Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսը սկեսուրից տունը խլում է

Սեպտեմբեր 13,2008 00:00

Տան վրա արգելանք է դրվել հարսի դիմումի հիման վրա

«Ես բազում տարիներ անտուն եմ եղել, ապրել եմ եղբորս տանը, հետո էլ գնացել եմ կիսաքանդ տանն եմ մնացել՝ մինչեւ կոոպերատիվ հիմունքով բնակարան եմ ձեռք բերել: Չնայած ես այս բնակարանում ապրում եմ արդեն 33 տարի, կոոպերատիվ վարկն էլ մարել եմ ժամանակին, ինձ թույլ չեն տալիս այն սեփականաշնորհել: Մեր շենքի բնակիչների մեծ մասն առանց որեւէ դժվարության իրենց բնակարանները սեփականաշնորհել են»,- այսպես ներկայացրեց իր բողոքն օրերս «Առավոտի» խմբագրություն եկած Թամարա Բադալյանը: Նա բնակվում է Նոր Նորքի Գայի պողոտայի թիվ 13 շենքում: Թ. Բադալյանի խոսքերով, իր մեծ տղայի կինը՝ Ռուզան Խաչատրյանը (ամուսնու ազգանվամբ՝ Սահակյանը), դիմել է դատարան, որպեսզի գրանցվի իր բնակարանում. «Ես չեմ էլ իմացել, որ այդպիսի բան է ցանկանում անել: Իմ բնակարանի օրդերն իմ անունով է, ինձ մոտ եմ պահում, զարմանալի է, թե դատարանն ինչպես է առանց իմ համաձայնությունը ստանալու որոշում կայացրել ու ինձանից թաքուն իմ տան վրա մարդ գրանցել: Կարծում եմ՝ հենց նրա մատն էլ խառն է, որ այժմ իմ տան վրա արգելանք է դրված եւ ես այն չեմ կարողանում սեփականաշնորհել»:

Տիկին Բադալյանը համոզված է, որ իր հարսը մտադրություն ունի իրենից խլել բնակարանը եւ իր անունով սեփականաշնորհել. «Ես անասելի դժվարություններով եմ այդ տունը ձեռք բերել, այն ժամանակվա՝ սովետական փողով վճարել եմ 10 հազար ռուբլի, իսկ նա եկել է ու մի քանի օրում ցանկանում է իմ ձեռքից բնակարանս վերցնել: Անհամբեր սպասում է իմ մեռնելուն: Ես ամուսնուցս բաժանվել եմ, 3 տղաներիս մենակ եմ մեծացրել: Իսկ իմ եզդի հարսը ինձ անգամ նորմալ տիրություն չի անում՝ ուտելու բան էլ չի տալիս, վերջին մի քանի տարիների ընթացքում տաք կերակուրը չգիտեմ ինչ է: Քանի որ տղաս իր ընտանիքով իմ տան վրա է գրանցված, ես չեմ կարողանում պետական ոչ մի աջակցությունից օգտվել, միայն 15 հազար դրամ թոշակ եմ ստանում, սա է իմ եկամուտը: Եթե հարսս չգրանցվեր՝ որպես միայնակ գոնե նպաստ կստանայի»: Նրա ներկայացմամբ՝ իր ստացած թոշակով կարողանում է միայն բնակվարձերը վճարել եւ հաց գնել. «Հեռախոսս էլ անջատել են, չեմ կարողացել վճարել: Աչքերս գրեթե չեն տեսնում, պետք է վիրահատել, սակայն դրա համար գումար չունեմ: Ձմռան ամիսներին արջի պես քուն եմ մտնում, պառկում եմ անկողնում, որ ավել գումար չծախսեմ բնակարանս տաքացնելու համար»:

Նշենք, որ 2005 թվականին Ռուզաննա Սահակյանի դիմումի հիման վրա Ավան եւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանը որոշել է Թամարա Բադալյանին արգելել իր բնակարանի նկատմամբ որեւէ գործարք կատարել: Այդ իսկ պատճառով, ԴԱՀԿ-ն կնոջ բնակարանի վրա՝ որպես հայցի ապահովման միջոց, արգելանք է դրել: Իսկ մեր հարցին, թե ինչի՞ համար է դատարանն արգելել Թ. Բադալյանին բնակարանը սեփականաշնորհել, նույն դատարանից մեզ դժվարացան պատասխանել՝ ասելով, որ այդ տարիների գործերն արդեն արխիվ են գնացել եւ որ մենք պետք է դիմում գրենք, որպեսզի իրենք այդ տեղեկատվությունը փնտրեն:

Փաստորեն, Թ. Բադալյանի կասկածները հաստատվում են, առ այն, որ հարսը «մութ» գործարքների միջոցով ցանկանում է բնակարանը խլել սկեսուրից: Երեկ ԴԱՀԿ մամուլի ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ եթե Թ. Բադալյանը ցանկանում է բնակարանը սեփականաշնորհել հենց իր անունով, պետք է դիմի դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել