Լրահոս
Օրվա լրահոսը

Բարիդրացու եւ ռազմավարական գործընկերոջ արանքում

Սեպտեմբեր 13,2008 00:00

ՄԱԱ բանախոսների տեսանկյունից

Երեկ ՄԱԱ-ում «Տարածաշրջանային զարգացումները եւ դրանց ազդեցությունը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի վրա» թեմայով քննարկում էր: Մասնակցում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Ա. Սաֆարյանի խոսքերով, ԲՀԿ-ն վրաց-հարավօսեթական հակամարտության բռնկման թեժ պահին հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ ու գնահատական տվել ծավալվող իրադարձություններին. «Մենք ելնում էինք այն իրողությունից, որ ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ ռազմաքաղաքական գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը, նաեւ տնտեսական գործընկերը: Միեւնույն ժամանակ՝ ելնում ենք այն իրողությունից, որ Վրաստանը ավանդաբար բարիդրացիական հարաբերություններ պահպանող հարեւան է մեզ հետ եւ այնտեղ ծավալվող իրադարձությունները չեն կարող անտարբեր թողնել Հայաստանի ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական եւ ո՛չ էլ բնակչության ակտիվ մասին»: ԲՀԿ խմբակցության քարտուղարի ձեւակերպմամբ, վերջին պատերազմը ցույց տվեց, որ հակամարտությունների զինված լուծումը անարդյունավետ է ու չի կարող հանգեցնել սպասված արդյունքին. «Մենք կարծում ենք, որ մեր հանրապետության գլխավոր արտաքին քաղաքական խնդիրը շարունակում է մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, եւ այս իրողությունից են բխում արտաքին քաղաքականությանը միտված մեր բոլոր քայլերն ու ուղղությունները: Իսկ կոնկրետ իմ կարծիքով՝ վրաց-հարավօսեթական հակամարտության բռնկումից հետո Ադրբեջանի արագ փոխված կեցվածքը սկսում է հույսեր ներշնչել, որ այստեղ նույնպես սկսում է գերիշխել այն մտայնությունը, որ մոտակա տարիներին զինված հակամարտության ճանապարհով, պարզ ասած՝ ԼՂ հայերին դեպորտացիայի ենթարկելու եւ այդպիսով հարցը լուծելու հնարավորությունը իսպառ բացառված է»: Ըստ Ա. Սաֆարյանի, Թուրքիայի նախագահի Երեւան կատարած այցի արդյունքում ձեռք բերվեց սկզբունքային ու կարեւոր համաձայնություն՝ հայ-թուրքական երկխոսությունը շարունակելու մասին պայմանավորվածությունը, ինչը լուրջ նվաճում էր: Նա, անդրադառնալով ադրբեջանական մամուլին, ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել վերջին շրջանում ադրբեջանական մամուլի հայտարարություններն այն մասին, թե ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում ՀՀ եւ Թուրքիայի նախագահների միջեւ, որովհետեւ, իմ անձնական տպավորությամբ, ադրբեջանական մամուլն աշխատում է նախ եւ առաջ հայ քաղաքական էլիտայի համար»:

Գարիկ Քեռյանի խոսքերով, վերջին իրադարձությունները փոխել են աշխարհաքաղաքական իրադրությունը. «ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ականատես ենք լինում ՌԴ կողմից իր դիրքորոշման կոշտացմանը»: Նա, դառնալով հայ-թուրքական երկաթուղու գործարկմանը, նշեց, որ այն կարող է կյանքի ու փրկության ճանապարհ լինել Հայաստանի համար. «Եթե սա արվի պարզ քաղաքական շահերից ելնելով, հետագայում որոշակի քաղաքական իրադրության պայմաններում նույն քաղաքական շահերի պայմաններում էլ կարող է փակվել: Ուստի անհրաժեշտ է, որ եթե սահմանը բացվում է՝ բացվի հիմնավորապես»:

Իսկ ըստ Սուրեն Սուրենյանցի՝ ռուս-վրացական հակամարտությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ վերջին 10 տարիներին Ռուսաստանում տարվում է կայսերության վերածննդի քաղաքականություն, ինչն արտահայտվում է երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ. «ՌԴ- վաղուց չկա քաղաքական ընդդիմություն, բիզնեսը դարձել է Կրեմլի, չինովնիկների եւ գեներալների կամայականությունների թիրախ: Եվ, բնականաբար, կուտակված ուժը ինչ-որ ձեւով պետք է արտահայտվեր: Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ընդամենը քող էր, պատրվակ, որն օգտագործելով՝ Ռուսաստանը հագուրդ տվեց իր կայսերական նկրտումներին: Վերջին դեպքերի ազդեցությունը ՀՀ վրա շատ խորքային է ու չի սահմանափակվում միայն կոմունիկացիոն խնդիրներով: Ամենակարեւոր բանը, որ տեղի է ունեցել՝ այն է, որ էապես սահմանափակվել է մեր ղեկավարության որոշումներ ընդունելու ազատությունը, որովհետեւ այս պարագայում ակնհայտ է, որ Արեւմուտքի ու Մոսկվայի կողմից ճնշումներ են լինելու ՀՀ ղեկավարության վրա: Նշեմ, որ տեղի ունեցածն էապես բարդացրեց նաեւ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավաքաղաքական կոնտեքստը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել