Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ «ՄԱՏՆԵՐԻ ՎՐԱ» ԽԱՂԱՑՆՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 13,2008 00:00

\"\"Միայն այն բանի համար, որ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակ աշխատակիցը գործի չի ներկայացել՝ «ռեմոնտի» հետեւանքները մաքրելու, տնօրենը նրան վռնդել է:

Սեփական իրավունքների չիմացության պատճառով, շատ քաղաքացիներ ստիպված են լինում աշխատավայրում «կուլ տալ» գործատուների հայհոյանքները, ենթարկվել նրանց հրամաններին ու անգամ արժանանալ արհամարհական ու նվաստացուցիչ վերաբերմունքի: Անշուշտ, գործատուներից շատերն էլ չգիտեն, որ իրենք իրավունք չունեն աշխատակիցների հետ վարվել այնպես, ինչպես կամենան:

Օրերս Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, առանց որեւէ բացատրության, աշխատանքից հեռացրել է հավաքարար Էլմիրա Կարապետյանին, որն արդեն 4 տարի թատրոնի աշխատակից է: Ընդ որում, պարոն Բաբայանն այս որոշումն ընդունել է այն ժամանակ, երբ Է. Կարապետյանը եղել է արձակուրդի մեջ: «Առավոտի» հետ զրույցում Է. Կարապետյանը պատմեց, որ թատրոնում աշխատելու տարիներին ինքը ոչ մի անգամ նկատողություն չի ստացել. «Օգոստոսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը արձակուրդի մեջ եմ եղել: Այդ ժամանակ թատրոնը վերանորոգվում էր եւ ինձ զանգեցին, որ մի քանի օր շուտ գնամ գործի՝ վերանորոգումից հետո մաքրություն անելու: Իրենց ասած օրը ես չկարողացա գնալ, որովհետեւ տանը ջերմությամբ պառկած հիվանդ ունեի»: Է. Կարապետյանը թատրոն է գնացել 2 օր ուշացումով, բայց դեռեւս եղել է արձակուրդի մեջ, սակայն միայն այն, որ նա անմիջապես չի կատարել տնօրինության հրամանն ու նրանց ասած օրվանից 2 օր ուշ է ներկայացել, այնքան է զայրացրել թատրոնի ղեկավարությանը, որ որոշել են Է. Կարապետյանին աշխատանքից հեռացնել. «Ես գնացի թատրոն եւ փոխտնօրեն Գագիկ Ռոստոմյանին ասացի, որ հիվանդ եմ խնամել, այդ պատճառով էլ չեմ կարողացել գալ, բայց նա ավելը վերցրեց իմ ձեռքից, շպրտեց եւ այլանդակ հայհոյանքներ տալով ասաց, որ ես աշխատանքից վռնդված եմ: Իսկ իմ փոխարեն արդեն աշխատում էր տիկնիկագործ Անահիտ Պողոսյանը»: Է. Կարապետյանի խոսքերով, իր արձակուրդը լրանալու հաջորդ օրը, այսինքն՝ սեպտեմբերի 3-ին, իրեն թատրոնից զանգել են ու ասել, որ լավ կլինի գա եւ ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում գրի, հակառակ դեպքում ստիպված կլինեն աշխատանքային գրքույկում գրել, որ նրան վռնդել են:

Նշենք, որ Է. Կարապետյանի խնամքին են 3-րդ կարգի հաշմանդամ (կույր) ամուսինը, հաշմանդամ աղջիկը եւ թոռնիկը:

Այս առնչությամբ, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն «Առավոտին» պարզաբանեց. «Նա հենց այն հարկն է հավաքում, որտեղ ես եմ լինում: Քանի անգամ եկել տեսել եմ՝ սենյակս փոշու մեջ կորած է: Ես էլ նրան կանչել ու ասել եմ, որ դժգոհ եմ իր աշխատանքից, որ չեմ ուզում նա աշխատի, իսկ նա ինձ վիրավորել է ու ասել՝ պարզ է, ուրեմն նոր մարդ ունեք: Անկախ նրանից, նա ազատված է, թե ազատված չէ, ամսի 2-ից աշխատանքի չի ներկայացել եւ ես պայմանագիրը համարում եմ վաղօրոք դադարեցված: Նրա աշխատանքից դժգոհել են նաեւ պարետն ու փոխտօրենը»: «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք պետք չէր, ավելը Է. Կարապետյանի ձեռքից վերցնելու եւ շպրտելու փոխարեն, նրան ավելի քաղաքակիրթ ձեւով տեղյակ պահել աշխատանքից ազատվելու պատճառների մասին, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ես նման բան չեմ արել, փոխտնօրենն էլ, չգիտեմ, արե՞լ է, թե՝ չէ: Ես նրան միայն կանչել ու ասել եմ, որ դժգոհ եմ, ինչի համար էլ նա մի քանի անգամ նախազգուշացում է ստացել»: Մեր հարցին՝ երբեւիցե գրավոր նախազգուշացում տվե՞լ եք, պարոն Բաբայանը պատասխանեց. «Եթե մենք գնում ենք էդ ճանապարհով, ես կարող եմ նրան կանչել աշխատանքի եւ շատ արագ նախազգուշացում տալ ու հեռացնել»: Ինչ վերաբերում է նրան, որ տնօրենը հավաքարարի հաստիքն արդեն տվել է տիկնիկագործին, Ռ. Բաբայանն ասաց. «Անահիտը 3 երեխաների մայր է եւ աշխատում է թատրոնում 20 տարուց ավելի: Նա մի քանի անգամ փոխարինել է հավաքարարներին: Եվ քանի որ մեզ մոտ աշխատավարձը շատ ցածր է, ես աշխատում եմ, որ նրանք մի քանի գործ անեն միաժամանակ: Անահիտը դեռ պարզապես փոխարինում է նրան, բայց հրամանը տրված չէ»:

Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով, թատրոնի հաստիքների կեսից ավելին զբաղեցնում են փոխտնօրեն Գագիկ Ռոստոմյանի հարազատները: Օրինակ, նրա քենու ամուսինն ու կնոջ քեռին թատրոնի պահակներն են, եղբայրը՝ եռակցողն է, իսկ թատրոնի վերանորոգման «շեֆը» նրա եղբոր տղան է:

Նկատենք, որ համաձայն «Աշխատանքային օրենսգրքի», գործատուն, անշուշտ, իրավունք ունի պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնել աշխատողին, սակայն պարտավոր է այդ մասին աշխատակցին տեղեկացնել նվազագույնը 2 շաբաթ առաջ, իսկ օրենքով նախատեսված որոշ դեպքերում՝ առնվազն 2 ամիս առաջ: Առանց աշխատակցին տեղյակ պահելու, գործատուն կարող է նրան ազատել աշխատանքից միայն բացառիկ դեպքերում, ասենք՝ դատարանի վճռով, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել