Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնում մենք հաղթանակ ենք տոնելու»

Սեպտեմբեր 13,2008 00:00

\"\"Վստահ է Արարատ Զուրաբյանը

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն արդեն հայտարարել էր, որ մասնակցելու է սեպտեմբերի 28-ին կայանալիք Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններին։ Երեկ «Հայացք» ակումբում նա մանրամասնեց, թե ինչով էր պայմանավորված այդ որոշումը. «Գտնում եմ, որ Կենտրոն համայնքը մեր հանրապետության մինի-մոդելն է, եւ այստեղ ընտրություններին մասնակցելը շատ կարեւոր է: Առջեւում նաեւ առկա են ավելի մեծ ընտրություններ, որոնցից մեր իշխանությունները խուսափում են (նկատի ունի Երեւանի քաղաքապետի ընտրությունները-Ն. Գ.): Նրանք համոզված են, որ դրանցում ընդդիմությունը կարող է հաղթել, եւ այդ ընտրությունները գնալով ավելի հետաձգվում են»: Այս համատեքստում բանախոսը միանգամայն համաձայն էր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի՝ ԱԺ-ում արած դիտարկմանը, որ եթե նոր հեռուստատեսությունների լիցենզավորման մրցույթ կարելի է չանցկացնել, որովհետեւ այսպես-այնպես՝ ժամկետները լրանում են, ապա կարելի էր ՏԻՄ ընտրություններ էլ չանցկացնել, քանի որ առաջիկայում պետք է լինեն Երեւանի քաղաքապետի ընտրություններ: Սակայն «խախտելով Սահմանադրությունը՝ իշխանությունը, որը սահմանադրական փոփոխությունների թիվ 1 պատճառը բերում էր «Երեւանի մասին» օրենքը, խուսափում է այդ ընտրություններից»,- ասում է Արարատ Զուրաբյանը՝ տեղեկացնելով, որ ինքը պատրաստվում է մասնակցել նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին, երբ էլ դրանք կայանան: «Փորձելու ենք առավելագույնն անել, որպեսզի մեր ձայները պահպանենք, ես համոզված եմ, որ դրանք բավարար են՝ հաղթանակ տոնելու համար: Առաջին անգամ չէ, որ Կենտրոնում ընտրությունների եմ մասնակցում. եղել եմ հաղթող, երբ ընդդիմություն էի՝ 1999-ին, նույն կարգով, կարծում եմ, նաեւ այսօր կհաջողվի հաղթանակի հասնել»,- վստահեցնում է նա: Բացի այդ, Ա. Զուրաբյանը Կենտրոնի առանձնահատկությունն է համարում, որ այդ տարածքում փողը դոմինանտ չէ:

«Ակնհայտ էր, որ Հայաստանում ժողովրդավարության եւ, ընդհանրապես, իրավիճակի հետ կապված խնդիրների քննարկումը որոշակիորեն երկրորդ պլան էր անցնելու, որովհետեւ կա ռուս-վրացական հարաբերությունների խնդիր: Ռուսաստանի եւ Վրաստանի հարցի քննարկումը իր ծավալով որոշակիորեն թույլ չի տալու, որպեսզի անդրադարձը Հայաստանի նկատմամբ կամ ձեւավորվող վերաբերմունքը ստանա իր վերջնական եւ ամբողջական արտահայտությունը»,- նման մոտեցում ունի ՀՀՇ վարչության նախագահն այն փաստին, որ ԵԽԽՎ-ի այս նստաշրջանում Հայաստանի հարցը չի քննարկվի: Այդուհանդերձ՝ «Եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները, ապա հաստատ համոզված եղեք, որ հաջորդ նստաշրջանում Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից, եւ կլինեն սանկցիաներ: Իհարկե, դա ցանկալի չէ: Օգտվելով իրավիճակից՝ իշխանությունը փորձեց այն հօգուտ սեփական ցանկությունների օգտագործել, բայց կարճ ժամանակ հետո նրանք ստիպված են լինելու իրենց քայլերը վերանայել»:

Իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսությանը բանախոսն այսպես է վերաբերվում. «Կարծում եմ, բանակցողներից մեկն էլ պետք է լինի Ալեքսանդր Արզումանյանը, ով այսօր ԱԱԾ մեկուսարանում է: Կամ թող Սերժ Սարգսյանի շտաբի պետին էլ ձերբակալեն եւ նստեցնեն ԱԱԾ մեկուսարանում, կամ էլ՝ Ալ. Արզումանյանին ազատ արձակեն»: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն էր: Ա. Զուրաբյանը նախընտրում է երկրորդ տարբերակը, պնդելով, որ բանակցություններ կարող են լինել միայն նոր համապետական ընտրություններ նշանակելու հարցի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել