Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՑՎԱԾ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Սեպտեմբեր 13,2008 00:00

\"\"ՀՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը հաճոյախոսում է ՀՅԴ-ին

– Մի առիթով Դուք կարծիք էիք հայտնել, որ Միավորված կոմունիստական կուսակցության, որի ղեկավարն եք դուք, գործընկերը քաղաքական դաշտում համարում եք ՀՅԴ-ն: Անգամ ասացիք, որ եթե երբեւէ ընտրվեք պատգամավոր, ապա, ինքնաբերաբար, լինելու եք դաշնակցության խորհրդարանական խմբակցության կազմում: Ձեր այս կարծիքը մի փոքր յուրօրինակ է այն առումով, որ ինչքան էլ երկու հոսանքները սոցիալիստական ուղղվածություն ունեն, այդուհանդերձ, մեր պատմության մեջ եւ իրականությունում կարծես որեւէ կերպ չեն զուգահեռվում ՀՅԴ-ն եւ ՀԿԿ-ն, թեկուզ՝ նորացված, ապա՝ միավորված:

– Ես այդպես չեմ կարծում: Եվ, անկեղծ ասած, ժամանակների փոփոխությունը բավականին ակտիվորեն ենք մենք ընդունում եւ զգում: Այսօր դաշնակցությունը 20-30-ականների, անգամ 80-ականների դաշնակցությունը չէ: Ես դա ասում եմ կոմունիստի՝ մարդու տեսակետից, ով գիտակցում է, որ երկիրն իրենն է, իր առջեւ ծառացած ունի ժողովրդի եւ պետության անվտանգության խնդիրներ, աշխարհի մարտահրավերներ, որոնց պետք է բռունցքված պատասխան պատրաստի: Իսկ բռունցքվել՝ չի նշանակում առանձին բնակարաններում տեղավորվել, այլ միավորվել է պետք, թեկուզ՝ հանուն գաղափարախոսության ճակատագրի: ՀԿԿ-ն իր մասնատվածության պատճառով այս էլ որերորդ ընտրություններում չի փայլում իր քվեների առատությամբ, իսկ ՀՅԴ-ն իր հաստատուն ձայներն ունի: Եթե ինձ երբեւէ մեծամասնական կամ համամասնական կարգով բախտ վիճակվեր հայտնվել խորհրդարանում, ես ինձ ուրիշ երամ չէի փնտրի:

– Ինչո՞ւ անպայման ՀՅԴ խմբակցության անդամ, այն էլ՝ նույնիսկ մեծամասնական կարգով ընտրվելու դեպքում:

– Ես անհատ կարգավիճակը չեմ պատկերացնում: Չորս տարի ես ուղղակի եմ շփվել խորհրդարանական խոհանոցի հետ եւ չեմ պատկերացնում անհատ կարգավիճակով գործիչների օգտակար գործողության գործակցի չափերը, որը մարդիկ երեւակայում են: Իսկ խմբակային գործունեությունը ես պատկերացնում եմ այնտեղ, որտեղ իմ սոցիալիստական գաղափարները չեն ոտնահարվի եւ ոչ էլ կարհամարհվեն: Բացի դաշնակցությունից, ես այլ կուսակցությունների ծրագրում չեմ հանդիպել, որ խոսք լինի գոնե սոցիալական արդարության եւ հավասարության մասին:

– Իսկ Ձեզ գոհացնո՞ւմ է ՀՅԴ-ի գործունեությունը կոալիցիոն կառավարության կազմում:

– Դա իմ կողմից երրորդ պլան մղված հարց է, որովհետեւ ես ինձ չեմ համարում այն անձնավորությունը, որը պետք է գնահատական տա մի հսկա կուսակցության գործունեությանը:

– Ոչ իբրեւ քաղաքական գործիչ, իբրեւ քաղաքացի:

– Իրենք ունեն իրենց քաղաքական կենտրոնը, որն էլ որոշում է նրանց գործառույթները, աշխատաձեւը, մեթոդները: Իրենք պետք է գնահատական տան, ես էլ իբրեւ ժողովրդի մի մասնիկ, պետք է տեղյակ լինեմ՝ իրենք գո՞հ են իրենց գործունեությունից: Իսկ ինչ մնում է ինձ՝ էդ ի՞նչ պետք է անեին, որ չեն արել: Իհարկե, ինձ թվում է՝ իրենք ճիշտ են աշխատում:

– Դուք կարծում եք, որ կոալիցիայի շրջանակներում ՀՅԴ-ն անո՞ւմ է ամենը՝ երկրում սոցիալական արդարություն եւ հավասարություն հաստատելու համար:

– Դուք փնտրում եք այն, ինչը որ փնտրում եք, բայց ես պիտի խոսեմ այնպիսի ինտոնացիայով եւ թեմատիկան այնպես նեղացնելով, որ չվնասեմ առանց այդ էլ նուրբ, շատ փխրուն հավասարակշռությունը: Հայաստանում քաղաքական անհավասարակշիռ վիճակ է ստեղծված՝ պողպատյա գունդը դրված է ապակյա հարթ մակերեւույթի վրա: Հիմա եթե յուրաքանչյուրս մեր հերթին այդ անկայունությանն ավելացնենք մեր սեփական թեքությունը՝ կգլորվի անդունդը, իսկ այդ գլորվողը պետականությունն է եւ երկրի ապագան: Ես չեմ ուզում ընդառաջ գնալ ձեր այդ հետեւողական սենսացիաներին եւ պատասխանել: Իրոք, կոմունիստական գաղափարախոսությունների միավորումը շատ մեծ եւ դրական լիցք կտար: Ջրել է պետք, հարգելիս, ոչ թե արմատներն էլ կտրել: Մի ստիպեք արմատ կտրելու քաղաքականություն տանել, ես ուզում եմ ջրել, որովհետեւ ես համոզված եմ, որ իմ ժողովրդի, իմ երկրի ապագան սոցիալիզմի մեջ է:

– Իսկ երբեւէ չե՞ք մտածել լուծարել սակավաթիվ ՀՄԿԿ-ն եւ տարրալուծվել ՀՅԴ-ի մեջ, քանի որ փորձը ցույց տվեց, որ տարատեսակ կոմունիստներին միավորելու տարիների ձեր ջանքերը ապարդյուն անցան:

– Չէ, որովհետեւ դա երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիր պետք է լինի: Մանուկյան Յուրան կարող է իբրեւ մասնավոր անձ հանդես գալ նման խնդրով: Դա կգնահատվի, թե՝ ոչ, չգիտեմ: Իսկ կուսակցության լուծարումն իմ խնդիրը չէ. կա կենտկոմ, համագումար… մարդիկ են՝ ոչ թե բեռներ, ես էլ՝ բեռնակիր, որ վերցնեմ ու տանեմ: Մյուս կողմից էլ՝ պատմությունը ցույց է տվել, որ ՀՅԴ-ն իր ծրագրային դրույթներում չունի մի քիչ ավելի ձախ թեքվելու հնարավորություն. կան սոցիալիզմի տարատեսակներ:

Հ. Գ. Ի դեպ, ՀՄԿԿ-ն այն վեց կուսակցությունների շարքում է, ովքեր իրենց անվանում են ազգային ընդդիմություն՝ ԱԻՄ, ՍԻՄ, ՀՔԴՄ, ՍԴԿ, ՀԱԱԿ (Անտինյան): «Միայն երկրի եւ պետականության ճակատագիրն է մարդկանց բերել այդտեղ, ով կարծում է, որ բան ունի իր երկրին տալու՝ վեցյակում տեղ ունի»,- հայտարարում է Յու. Մանուկյանը եւ կարծում, որ առնվազն 10 կուսակցություն կարող են միավորվել իրենց, իսկ 15 կուսակցությունների միավորումը ցանկացած քաղաքական երեւույթի ժամանակ կարող է վճռորոշ լինել եւ արդյունքներ տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել