Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱԳ ԾԱՐԱՎ»

Սեպտեմբեր 13,2008 00:00

\"\"Ըստ 1990-ականներին հայտնի քաղաքական գործիչ Սամվել Շահինյանի՝ այդ ծարավն են ուզում հագեցնել ՀՀ բոլոր «նախկինները»:

– Պարոն Շահինյան, Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում մինչեւ տարեվերջ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կառաջանա:

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար խոսակցությունները բխում են մեկ աղբյուրից՝ ցանկության աղբյուրից: Բազմաթիվ մարդիկ ցանկանում են իշխանության մեջ լինել: Նրանցից հատուկենտերն են, որ ունեն սթափ մտածողություն եւ հաշվարկներ, որոնք ցույց են տալիս՝ իրենք խորհրդարանում կարո՞ղ են լինել, թե՞ ոչ: Իսկ մնացածը պարզապես ուզում է, ինչպես երեխան է ինչ-որ բան ուզում: Կարծում եմ, արտահերթ ընտրությունները կլինեն միայն այն դեպքում, եթե դա իշխանություններին չափազանց պետք լինի՝ ներքին ինչ-որ ինտրիգ լուծելու համար: Արտաքին ուժերի, ընդդիմության ազդեցության տակ կամ արտաքին քաղաքական շարժառիթներով պառլամենտական նոր ընտրություններ չեն լինելու:

– Արդյոք ԱԺ նախագահի անձի փոփոխությո՞ւնն է ներիշխանական ինտրիգը:

– Այդտեղ ինտրիգ չկա: Պարզապես ոչ գաղափարական հենքի վրա հավաքված խմբավորման ներսում, որն այսօր իշխանության գլուխ է, ֆիգուրների փոխանակում է, որն իրականացվում է մի քանի աստիճանով: Գործող նախագահը չափազանց զգուշավոր է իր գործողություններում: Եվ, ընդհանրապես, Հ. Աբրահամյանն այսօր չպիտի լիներ պառլամենտում: Նա շատ լավ տեղում էր, միշտ կարողանում էր կազմակերպել եւ տիրապետել մարզերի, ամեն բնակավայրի առանձնահատկությունները եւ դրանք օգտագործել ի շահ այն կլանի, որ արդեն երկրորդ անգամ կարողանում է իշխանությունը պահել իր ձեռքում: Բայց պառլամենտում նրա դերը կարծես փոխհատուցումն է թափած ջանքերի համար, որովհետեւ նրա անելիքն այնտեղ ես չեմ էլ պատկերացնում:

– Հետընտրական ողջ ընթացքում ընդդիմության ըմբոստությունը, պարբերաբար բողոքի տարատեսակ ակցիաների կազմակերպումն ու իրականացումը իշխանության աշխատանքի վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն են ունենում:

– Միանշանակ՝ դրական: Իշխանությունն արդեն վեր էր ածվում տոտալ համակարգի, բացարձականացնում էր թե իր գործողությունները, թե խոսքը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ որպես անհաշտ, անկոմպրոմիս, առանց որեւէ վերապահման իր պահանջներին հետեւող՝ էլի՛ տեսլականից զրկված, էլի՛ զուտ ստամոքսային, բայց՝ ուժ, որի հետ իշխանությունները չեն կարողանում որեւէ եզր գտնել, որպեսզի շոյեն, կաշառեն, խաբեն: Դա վերջին 15 տարիների ընթացքում միակ ընդդիմությունն էր, որը կայացավ եւ իշխանություններին ստիպեց ուշքի գալ: Ու դա բերեց շատ դրական քայլերի: Եթե չլիներ այդ ընդդիմությունը, երբեւիցե չէինք ունենա Տիգրան Սարգսյանի պես վարչապետ, երբեւիցե չէր լինի մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի՝ դեսպաններին ուղղված ուղերձը: Այսինքն՝ մտավոր, քաղաքական մեծ տեղաշարժերի հիմքեր դրվեցին: Այսօրվա իշխանական վերնախավը լրջորեն մտածում է միջազգային չափանիշներով. այլ խնդիր է՝ մինչեւ վերջ կարողանո՞ւմ է իրականացնել, թե՞ ոչ: Սակայն պարզ է, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունները զուրկ են որեւէ ազգային, պետական տեսլականից: Բոլորը հարմարվողական քաղաքականություն են տանում, որը չգիտեմ, թե որքան կենսունակ կլինի համաշխարհային իրողության մեջ՝ քաղաքական բախումների դաշտում:

– Այսինքն՝ անգամ ուժեղ, չկաշառվող ընդդիմության գոյությունը չի՞ կարող Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից:

– Այդ չկաշառվող ընդդիմությունը չկաշառվող է մինչեւ իշխանություն վերցնելը: Բայց նա վաղուց արդեն կաշառված է այն մարմիններից ու ուժերից, որոնք իրենց սատար են կանգնում, առաջ են մղում եւ կանգնած են իրենց թիկունքին: Ընդդիմությունն անկաշառ է իշխանության մարմինների նկատմամբ, որովհետեւ իրենք ուզում են ամբողջական իշխանություն, ոչ թե՝ մաս:

– Ասում եք՝ իշխանությունները եվրոպական չափանիշներով են սկսել մտածել. արդյոք այդ մտածողությանը հարի՞ր են այն երեւույթները, որոնք այս ընթացքում տեղի են ունենում Ազատության հրապարակի շուրջ, Հյուսիսային պողոտայում եւ դատարաններում:

– ՀՀ-ում դա օրինաչափություն է: 1994-ից սկսած, իսկ 1996-ից հաստատագրված՝ բացարձակ արհամարհանք մարդու նկատմամբ: 1994-ին լուսահոգի Եգորյանը հիմնադրեց կեղծ ընտրությունների ինստիտուտը, ընդ որում՝ շատ ու շատ այսօրվա ազատության պայքարի մարտիկների հետ, որը հետագայում ամրագրվեց բոլոր նախագահների եւ պառլամենտների օրոք: Բայց վերջին երկու ընտրությունների՝ նախորդների համեմատ, անհամեմատ ժողովրդավարական լինելը ցույց է տալիս, որ այս իշխանություններն իրենց հենքը տեսնում են ոչ թե մաֆիոզ կամ օլիգարխական խմբավորման մեջ, այլ՝ օրենքի: Իսկապես, ժամանակն է. ցանկացած մեծ թալանից հետո մաֆիոզ խմբերը ուզում են մտնել օրինական դաշտ: Հիմա ՀՀ-ում երեւի այդ պահն է: Ֆինանսա-տնտեսա-քաղաքական ամբիոններին այսօր տիրապետողները հասկանում են, որ կուտակային ֆոնդը պետք է շրջանառու դարձնել:

– Դուք լուրջ վերաբերվո՞ւմ եք այն խոսակցություններին, որ Ռոբերտ Քոչարյանը շուտով պատրաստվում է վերադառնալ:

– Վստահ կարող եմ ասել, որ մինչ այժմ եղած բոլոր նախագահներն ու վարչապետները նախարարներն ու ոստիկանապետերը, սիրով կկրկնեին իրենց անցած ճանապարհը: Հայաստանում կա իշխանության անհագ ծարավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել