որոնք պետք է շրջեն հանրապետության ամբողջ տարածքով մեկ, հայտնաբերեն իրենց մարզաձեւին անհրաժեշտ շնորհալիներին: Այդ դեպքում սկսնակ երեխայի աճը անհամեմատ արագ կկատարվի ու ավելի կարճ ժամկետներում արժանի հերթափոխ կունենանք: Մարզերում, գյուղերում քանի՞ տաղանդավոր երեխա է «կորչում»՝ այդպես էլ ոչ մի անգամ մարզադահլիճ կամ մարզադաշտ չմտնելով: Չմոռանանք, որ հաջորդ օլիմպիական խաղերը մեկնարկելու են ընդամենը չորս տարի հետո:

Մարզական բժշկությունը նույնպես երկու ոտքից կաղում է: Ավելին, անգամ հավաքականների մարզիչները հաճախ անտեսում են դրա անհրաժեշտությունը: Մինչդեռ՝ աշխարհում մարզական բժշկին գլխավոր մարզչին հավասար դեր է վերապահվում ու նրանք աշխատում են սերտ համագործակցված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել