Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանության բախտը բերե՞ց

Սեպտեմբեր 13,2008 00:00

Քանի որ ԵԽԽՎ ուշադրությունն այժմ սեւեռված է ռուս-վրացական հակամարտության վրա

Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի Հայաստանի վերաբերյալ հայտարարության քննարկումը շատ հակիրճ էր՝ հազիվ 10 րոպե, երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում խորհրդարանական ուժերից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք պատճառն ա՞յն է, որ ԵԽ ուշադրության կենտրոնում այժմ Հարավային Օսիայի հակամարտությունն է, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԽԽՎ բանաձեւերի կատարման առնչությամբ արձանագրել է որոշակի առաջընթաց:

Հարցին ի պատասխան՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Առաջընթացի մասին խոսք լինել չի կարող: Դեռ ավելին, կարող ենք ասել, որ հետընթաց է արձանագրվել՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ: Իսկ Հայաստանի հարցին հակիրճ անդրադարձը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում, իհարկե, պայմանավորված էր Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ հակամարտությամբ, քանի որ ամբողջ ուշադրությունն այսօր սեւեռվել է հենց այդ խնդրի վրա, եւ մեր նկատմամբ ուշադրությունն ինչ-որ չափով նվազել է»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի մեկնաբանությամբ՝ «Ռուս-վրացական հակամարտությունը հավանաբար ինչ-որ դեր խաղաց, որպեսզի ուշադրության ծանրակշիռ մասը կենտրոնանար այլ ուղղությամբ: Բայց պիտի ասեմ, որ օրեր առաջ ինքս հայտնել եմ այդպիսի տեսակետ, թե հավանաբար չեն լինելու շատ կոնկրետ գնահատումներ, եզրահանգումներ, քանի որ Հայաստանը ներկայացրել է այն քայլերը, որոնք կատարել է այս ընթացքում: Կարծում եմ, որ խոհեմ որոշումը հենց սա էր, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը, արձանագրելով տեղի ունեցած գործընթացները՝ խուսափեր վերջնական եզրահանգումներից, դրանք թողնելով ԵԽԽՎ հունվարին կայանալիք նստաշրջանին»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է՝ մեր դիտարկմանը, թե փաստորեն Հայաստանի իշխանության բախտը բերեց, որ ԵԽԽՎ ուշադրությունը շեղվել է մեր երկրից՝ այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե այստեղ բախտը բերելու խնդիր կար: Թոմաս Համմարբերգը 10 րոպեի ընթացքում էլ կարող էր ասել, եթե վերապահումներ ունենար, եւ եթե որոշած լիներ, որ ընդհանրապես որեւէ դրական քայլ չի կատարվել՝ ասեր, որ հրատապ կարգով Հայաստանի հարցը մտնելու է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ: Եթե 10 րոպեի ընթացքում չի ասվել, նշանակում է՝ իսկապես արձանագրվել է որոշակի առաջընթաց բանաձեւերի կատարման առումով, եւ բնականաբար՝ պահպանվել են որոշակի խնդիրները»:

ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մեկ այլ անդամ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նույն դիտարկմանը, թե մեր իշխանության բախտը բերեց՝ լրացուցիչ ժամանակ ստացան ԵԽԽՎ բանաձեւերը կատարելու համար, հակադարձեց. «Կարծում եմ, խնդիրը պետք է դիտարկել ոչ թե բախտը բերելու, այլ այն իմաստով, որ ԵԽԽՎ ներկայացուցիչները բավական մանրակրկիտ ուսումնասիրում եւ դիտարկում էին Հայաստանում ընթացող զարգացումները: Եվ Թոմաս Համմարբերգը հայտարարել է, որ այդ դիտարկումները պետք է շարունակվեն՝ նույն ուշադրությամբ: Մեր անելիքները բավական հստակ են, եւ Հայաստանի իշխանությունները դրանք կիրագործեն ժամանակի ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել