Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՑՑԵ ՄԻՍՍԸ» ԹՄՐԱՆՅՈՒԹԵ՞Ր Է ՔԱՐՈԶՈՒՄ

Սեպտեմբեր 13,2008 00:00

Լուսինե Թովմասյանի հիմնադրած ամսագրի 17 էջերը նվիրված են թմրանյութերին

Վերջերս ձեռքս ընկավ NEWMAG ամսագրի 9-րդ համարը, որն ինձ զարմացրեց: Բազմաթիվ հետաքրքրաշարժ հոդվածների հետ այնտեղ մի նյութ կար՝ 20 մահաբեր թմրանյութերի մասին, որը մեթոդական ձեռնարկ էր հիշեցնում: «Ամենավտանգավոր նյութերի ցանկը կազմել է բրիտանական Independent հեղինակավոր պարբերականը՝ 2006-ի օգոստոսի 1-ին: Հաշվի է առնված դրանց վտանգավորությունը մարդու առողջության համար: 20 ամենավտանգավոր թմրանյութերի մեջ են նաեւ լեգալ վաճառվող ալկոհոլը եւ ծխախոտը: Ներկայացնում ենք 20 «մահացուները», որոնց օգտագործումը, հիշե՛ք, քայքայում է ընտանիքներ եւ կործանում ազգեր»,- գրում է NEWMAG-ը՝ հղում անելով Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին ՀՀ օրենքի տարբեր հոդվածների, որտեղ ասվում է, թե նման նյութերի մասին գրականության տարածումն ու քարոզումն արգելվում է: Ամսագիրը ներկայացնելով «մահաբերները», սկսում է հին աշխարհի առաջին թմրանյութից՝ օփիումից, որը սկսել են օգտագործել Միջին Արեւելքում՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Այնուհետեւ ներկայացվում է հերոինը, կոկաինը, բարբիտուրատները, մետադոնը, ալկոհոլը, կետամինը, բենզոդիազեպինները, ամֆետամինը, նիկոտինը, բուպրենոֆինը, կանեփը, ինգալիանտները, մեթիլիոամֆետամինը, LSD-ն, ռիտալինը, անաբոլիդային ստերուդները, բութիրատը, EXTACY-ն, POP’RS-ը եւ կատը: Դեմ չենք, որ մարդ ինչքան շատ տեղեկացված լինի՝ այնքան լավ, բայց, մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր թմրանյութի գինը հայաստանյան անլեգալ վաճառքի դեպքում, օգտագործման ձեւերը, չափաբաժինն ու առաջացած «զգացումները»՝ մի քիչ տեղին չէ, մանավանդ գունավոր, նկարազարդ եւ աչք շոյող այս ամսագիրն արժե 2000 դրամ, այսինքն՝ մատչելի է եւ հասու անգամ դպրոցականին: Այսօրվա դպրոցականներից շատերի գրպանում կա այնքան գումար, որ հանգիստ կարող է NEWMAG-ի նշած գների մեջ «տեղավորվել»: Ճիշտ է, ամսագրում նաեւ ներկայացվում է, թե ինչ վնաս կարող է հասցնել յուրաքանչյուր թմրանյութը, բայց նաեւ շատ մանրամասն ասվում է, թե որից ինչքան պիտի օգտագործի տվյալ քաշն ունեցող մարդը, որ կարգին «կայֆ» ստանա: Հայաստանում ազատ վաճառվող ալկոհոլի օգտագործման «էկզոտիկ ձեւերի» մասին էլ է գրված. «Ալկոհոլը, այո, խմում են: Բայց կան նաեւ էկզոտիկ մեթոդներ, օրինակ՝ ներմուծում միանգամից ուղիղ աղիք…»:

Մի նկատառում եւս՝ ամսագրի 17 էջերը հատկացնել նման թեմայի, մեր կարծիքով՝ տեղին չէ: Ըստ ոստիկանության եւ դատախազության համապատասխան վարչության տարեկան ամփոփագրերի, տարածաշրջանում Հայաստանը միակն է, որտեղ թմրամոլությունը անչափահասների շրջանում համարյա զրոյական է: Իսկ դա նշանակում է, որ չարժե ավելորդ հետաքրքրասիրություն բորբոքել:

Հավելենք, որ NEWMAG-ը հիմնադրած ընկերության նախագահը «Վիցցե միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել