Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐ

Սեպտեմբեր 13,2008 00:00

\"\"«Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ շատ հարցեր այդպես էլ պատասխան չգտան

«Մարտի 1»-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում, նաեւ երեկոյան՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարող տարածքում տեղի ունեցած դրամատիկ դեպքերը դեռ երկար կմնան եթե ոչ իրավապահների քննության, ապա հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի քննարկման առարկա: Ավելի քան վեց ամիս է անցել այդ դեպքերից, բայց այսօր էլ կան այդ իրադարձություններին վերաբերող բազմաթիվ հարցականներ, որոնք նույնիսկ պատկան մարմինների պաշտոնատար անձանց մեկնաբանությունների լույսի ներքո նվազելու փոխարեն՝ ավելացան: Դրանք հիմնականում այն հարցադրումներն են, որոնք, ենթադրաբար, ցավագին են հատկապես իշխանությունների եւ իրավապահ մարմինների՝ ոստիկանության, ազգային անվտանգության եւ դատախազության համար: Նման մի քանի հարցադրումներ «Առավոտի» հետ զրույցում հնչեցրեց ժամանակին ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Նա համոզմունք հայտնեց, որ «Մարտի 1»-ը՝ որպես երեւույթ, նախապատրաստված է եղել «իշխանությունների եւ նրանց խամաճիկների կողմից»՝ դեռ նախագահական ընտրությունների նախընտրական փուլում: «Հիշո՞ւմ եք, թե ընտրություններից առաջ ինչ էր ասում Սերժ Սարգսյանի որակմամբ՝ «դատարկ դհոլը»՝ Արտաշես Գեղամյանը: Նա հայտարարում էր, որ «նախկին իշխանությունները պատրաստվում են 400-500 ընտրական տեղամասերում կռիվներ եւ բախումներ հրահրել, որ հետո միջազգային կառույցները միջամտեն դրանց»: Այսինքն՝ իշխանություններն ու նրանց սպասարկողները դեռ այն ժամանակ գիտեին, որ իրենք ընտրությունները կեղծելու են, որ ընդդիմությունն ու հասարակությունն ընդվզելու են, որովհետեւ բոլորին է զզվեցրել ընտրությունները կեղծելու շարքը: Իշխանությունները նախապես ծրագրավորել էին նաեւ այդ ընդվզման դեմ իրենց քայլերը, եւ դրա ապացույցն է այն, որ դեռ մինչեւ մարտի 1-ը իշխանությունների կողմից հայտարարվում էր, թե լինելու են զանգվածային անկարգություններ: Իրենք դեռ այն ժամանակ գիտեին, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը: Նման քայլեր արդեն եղել էին 1998-ից սկսած, նաեւ 2003-2004 թվականներին՝ մահակներով հարձակվել մարդկանց վրա եւ մնալ իշխանության ղեկին: Նրանց թվում էր, թե իրենք այս անգամ էլ կմարսեն»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Նրա մատուցմամբ, Հայաստանում չի գտնվի մեկը, իհարկե՝ բացի իշխանություններից, նրանց խամաճիկներից եւ, թերեւս նաեւ, «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամներից, որ չպատմի, թե իրականում ինչ է եղել մարտի 1-ին: «Այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Մարտի 1»-ին վերաբերող փաստեր է ուզում: Ճիշտն ասած, չեմ կարող հավատալ այդ հանձնաժողովին, որը հատուկ ստեղծվել է քաղաքական զեկույց պատրաստելու, մարտի 1-ի մասին հասարակական կարծիք փոխելու, նախաքննական մարմնի կատարած կեղծիքներն ապահովագրելու համար: Բայց եւ այնպես, այդ հանձնաժողովին մի քանի փաստեր հիշեցնեմ, որոնց առնչությամբ լավ կլիներ ստանալ նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բացատրությունները: Երկու շաբաթ առաջ 10 զոհերից մեկի՝ 29-ամյա Սամվել Հարությունյանի հայրը հայտարարել է, թե վստահ է, որ իր որդուն դաժան ծեծի են ենթարկել ձերբակալելուց հետո, որի արդյունքում նա հայտնվել է Հանրապետական հիվանդանոցում եւ ապրիլի 11-ին մահացել: Հոր ասելով, մարտի 2-3-ին ինքն ու կինը իրենց որդուն տեսել են հեռուստատեսությամբ՝ առողջ վիճակում՝ ոստիկաններից մեկի հետ զրուցելիս: Այսինքն՝ զոհը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել մարտի 1-ի դեպքերից հետո: Տարօրինակն այն է, որ, մոր ասելով, իր տղայի քաշը եղել է 70-76 կգ, բայց հիվանդանոցում տեսել է վիրավոր որդուն, որը կշռել է մոտ 120 կգ: Այսինքն՝ մարմինը սկսել է այտուցվել: Մինչ օրս դրա պատասխանը տրված չէ»,- արձանագրեց անվտանգության նախկին բարձրաստիճան սպան:

Երիտասարդի ծնողների վարկածով իրենց որդին մահացել է ծեծի ենթարկվեու արդյունքում ստացած վնասվածքներից, որովհետեւ նրա ոտքերին եւ ձեռքերին օղակաձեւ կարմիր հետքեր են եղել, մարմնի աջ կողմն ու աչքերի տակը՝ ամբողջությամբ կապտած, գլխի վրա էլ երկու լուրջ վնասվածք:

Երբ այս վարկածը հիշեցրեցինք պարոն Եղիազարյանին, նա նկատեց, որ «նման բան՝ երբ ամբողջ մարմինն այտուցվում է անճանաչելի լինելու աստիճանի, թունավորման նշան է: Ծեծելու հետեւանքով նման բան չի լինում: Նրա նկատմամբ օգտագործվել է կամ թունավոր գնդակ, կամ՝ այլ թույն: Հակառակ դեպքում չէր կարող երիտասարդը մարմնի ծավալը փոխել»: Գ. Եղիազարյանը դիմեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովականներին՝ «թո՛ղ հետաքրքրվեն՝ ծնողների հայտարարությունից հետո սպանվածի գործն այդ մասով առանձնացվե՞լ է, նախաքննություն եղե՞լ է, ծնողները հրավիրվե՞լ են իրենց մատնանշած տեսագրությունը նայելու, հայտնի՞ են այն ոստիկանները, ովքեր կանգնած են եղել ողջ-առողջ այդ տղայի կողքին»:

Մեր զրուցակիցը հիշեց նախկին նախագահ Ռ. Քոչարյանի՝ հեռուստատեսությամբ արած հայտարարությունը, թե՝ «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ մեկը մեքենայի ետեւից կրակում էր, թաքնվում եւ էլի դուրս գալով՝ կրակում էր: «Որտե՞ղ է այդ տեսագրությունը: Նրանք ունեին հատուկ նշանառուներ: Եթե նկարահանում է եղել, ապա այդ մարդը եղել է նշանառուներից մեկի նշանի տակ: Ո՞ւր են ապացույցները, ինչո՞ւ չեն ցուցադրում, ինչո՞ւ չպետք է իմանանք, թե ո՞վ էր այն «ցուցարարը», որը փորձել էր կրակել ոստիկանների վրա: Որովհետեւ Ռ. Քոչարյանը ստել է»: Գ. Եղիազարյանի ասելով, այդ օրը դեպքերին ականատես մարդիկ ասում են, որ մարդկանց վրա, այդ թվում՝ ոստիկանների, կրակը բացվել է Աղվան Հովսեփյանի որդու շենքից՝ 8 շենքից. «Տասնյակ քրգործեր են հարուցված այն մարդկանց դեմ, ովքեր քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Զինված մարդն ի՞նչ կարիք ունի քար նետելու: Տասնյակ քրգործեր են հարուցված «զանգվածային անկարգություն» հոդվածով, բայց չկա ոչ մի քրգործ, որը հարուցված լինի ցուցարարներից որեւէ մեկի կողմից ոստիկանի վրա կրակելու փաստով: Քար նետողների մասով կադրեր կան, կրակողների՝ չկան: Ինչպե՞ս հասկանալ»: Ըստ Գ. Եղիազարյանի՝ «Մարտի 1»-ի գործով չլուսաբանվեց, թե այդ օրը Ղարաբաղից ո՞վ եւ ի՞նչ առաքելությամբ էր Հայաստան եկել: Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, թե Լեոյի փողոցում է գտնվել ԼՂ-ի, այսպես կոչված՝ սպեցնազի հրամանատարը, եւ հավելել, որ այդ օրը Լեոյի փողոցում ծավալված իրադարձությունների տեսաժապավենը, որտեղ երեւում է այդ հրամանատարը, իշխանությունները ունեն, բայց չեն ցուցադրի: «Ասում են՝ ընդդիմությունը ղարաբաղցի-հայաստանցի բաժանում է անում: Էդ մեզ վրա կրակելով իրենք բաժանում չէի՞ն անում, դրան չէի՞ն նպաստում»,- հռետորական հարցադրում արեց նա:

Ընդամենը վերջերս ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու փաստին, ասել էր, թե դրա եւ օպերատիվ այլ միջոցառումների իրականացման արդյունքում հանրությանը հայտնի դարձավ ՀՀ «ներքաղաքական իրավիճակը դեպի ապակայունացում տանող ուժերի մի շարք պլանավորվող հակաիրավական գործողությունների մասին», եւ հետագա ներքաղաքական զարգացումները ապացուցեցին, որ «ընդունած որոշումը՝ վերահսկել շարժումը, ճիշտ էր»։ Հարցն այն է միայն, թե արդյոք ԱԱԾ-ն ներքաղաքական զարգացումները վերահսկելու, ընդդիմության ներկայացուցիչներին հետեւելու գործառույթներ ունի՞: «ԱԱԾ-ն գաղտնի ոստիկանություն չի, որ զբաղվի ներքաղաքական խնդիրներով: Նույնիսկ վարչություններն ու բաժինները ունեն իրենց գործառույթները՝ դա պետության անվտանգության ապահովումն է: Նախընտրական, հետընտրական շրջանը պետության անվտանգության հետ ոչ մի կապ չունի»,- հայտարարեց ազգային անվտանգության նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել