Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրան ճանաչելն իմ պարտականությունն է եղել»

Սեպտեմբեր 13,2008 00:00

Ասում է Սաղաթելյանի գործով դատակոչված վկան

Երեկ Երեւանի քրեական դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Ցուցմունք տվեց վկա, ներկայումս ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, իսկ մյուս վկան՝ Էդգար Ռշտունին, նախապես դատարանին ծանուցել էր, որ չի ներկայանալու:

Հիշեցնենք, որ Մ. Սաղաթելյանին մեղսագրվել է ՔՕ-ի 316 հոդվածի 1-ին, 2-րդ մասերի՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը եւ դիմադրելը» եւ 235 հոդվածի 4-րդ մասի՝ «Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը» հատկանիշներով: Նախքան դատը սկսվելը՝ Մ. Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն «Առավոտին» պատմեց. «Մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 6:30-ի սահմաններում, իմ պաշտպանյալին բաժին են տարել եւ կազմել բերման արձանագրություն, եւ մենք մինչեւ օգոստոսի 5-ը տարբեր դատական ատյաններում սկսեցինք վիճարկել մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած գործողությունների համաչափությունն իմ պաշտպանյալի մասով: Մ. Սաղաթելյանին՝ անհայտ ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար, չեն կարող դատապարտել: Օգոստոսի 5-ին որոշեցին ողջ մեղադրանքը հանել եւ այլ մեղադրանք դնել: Մ. Սաղաթելյանը մինչեւ օգոստոսի 5-ը, ըստ իրենց, Մամուլի տան մոտ դիմադրություն էր ցույց տվել անհայտ ոստիկանների, հիմա նրան արհեստականորեն հետ բերեցին Ազատության հրապարակ, ուր հայտնվեց ինչ-որ տուժող ոստիկան Արշակյան, որի գլխին, իբր թե, հարվածել են: Երբ նայում եմ նրա նախաքննական ցուցմունքներում եղած նկարագրություններին, ապա պարզ է դառնում, որ նա չի նկարագրել Մ. Սաղաթելյանի արտաքինը, բայց, չգիտես ինչու, նրա նկարագիրը նույնացվել է Մ. Սաղաթելյանի հետ: Իմ պաշտպանյալը զայրացավ, երբ տեսավ, որ նման ոստիկան է հայտնվել, ուստի հրաժարվեց առերեսվելուց եւ հայտնեց, որ այդ մարդուն բացարձակ ծանոթ չէ, հասկացավ, որ «սարքելու» գործընթացը շարունակվում է»: Ըստ Ս. Սաֆարյանի, բեմադրված սցենարը նախաքննության ընթացքում փոփոխությունների է ենթարկվել. «Ժամը 6:30-ի սահմաններում բերման ենթարկված Մ. Սաղաթելյանը, համաձայն Արշակյանի ցուցմունքի, ժամը 7-ին խփել է իր գլխին: Երբ տեսան, որ լուրջ հակասություն է ծագում, սկսեցին Մ. Սաղաթելյանին բերման ենթարկելու ժամի հետ կապված ցուցմունքները փոխել, որը հիմնավորում էին, իբր թե, սխալվել են, Մ. Սաղաթելյանին տարել են բաժին ոչ թե 6:30-ին, այլ 8:30-ին»:

Ինչ վերաբերում է երեկվա դատական նիստին, ապա Արայիկ Պետրոսյանը, որը դեռեւս մարտի 1-ին Երեւանի ոստիկանության վարչության հատուկ գնդի հրամանատարն է եղել, հայտնեց, որ դեպքի օրը՝ առավոտյան ժամը 7:30-ի եւ 8-ի սահմաններում, Մ. Սաղաթելյանին բերման են ենթարկել ոստիկաններ Ապերյանը, Սարգսյանը եւ Ռշտունին՝ իրենց դիմադրելու հիմնավորմամբ եւ «օրինախախտի» մոտ հայտնաբերվել է դանակ եւ երկու բջջային հեռախոս: Վկան ասաց, որ թեեւ ինքն այդ օրը եղել է պատասխանատու հերթապահ, սակայն Մ. Սաղաթելյանի՝ դանակ ունենալուն վերաբերող արձանագրությունն անձամբ չի կազմել: Նա անգամ չհիշեց, թե ով է դանակը ներկայացրել իրեն: Պաշտպանի հարցին, թե մինչ մարտի 1-ը՝ ի՞նչ է իմացել Մ. Սաղաթելյանի մասին, վկան պատասխանեց. «Միտինգների պահից ճանաչում եմ նրան, հարթակում տեսել եմ եւ հարցրել, թե ո՞վ է նա: Նրան ճանաչելը իմ պարտականությունն է եղել, պետք է իմանալ, թե ով է ելույթ ունենում, ճի՞շտ են ասում, թե՝ սխալ էս երկրի համար»: Վկան նաեւ հայտնեց, որ ժամը 5-6-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում բոլորը գոռում էին: Ս. Սաֆարյանը հարցրեց. «Իսկ ի՞նչ էր անում Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Նախագահող դատավորը հարցը հանեց, իսկ Մ. Սաղաթելյանը տեղից նկատեց. «Էս գործի կեսը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է գրված, ինչո՞ւ եք հարցը հանում»: Քանի որ Ա. Պետրոսյանը պաշտպանի գրեթե բոլոր հարցադրումներին պատասխանում էր «չեմ հիշում, գործերում ամեն ինչ գրված է» նախադասությամբ, Ս. Սաֆարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով. «Վկան գործի հանգամանքների վերաբերյալ հստակ ցուցմունքներ չի տալիս եւ խուսափում է կարեւոր հարցերին պատասխանելուց, մինչդեռ նրա ցուցմունքները կարող են կարեւոր հանգամանք դառնալ իմ պաշտպանյալի անմեղության ճանաչման հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել