Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԾԵԾԵԼՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ

Սեպտեմբեր 13,2008 00:00

Այդպես է կարծում ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դեմո» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը չի վստահում Հանրային հեռուստաընկերությանը: Դա է վկայում նաեւ «Առավոտի» փոքր հարցախույզը Ստեփանակերտում եւ Հադրութի շրջանում: 50 հարցվածներից «Հայլուրին» եւ Արցախի հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումներին վստահում է ընդամենը 11 հոգի: Արցախի հանրայինին ավելի վատ բնութագրում են տալիս, քանի որ, ըստ արցախցիների, լրատվական ոչ մի հեղինակային նյութ չի արվում, պարզապես «թխում» են «Հայլուրի» ասածը: Բայց ցավալին այն է, որ ՀՀ-ի ներքաղաքական անցուդարձին ծանոթանալու համար այլընտրանք չունենալով, ԼՂ-ում ստիպված ադրբեջանական ալիքներից են տեղեկանում: Այդ ալիքներով օրվա ընթացքում մի քանի տասնյակ անգամ հնչում է «Էրմանիստան» անունը եւ մանրամասն ցուցադրվում են «մարտի 1»-ի կադրերը, վերջերս էլ լոզունգ դարձավ իշխանությունների օպերացիան Հյուսիսային պողոտայում:

Ղարաբաղում լրատվական դաշտի «ամայության» եւ լրագրողներին հուզող այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, երկրի միակ ընդդիմադիր թերթի՝ «Դեմոյի» գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ: Զրուցակցիս խոսքերով, ԼՂՀ-ում իրենք նյութերի հավաքագրման լուրջ խնդիր չեն ունենում, փոխարենը խնդիրներ ունի ամբողջ պետությունը: «Կա տեղեկատվության մատչելիության խնդիր, որը բոլորիս է վերաբերում: Ունենք շատ լավ օրենք, այդ մասին հնչած լավ կարծիքներ, բայց իրական կյանքն այլ բան է հուշում եւ տեղեկատվության հայթայթումը բավականին բարդանում է: Հայաստանում էլ է բարդ, բայց մեր դեպքում՝ շատ ավելի, որովհետեւ պատերազմական իրավիճակում ենք: Հաճախ պետական լրատվամիջոցներն էլ չեն կարողանում տեղեկություններ հավաքել: Այստեղ ոչ միայն զգուշանում են, այլեւ խանգարում է իներցիան, ավանդույթը, մտայնությունը, թե ասվածը կարող է ջուր լցնել թշնամու ջրաղացին կամ կարող է ռազմական, պետական գաղտնիք լինել: Նորմալ երկրներում այդպիսի տեղեկությունների ցանկը օրենքով սահմանված է լինում, մեզ մոտ չկա: Կա միայն կառավարության որոշում»,- ասաց Գ. Բաղդասարյանը:

Անդրադառնալով լրագրողների դեմ կիրառվող բռնություններին՝ նա նշեց, որ Ղարաբաղում լրագրողների դեմ չեն բռնանում, ծեծուջարդ չկա՝ ինչպես Հայաստանում է: «Այստեղ լրագրողները շատ հանգիստ են աշխատում, բայց դա պայմանավորված չէ ղարաբաղյան իշխանությունների ավելի բարձր մակարդակով կամ ավելի քաղաքակիրթ լինելով: Ի վերջո, կոշտությունը լինում է այնտեղ, որտեղ կա իշխանափոխության վտանգ: Այստեղ իշխանությունը վտանգ չի զգում: Քաղաքական դաշտում արշալույսները խաղաղ են: Մի խոսքով՝ գերեզմանային խաղաղություն է տիրում: Եթե երկրում կա լուրջ ընդդիմություն, որը սպառնում է իշխանափոխությամբ, լրատվական դաշտն ավելի վտանգավոր է դառնում իշխանությունների համար: Մեր իշխանությունների այս քաղաքակիրթ պահվածքը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ այստեղ ընդդիմություն չկա»,- հավելեց թերթի խմբագիրը: Բայց արդարության համար նշեց, որ նույնիսկ ընտրությունների ամենաթեժ պահերին Արցախում ոչ մի լրագրող ծեծի չի ենթարկվել: Նույն բանը չասաց Հայաստանի վերաբերյալ, որտեղ լրագրողների աշխատանքը «ռիսկայիններից» է: «Հայաստանում վերջին տարիներին է ուժեղացել լրագրողներին ծեծելու միտումը, ինչը շատ ցավալի է: Այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանում ուզում են դափնիները Ադրբեջանից խլել: Տարածաշրջանում լրագրողներին ծեծելու, սպանելու, բանտարկելու բացահայտ լիդերը Ադրբեջանն է, բայց կարծես թե Հայաստանն ուզում է նրա հետ մրցակցել: Սա ուղղակի խայտառակություն է: Մի երկրում, որտեղ թշնամիները լրագրողներն են, ուրեմն այդ երկրում, Սարոյանի խոսքերով ասած՝ ինչ-որ բան սխալ է: Որպես լրագրող՝ դատապարտում եմ Հայաստանում կատարվող այդ երեւույթները»,- խոսքը եզրափակեց Գեղամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով «Դեմոյին»՝ պարոն Բաղդասարյանը նշեց, որ, ըստ էության, իշխանություններից միակ անկախ թերթն է Արցախում, սակայն «բացարձակ անկախություն Հայաստանի եւ Ղարաբաղի նման երկրներում հնարավոր չէ: Ինչպես ասում են՝ միայն հարուստ երկրները կարող են իրենց թույլ տալ ազատ մամուլ ունենալու շռայլությունը»:

Հ. Գ. Որպես ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Գեղամ Բաղդասարյանի ներքաղաքական եւ տարածաշրջանային թեմաներով «Առավոտին» տված հարցազրույցը՝ առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել