Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԿԻ ՀԵՏ ՉԷՐ ԽՈՍԵԼ

Սեպտեմբեր 13,2008 00:00

Երեկ թերթերից մեկը հրապարակել էր «Մարտի 1»-ի գործի նախաքննական նյութերից հերթական գաղտնալսումը, ըստ որի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը կոպիտ արտահայտություններ էր գործածել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանի հասցեին՝ ոստիկանների հետ պայմանավորվածության համար՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ կայացած հանրահավաքը կայարանամերձ հրապարակ տեղափոխելու վերաբերյալ: Ըստ գաղտնալսման՝ Ալ. Արզումանյանը Նիկոլ Փաշինյանին հայտնել էր, թե Վարդան Խաչատրյանին հայհոյել է. «Ասել եմ՝ չխառնվես»:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս գաղտնալսմանը՝ Վարդան Խաչատրյանն ասաց. «Չեմ կարող հավաստիության առումով գնահատել հրապարակված գաղտնալսումը, քանի որ չեմ պատկերացնում, թե ինչպես է ստացված այն, արդյոք ճշգրի՞տ է, թե՞ ոչ, տեքստը համապատասխանո՞ւմ է այն ամենին, ինչ խոսվել է»: Փոխարենը նախընտրեց պատմել, թե ինչ է եղել այդ օրը: Եվ մասնավորապես հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին մարտի 1-ի առավոտյան հարցրել էր. «Ի՞նչ կողմնորոշում կա Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդկանց հավաքվելու հետ կապված: Եվ պատասխան եղավ, թե քանի որ շտաբ գոյություն չունի՝ մարդիկ ցրված են, պարզ չէ, թե ովքեր են ձերբակալված, իսկ ովքեր՝ ոչ, որոշում կայացված չէ, եւ դա փաստորեն ինքնաբուխ միջոցառում է»: Վարդան Խաչատրյանը նկարագրեց, թե ինչ գերլարված ու բարդ վիճակ էր Ֆրանսիայի դեսպանատան մոտ. «Ինչից ելնելով էլ ես մոտեցա ոստիկաններին, սկսեցի վարել բանակցություններ՝ ասելով, թե պետք է պարզեմ ժողովրդի հետ: Այսինքն՝ այնպես չէ, որ ես կարող եմ խոսք տալ, ու ժողովուրդը պետք է գնա: Պարզ բացատրել եմ, որ դա մեր կողմից այդ պահին միայն ստուգելու խնդիր է, թե ժողովուրդը որքանով է պատրաստ գնալ: Վերջին հաշվով, եկանք այն եզրահանգման, որ ժողովուրդը կա՛մ կարող է գնալ ու հանրահավաք իրականացնել Սասունցի Դավիթի արձանին հարակից հրապարակում, կա՛մ Մատենադարանի մոտ: Թե՛ մեկ, թե՛ մյուս առաջարկը ժողովրդի կողմից մերժվեց: Իսկ Ալեքսանդր Արզումանյանի հետ հեռախոսազրույց չի եղել»: Հարցին՝ նա իրեն չի՞ պատվիրել, որ չխառնվի՝ պրն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե չի եղել հեռախոսազանգ՝ ինչպե՞ս էր ասելու, որ չխառնվենք: Ես Արզումանյանի հետ չեմ խոսել: Խոսակցություն եղել է միայն Երջանիկ Աբգարյանի հետ, որը նույնպես համաձայն էր, որ դիմենք ժողովրդին, եթե հնարավոր է՝ լարված իրավիճակը հաղթահարելու եւ Մատենադարան գնալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել