Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 12,2008 00:00

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը կուսակցության ակտիվի ժողովում:

աճի տեմպ: Եթե սրան ավելացնենք վերջին տարիներին արտահանման ծավալների կրճատման միտումները եւս, ապա կգանք մի պարզ եզրակացության. արդեն հրատապ է դարձել այս խնդրի համակողմանի ուսումնասիրության եւ համակարգված ծրագրերի մշակումը ու այդ գործառույթները պետք է դառնան Կառավարության գործունեության կարեւոր ուղղություններից մեկը:

Հանրապետության էկոնոմիկայում վերջին տարիներին տեղ են գտել մտահոգիչ մի շարք այլ երեւույթներ նույնպես: Բերեմ մի քանի օրինակ: 2005 թ. շինարարության ծավալի աճի տեմպը 2004 թ. նկատմամբ կազմել է 134.2%, դրա հետ մեկտեղ արձանագրվել է, որ շահույթով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռն ընդամենի նկատմամբ կազմել է 65.5%, 2006 թ. արձանագրվել է շինարարության ծավալի աճի տեմպ 137.1%, մինչդեռ այս դեպքում էլ շահույթով աշխատող շինարարական կազմակերպությունների տեսակարար կշիռը կազմել է ընդամենը 66.2%, 2007 թ. համապատասխանաբար՝ 119.7% աճի տեմպ է արձանագրվել, դա էլ 82.6% շահույթով աշխատող շինկազմակերպությունների պայմաններում: Խորհեք այս թվերի շուրջ: Ստացվում է, որ աննախադեպ աճ արձանագրած շինարարական կազմակերպությունների միայն երկու երրորդն է շահույթով աշխատում: Բայց չէ՞ որ մենք քաջատեղյակ ենք, որ շինարարության ոլորտում աննախադեպ աճի տեմպը մեծ մասամբ պայմանավորված է, այսպես կոչված, էլիտար շենքերի շինարարությամբ, որոնց վաճառքից ստացված շահույթները գերազանցում են ծախսված գումարները նվազագույնը երկու անգամ: Խնդրեմ, հարկային դաշտը մեծացնելու փայլուն հնարավորություն: Նույն երեւույթները կարելի է արձանագրել տնտեսության մի քանի այլ ճյուղերում նույնպես: Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության ու բաշխման ոլորտներում աշխատանքի ընդունվելու համար, բոլորս գիտենք, որ պետք է բավականին բարձր պաշտոնյա կամ օլիգարխ միջնորդներ ունենաս թիկունքիդ: Սակայն եկեք տեսեք, որ այդ ոլորտում շահույթով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռն ընդամենի նկատմամբ 2005 թ. կազմել է միայն 40.6%, 2006թ.՝ – 38.7%, իսկ ահա 2007 թ.՝ 60%: Բա լավ, եղա՞վ:

Բերենք այլ օրինակներ եւս: 2005թ. հանքագործական արդյունաբերության ձեռնարկությունների միայն 50%-ն է շահույթով աշխատել, 2006 թ.՝ 70%-ը, 2007թ.՝ 50%-ը: Ավելի զավեշտալի վիճակ է արձանագրված անշարժ գույքի հետ կապված գործունեություններ, վարձակալում եւ սպառողներին ծառայությունների մատուցում իրականացնող կազմակերպությունների ոլորտում: 2005 թ. այստեղ միայն 63.1%-ն է շահույթով աշխատել, 2006թ.՝ 64.3%-ը, 2007թ.՝ 72.0%-ը:

Հարգելի գործընկերներ, երկրի տնտեսությունում ստեղծված նման պատկերը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաեւ իրականացվող ոչ ճիշտ դրամավարկային քաղաքականությամբ: Արդեն վերն ասացի, որ անցած առնվազն 4-5 տարիներին իրական սղաճը արտահայտվել է երկնիշ թվերով: Այլ կերպ ասած՝ վարվող դրամավարկային քաղաքականությունը չի հանգեցրել բարձր սղաճի զսպմանը: Պատահական չէր, որ վերը հիշատակեցի տնտեսության առանձին ոլորտների շահութաբերությունը բնութագրող ցուցանիշներ: Համեմատենք, թե ի՞նչ շահութաբերությամբ է անցած տարիներին աշխատել մեր բանկային համակարգը: Եթե 2000թ. բանկային համակարգի զուտ շահույթները եղել են բացասական եւ համակարգն ունեցել է վնասներ 4 մլրդ 89 մլն 815 հազար դրամի չափով, ապա հինգ տարի անց՝ 2004թ., բանկային համակարգի զուտ շահույթները կազմել են 4 մլրդ 320 մլն 180 հազար դրամ, 2005թ. աճել են ավելի քան 2.7 անգամ՝ կազմելով 11 մլրդ 978 մլն դրամ, 2006 թ. զուտ շահույթները կազմել են 16 մլրդ 870 մլն 499 դրամ, իսկ 2007 թ. դրանք կազմել են 20 մլրդ 848 մլն դրամ: Ըստ էության, 4 տարվա ընթացքում բանկային համակարգի զուտ շահույթների աճի տեմպը կազմել է 482.5%: Ինչո՞վ է պայմանավորված զուտ շահույթների նման աննախադեպ աճի տեմպը: Ի՞նչ, առեւտրային բանկերը ճիշտ հաշվարկված ներդրումային քաղաքականությո՞ւն են իրականացրել: Ամենեւին: Այդ դեպքում որտե՞ղ պետք է փնտրել բանալին: Այսպես, 2004թ. դոլարի նկատմամբ դրամի արժեւորման աճի տեմպը կազմել է 116.24%, ճիշտ այդ նույն տարում ֆինանսական շուկայում բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքները տարեկան կտրվածքով տեղավորվել են 17.67%-19.24% սանդղակում: 2005թ. դրամի արժեւորման աճի տեմպը կազմել է 108.21%, իսկ վարկավորման բանկային տոկոսադրույքները 16.28%-ից- 18.19%: 2006 թ. դրամի արժեւորումը կազմել է 123.23%, իսկ վարկավորման տոկոսադրույքները տատանվել են 11.73%-ից 15.71%-ի սահմանում: Եվ, վերջապես, 2007 թ. դրամի արժեւորման աճի տեմպը կազմել է 119.9% եւ այդ պարագայում վարկավորման տոկոսադրույքները տատանվել են 12%-ի եւ 14.38%-ի սահմանում: Ահա այս հանգամանքով է պայմանավորված 4 տարում բանկային համակարգի զուտ շահույթների 482.5% աճի տեմպի արձանագրումը: Բարձր տոկոսադրույքներով է պայմանավորված նաեւ այն, որ տնտեսության իրական հատվածում բանկային համակարգի ներդրումային մասնակցությունը չնչին է: Այսպես, բանկային համակարգում վարկային ներդրումներ (համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը մեր տնտեսությունում շատ ցածր է. 2004թ. այն կազմել է 8.2%, 2005 թ.՝ 9.3%, 2006 թ.՝ 7.0% եւ 2007 թ. վարկային ներդրումներ) ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 14.3%: Ադրբեջանում այն գերազանցում է 15%-ը (ցավով նշեմ, որ Ադրբեջանի ՀՆԱ-ն ավելի քան երեք անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն), Վրաստանում՝ 20%-ը, Ռուսաստանի Դաշնությունում՝ 30%-ը: Սրան ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկան թեեւ գործում է, սակայն այնտեղ իրականացվող գործարքների գրեթե 100%-ը բաժին է ընկնում պետական արժեթղթերով կատարվող գործարքներին: Նշենք նաեւ, որ ՀՀ-ում չունենք զարգացած ֆոնդային բորսա, ինչպես նաեւ տեղական կազմակերպությունների, ընկերությունների բաժնետոմսերի տեղաբաշխում միջազգային բորսաներում: Ավելացնենք, որ ֆինանսական ոլորտի ընդհանուր կապիտալի 90%-ից ավելին բաժին է ընկնում բանկային համակարգին: Ավելին, ՀՀ-ում բացակայում են մասնավոր կուտակային կենսաթոշակային ընկերությունները, որոնք ամբողջ աշխարհում համարվում են ֆինանսական կարեւոր միջնորդներ, չկան կյանքի ապահովագրական ընկերություններ, չի գործում նաեւ պարտադիր ապահովագրական համակարգը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չձեւավորելով ամբողջական ֆինանսական համակարգ՝ խոսել հանրապետությունը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու շուրջ, մեղմ ասած, ժամանակավրեպ է: Իմ այս պարզաբանումները ֆինանսական շուկայում գործող ուսյալ մասնագետների համար հայտնի ճշմարտություններ են, բայց, ավա՜ղ, ոչ մերոնց համար:

Ավարտելով միտքս նշեմ, որ մասամբ բարձր տոկոսադրույքներով է պայմանավորված նաեւ այն երեւույթը, երբ հանրապետություն ապրանք ներմուծողները դրամի արժեւորման պայմաններում գները չեն իջեցնում անգամ իսկ այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում արձանագրվում է գների իջեցում: Իրենց այդ քայլը նրանք մասամբ բացատրում են վերցրած վարկերի բարձր տոկոսադրույքներով: Այստեղ, իհարկե, որոշակի բացասական դեր է խաղում նաեւ վերջիններիս սահման չունեցող ագահությունը:

Հարգելի գործընկերներ, տնտեսական այս համառոտ վերլուծությունից հետո անցնեմ երկրի ներքաղաքական վիճակի բնութագրմանը: 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ընթացող զարգացումները հանգեցնում են հետեւյալ եզրակացության. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող ուժերն ընտրել են ոչ թե իշխանական բուրգի, այլ Հայոց պետականության կազմաքանդման գործընթաց: Եվ այդ գործն անում են խիստ համակարգված եւ նպատակասլաց:

Հայտնի է, որ պետական մեքենայի, պետականության քայքայումը ենթադրում է պետականության հիմք հանդիսացող բոլոր բաղադրիչների նշավակում, վարկաբեկում եւ խայտառակում. Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, արդարադատության համակարգի, եկեղեցու, ազգային ավանդույթների: Նրանք խնդիր են դրել անել ամենը, որ մարդիկ գան այն եզրակացության, որ բացի արմատական ընդդիմություն իրեն հորջորջած ուժից՝ Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքական որեւէ այլ ուժ, որում համախմբված լինեն երկրի ճակատագրով մտահոգ, մտածող, հայրենասեր գործիչներ, քաղաքական այրեր, որոնք ի զորու կլինեն հոգալ ժողովրդի հոգսերը: Այդ նպատակին հասնելու համար նրանք եւ ոչ մի բանից չեն խորշում: Մենք Ձեզ հետ ականատեսն ենք լեւոնականների կողմից ծավալված տեղեկատվական-քարոզչական պատերազմի: Զրպարտչական, անձը վիրավորող, պետական ցանկացած կառույցի աշխատանքները նշավակող հոդվածների հեղեղը ամեն Աստծո օր թափվում է մեր հասարակության գլխին: Եվ քարոզչական այս պատերազմում իշխանություններն անտաղանդորեն կրում են պարտությունը պարտության հետեւից: Սեւ քարոզով ամլացվում է պետական մեքենան, երեւույթ, որը խիստ բացասական ազդեցություն է ունենում պետական ապարատում աշխատողների վրա: Նման մարտավարությունն ընտրված է ոչ պատահական: Թուլացնելով իշխանություններին, թերթերի էջերում օրեցօր տպագրելով ռուսատյաց բովանդակությամբ հոդվածներ՝ արմատականները խնդիր են դրել խարխլելով իշխանություններին ենթարկեցնել նրանց դրսից պարտադրվող պահանջին, պայմաններին: Պայմաններ, որոնց վերջնական նպատակն է՝ կազմալուծել հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, հնարավորինս չեզոքացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում եւ Հարավային Կովկասում ընդհանրապես: Նույն հետեւողականությամբ այս գործընթացները շարունակվելու դեպքում շատ վտանգավոր զարգացումներ կարող ենք ունենալ հատկապես առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Ինքնին հասկանալի է, որ դա մեծապես պայմանավորված է վրաց-հարավօսեթական հնգօրյա պատերազմով եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման փաստով:

Հարկ է նշել, որ լեւոնականների կողմից վարվող քարոզչական պատերազմը չի սահմանափակվում միայն նրանց շահերը սպասարկող մամուլում տպագրվող նյութերով կամ էլ հանրահավաքներով, նստացույցերով, երթերով, հացադուլներով եւ այլն: Պատերազմի արմատները շատ եւ շատ խորն են: Ես հեռու եմ այն մտքից, որ վերջին տարիներին առանձին հեռուստաալիքներով եթեր արձակվող գեղարվեստական կասկածելի արժեք ունեցող, իսկ ավելի ճիշտ՝ բացարձակ արժեզուրկ հեռուստասերիալները սոսկ պատահականություն են: Չէ՞ որ մենք տեսել ենք այդ հեռուստաալիքների պատրաստած բարձրաճաշակ հաղորդումները, լավ ծանոթ ենք դրանց ստեղծագործական կոլեկտիվների պրոֆեսիոնալ հնարավորությունների հետ: Ոչ, ամենեւին էլ պատահական չէ, որ այսօրվա որոշ հեռուստաալիքների էկրաններ ողողված են «Վերվարածները ընտանիքում», «Դժբախտ երջանկություն», «Հարեւանները» սերիալներով: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս անմեղ, երբեմն ծիծաղաշարժ բեմադրությունները ոչնչով չեն կարող բացասական ազդեցություն թողնել հեռուստադիտողի վրա: Սակայն այդպես կարող է միայն թվալ: Ամեն օր երկնագույն էկրաններից հարյուր հազարավոր մարդկանց, հատկապես երիտասարդներին ու մեր երեխաներին ներկայացվում են մեր նորօրյա հերոսները՝ ճպլները, արբիները, շմավոնները, վաղոները, լիդաները, ծաղիկները: Լավ, այս հերոսներից մարդիկ ի՞նչ ընդօրինակեն, ի՞նչ սովորեն: Եվ կրկնակի ցավ ես ապրում, որ դրանց դերակատարները մեր սիրված, տաղանդավոր արտիստներն են: Կանցնի մի որոշ ժամանակ, եւ մենք ականատեսները կլինենք, որ փոխվել է մեր ազգային նկարագիրը, որ խարխլվել է ազգի միաբան լինելու ներուժը: Այդ սերիալների իրական պատվիրատուները, որոնք, անտարակույս, մեր երկրից դուրս են գտնվում, քաջ գիտակցում են, որ Ճպլի, Արբիի, Վաղոյի եւ մյուսների կերպարների վրա դաստիարակություն ստացածների համար հայրենասիրությունը սկսվում ու ավարտվում է այնտեղ, որտեղ դադարում է գործոն լինել անձնական շահը:

Այստեղ տեղին է ընդգծել, որ պետությունը դատապարտված է կործանման, եթե նա չի հենվում հասարակական կարծիքի, համերաշխ ապրող ժողովրդի վրա: Աշխարհում եւ ոչ մի իշխանություն տեւական ժամանակ չի կարող գոյատեւել, եթե չունի հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը, եթե իր գործունեության հիմքում չի դրել գերիշխող հասարակական կարծիքի պահանջները: Իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունում հասարակական կարծիքի ձեւավորումը, մեղմ ասած, մատնված է ինքահոսի, էլ չասենք, որ շատ դեպքերում էլ ձեւավորվում է դրսի ուժերի կողմից: Արդյունքում մենք կունենանք գաղափարազուրկ, պառակտված հասարակություն, որի հետ շատ դյուրին կլինի կատարել ցանկացած գործողություն: Ահա դրա ամենացայտուն վկայությունն է Լեւոնի «երկրորդ գալուստը» քաղաքական ասպարեզ: Եվ ընդհակառակը, ազգային գաղափարների շուրջ համախմբված ժողովուրդը վճռականորեն կմերժի օտարածին ցանկացած ուժի: Հիշենք պատմական մի դրվագ: Երբ Նապոլեոն Բոնապարտը պաշարեց Իսպանիան, որոշ ժամանակ կարողացավ այնտեղ ուժով պահել իշխանությունը, բայց կառավարել Իսպանիան նա չկարողացավ, թեպետ ուժի պակաս չէր զգում: Եվ պատահական չէր, որ Թալեյրանը ասում էր Բոնապարտին. «Սվինները, սիր, պիտանի են ամեն բանի համար, բացի եզակիից. դրանց վրա չի կարելի նստել»

Այս օրերին մենք ականատես ենք դառնում, որ Հայաստանում դադարում է գոյություն ունենալ հասարակության հավաքական կարծիքը: Այս երեւույթը չափազանց վտանգավոր է, քանի որ կհանգեցնի նրան, որ հասարակությունը կբաժանվի միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված խմբերի: Իսկ քանի որ բնությունը վախենում է դատարկությունից, ապա հասարակական կարծիքի բացակայությունը, ի վերջո, հանգեցնելու է, բերելու է բռնության: Եվ երբ խումբ-խմբավորումների կարծիքները կլինեն խիստ իրարամերժ, հեռանկարում դրանք կաթվածահար կանեն միմյանց: Նման զարգացումները կզրկեն Հանրապետության Նախագահին լիակատար իշխանավարության անգամ իսկ փոքր հնարավորությունից:

Հարգելի գործընկերներ, իշխանություն՝ նշանակում է կարծիքների, հայացքների տիրապետում, գերիշխանություն դրանց նկատմամբ, այլ կերպ ասած՝ ոգու իշխանություն: Վերջին հաշվով իշխանությունը լիակատար կայացած է լինում, եթե ապահովված է հոգեւոր իշխանությունը:

«Ազգային Միաբանություն կուսակցությունը», ինչպես ցույց տվեցին մեր գլխի վրայով անցած վերջին մեկուկես տարվա փորձությունները, ոգու կուսակցություն է, ուրեմն եւ անպարտելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել