Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ

Սեպտեմբեր 12,2008 00:00

\"\"«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը կուսակցության ակտիվի ժողովում:

(9 սեպտեմբերի 2008թ., ք. երեւան)

Հարգելի գործընկերներ: Չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Կարծում եմ, արդեն հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ, վերլուծել կատարված աշխատանքը, պարզել, թե որքանո՞վ է կոալիցիոն կառավարության գործունեությունը նպաստում պարոն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում հայտարարված խնդիրների լուծմանը:

Ես դրական եմ գնահատում ՀՀ նախագահի նախաձեռնությամբ իրականացված գործառույթները, որոնք զգալիորեն առողջացրեցին վիճակը մաքսային ծառայության ոլորտում, ձեռնարկված քայլերը, որ իրականացվում են հարկային բնագավառում: Կարծում եմ, իմաստավորված է, որ բարեշրջումները երկրում մեկնարկեցին հենց հարկային եւ մաքսային ոլորտներում: Գաղտնիք չէ, որ հարկայինի եւ մաքսայինի հետ շփվում է մեր ազգաբնակչության զգալի մասը, գաղտնիք չէ նաեւ այն, որ այս ոլորտները առավել կոռումպացված են համարվում: Ուստի, պետք է քաջալերել իշխանությունների բոլոր այն քայլերը, որոնք նպատակ ունեն մաքսային եւ հարկային ընթացող գործառույթները դարձնել անշրջելի, առավել թափանցիկ, լայնորեն կիրառել կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնող միջոցառումներ:

Դրական տեսանելի միտումներ են նկատվում պետավտոտեսչության աշխատանքներում: Նվազել է վզի հաստությամբ աչքի ընկնող, թանկարժեք մեքենաներով ճանապարհային երթեւեկության կանոնները աջ ու ձախ խախտող, լիքը քսակ ունեցող վարորդների թիվը: Հատկանշականն այն է, որ դեռ ոչ վաղ անցյալում ամենազոր այս օրինախախտները, ասես թե, մի քիչ հանգստացել են: Գերխնդիր է, որ նշված գործառույթները դառնան անշրջելի, հակառակ դեպքում ժողովրդի հերթական հիասթափությունը կվերածվի անգամ իսկ հուսահատության եւ արդյունքում դա կարող է անցանկալի հարված հասցնել մեր պետականությանը:

Անցած ժամանակաշրջանը հագեցած է եղել նաեւ արտաքին քաղաքական ոլորտում մեկնարկած եւ հատուկ ուշադրության արժանի նախաձեռնություններով: Դա, նախեւառաջ, ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնական այցն էր Ռուսաստանի Դաշնություն, ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի եւ վարչապետ Վ. Պուտինի հետ վարած բանակցությունները, ընդունված հայ-ռուսական համատեղ Հայտարարությունը, որը վերահաստատեց երկու երկրների միջեւ ստեղծված ռազմավարական, բարեկամական հարաբերությունների շարունակականությունը, հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ:

Ես դրական եմ գնահատում նաեւ Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին՝ այցելելու Երեւան: Թուրքիայի նախագահի կողմից հրավերի ընդունումը եւ Հայաստանի մայրաքաղաք ժամանումը կարող են սկիզբ դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ միայն դիվանագիտական կապերի հաստատմանը, այլ նաեւ կարող են նպաստել մեր տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը: Ուշագրավ էր, որ հրավերը հնչեց, երբ պարոն Սարգսյանը հյուրընկալվում էր Մոսկվայում եւ ելույթ էր ունենում Ռուսաստանի հայազգի մշակութային ու գործարար շրջանակների առաջ: Նման գրագետ եւ ճիշտ հաշվարկված, համարձակ նախաձեռնությունը, ըստ էության, փլուզեց մեզանում տեւական ժամանակ լյարդացած կարծրատիպերը, որոնք տեղավորվում էին աշխարհը սեւի եւ սպիտակի բաժանման տիրույթում: Մինչ վերջերս մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունում, ասես թե, մերժվում էին «ռեալ պոլիտիկ» քաղաքականությանը ներհատուկ սկզբունքները, որոնց հիմնարար բնութագրիչներից մեկը խիստ համահունչ է դեռ XIX դարի բրիտանական կայսրության հայտնի վարչապետներից մեկի թեւավոր դարձած խոսքերին. «Չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական բարեկամներ: Կան հավերժական շահեր»: Այստեղ հարկ եմ համարում հայտնել իմ անձնական կարծիքը, տալ իմ գնահատականը: Հայ ժողովուրդը, որ 1915-23 թվականներին ունեցավ մեկուկես միլիոն անմեղ զոհեր, ինը տասնամյակ հետո դրսեւորեց կամք, իր մեջ գտավ ուժ ու վստահություն, քրիստոնեական վեհություն եւ առաջինը մեկնեց հաշտության ձեռք: Եվ դա արեց արժանապատվորեն, առանց պարտադրանքի, սեփական պետության ինքնիշխանության անսասանության գիտակցումով, ապացուցելով քաղաքակիրթ աշխարհին, որ 1915-23 թվականների եղեռնագործությունից հետո մնացել է հավատարիմ իր հումանիստական, քրիստոնեական դավանանքին, որ նա փյունիկի պես հառնել է կորսված հայրենիքի մոխիրներից, ստեղծել ինքնիշխան երկիր, ազատագրել Արցախը…9 Մի խոսքով, արտաքին քաղաքականության ոլորտում վիճակը նետված է, Հայաստանն անցավ իրեն մեկուսացման պարտադրված Ռուբիկոնը եւ այսօր աշխարհին է ներկայանում նորովի, վեհաշուք, քաղաքակիրթ այցեքարտով:

Հիշատակման է արժանի նաեւ այն հանգամանքը, որ գործնական արձագանքի արժանացավ հանրապետության նախագահի կոչն ուղղված հայ գործարարներին՝ համատեղ ջանքերով, միավորելով մեր ուժերը շենացնելու բոլոր հայերիս հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը: Ուշագրավ է, որ մեկ-երկու շաբաթների ընթացքում նախագահի կոչին արձագանքեցին մեր գործարար հայրենակիցները՝ հայտ ներկայացնելով առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ավելի քան 700 մլն դոլարի ներդրումներ: Նշենք, որ հիմնական ներդրողները ռուսաստանաբնակ մեր եղբայրներն են լինելու: Մեր հայրենակիցների նման սրտացավ վերաբերմունքը փաստեց, որ որտեղ էլ ապրի հայ մարդը, արյունատար անոթներով կապված է Մայր Հայաստանի հետ եւ պատրաստակամ է առանց որեւէ նախապայմանի օգնել հայրենիքին: Փաստորեն, մենք ականատեսն ենք աշխարհում Իսրայելից հետո ծնունդ առած երկրորդ պետության՝ Հայաստանի Հանրապետության, որի աշխարհասփյուռ ժողովուրդը հայտարարում եւ գործնական քայլեր է կատարում հայրենիքի շենացման ճանապարհին: Եվ դա անում է մերժելով եւ չպայմանավորելով Հայաստանին օգնություն ցուցաբերելու սեփական հաստատակամությունը երկրում ստեղծված ոչ միարժեք վիճակով: Սա առանձնահատուկ կարեւորում եմ՝ հաշվի առնելով այն, որ, ավա՜ղ, «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիան, որը ստանձնել էր մեր երկրի համար խիստ անհրաժեշտ առաքելություն, այն է՝ հանրապետության մարզերում իրականացնել շուրջ 236 մլն դոլարի ներդրումներ, առայժմ սառեցրել է դրա կատարումը: Կարծում եմ, որ այդ ծրագրերի իրականացումը, ուղղակիորեն կապված լինելով հարյուր հազարավոր գյուղաբնակ մեր հայրենակիցների հոգսերի թեթեւացման հետ, չպետք է պայմանավորել ո՛չ հայաստանյան հետընտրական զարգացումների, ո՛չ էլ ՀՀ Կառավարության՝ երկրում օրենքի գերիշխանություն հաստատելու գործում ձեռնարկած քայլերի դանդաղկոտության եւ ո՛չ էլ տերպետրոսյանական սեւ քարոզչության հետ: Քարոզչություն, որի նշանաբանն է՝ որքան երկրին վատ, այնքան իրենք պահանջված:

Հանրապետությունում կատարված դրական գործերից նշեմ նաեւ այն, որ, մեր դիտարկումներով, հանրապետության ազգաբնակչությունը, ընդհանուր առմամբ, բարյացակամ վերաբերմունք դրսեւորեց Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ եւ կոալիցիոն Կառավարությունում նախարարների նշանակումների հանդեպ: Լավ ընդունվեցին Սեյրան Օհանյանին՝ պաշտպանության եւ Էդվարդ Նալբանդյանին՝ արտաքին գործերի նախարարներ նշանակելու որոշումները: Տպավորիչ էին Տիգրան Սարգսյանի մեկնարկային ելույթները, մեջբերումները Ներսես Շնորհալուց եւ Մաղաքիա Օրմանյանից: Շատ տեղին էր նաեւ հարցադրումը՝ Հայաստանի Հանրապետությունում հաստատել գիտելիքի գերիշխանություն: Հաճելի էր արձանագրել, որ Հայաստանի նորանշանակ վարչապետը ոչ միայն ծանոթ է ամերիկացի հայտնի սոցիոլոգ-ֆուտուրոլոգ Էլվին Տոֆֆլերի դեռ XX դարի 80-90-ականներին գրած հայտնի աշխատություններին, մասնավորապես «The Third Wave»,  “Power Shift. Knowledge, Wealth and Violence at the edge of the 21st century այլեւ իր ոչ քիչ հրապարակային ելույթներում օգտվում էր այդ հեղինակավոր գիտնականի եզրահանգումներից: Ողջունելի է, որ վարչապետը հարցադրումներ անելիս, նախարարների առաջ խնդիրներ դնելիս ուղղակիորեն կրկնում է Էլվին Տոֆֆլերի ժամանակակից աշխարհին, աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներին տված մեկնաբանությունները: Իհարկե, Կառավարության անդամների ուղեղները չծանրաբեռնելու համար պարոն վարչապետը այս դեպքում հղումներ չի անում հեղինակի վրա: Ընդհանուր առմամբ, ոգեւորիչ էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից 2008 թ. ապրիլի 29-ին Ազգային ժողովին ներկայացված Կառավարության ծրագրի դրույթները, Կառավարության կողմից հռչակած իր գործունեության համազգային հինգ նախագծերը եւ հինգ գերակայությունները: Այդ նախագծերն են լինելու. դառնալ՝ բիզնես-միջավայրի «գերազանցության կենտրոն», կրթական կենտրոն, առողջապահական կենտրոն, կազմակերպված հանգստի կենտրոն, ֆինանսական կենտրոն: Կառավարության հիմնական գերակայություններն են լինելու՝ առաջին. Հայաստանը դարձնել բիզնեսի եւ ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Երկրորդ կարեւորագույն գերակայությունը՝ սոցիալական ինտեգրումը եւ համերաշխությունն է: Երրորդ գերակայությունը՝ մարդկային կապիտալի զարգացումն է: Չորրորդ գերակայությունն է՝ արդյունավետ պետական տեղական ինքնակառավարման եւ մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձեւավորումը եւ կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորումը: Հինգերորդ գերակայությունը՝ տարածքային համաչափ զարգացումն է:

Հանրապետության զարգացման վարդագույն հեռանկարներ խոստացող, լսողությունը շոյող, այս եւ բազմաթիվ այլ դրույթների մասին բարձրաձայնելիս, Ձեզ հետ փորձենք պարզել՝ արդյո՞ք արդարացի են նոր իշխանությունների, հատկապես վարչապետի հասցեին տերպետրոսյանական մամուլում արդեն իսկ հնչած հեգնանքն ու մեղադրանքները: Լեւոնականները Կառավարության կողմից հռչակած բարեշրջումները համեմատում են Օստապ Իբրահիմովիչ Բենդերի երազած «Նյու Վասյուկիի» հետ: Այս կապակցությամբ, խոստովանեմ, որ Կառավարության գործունեության բացասական կողմերին անդրադառնալ-չանդրադառնալու հարցի վերաբերյալ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունում լուրջ քննարկումներ էինք կազմակերպել: Մտավախություն կար, որ եթե բոլոր թերությունները ցցուն վեր հանենք, ապա, անտարակույս, դա կարող է լեւոնականների կողմից օգտագործվել որպես քարոզչական զենք՝ ուղղված ոչ թե Կառավարության աշխատանքների համակողմանի գնահատմանը, այլ մեր ժողովրդի մոտ հուսահատություն, հոռետեսություն սերմանելու՝ արմատականների կողմից դրված նպատակի կատարման ապահովմանը: Մյուս կողմից՝ ստեղծված պայմաններում լռել եւ թողնել, որ առկա խնդիրներն էլ ավելի խորանան եւ ժամանակի ընթացքում երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակի հասցնեն, նման դիրքորոշումը «Ազգային Միաբանության» կողմից կլիներ անազնիվ, եթե չասենք դավաճանական՝ հայոց պետականության հանդեպ: Կուսակցության մոտեցումները հստակեցնելիս մեզ օգնության եկավ բոլոր ժամանակների մեծն փիլիսոփա Սոկրատեսը. քաղաքացուն, ով իրեն դիմել էր խորհուրդ ստանալու ակնկալիքով՝ ամուսնանա՞, թե՞ ոչ, փիլիսոփան անվրդով կարճ պատասխանել էր. «Արա ինչ ուզում ես, միեւնույն է, վերջում զղջալու ես»: Այս կապակցությամբ քնարական մի փոքր շեղում էլ անեմ, որ մեր մոտեցումն այս հարցում ավելի պատկերավոր լինի: XIX դարասկզբին դիվանագիտության հանճար Թալեյրանն ասել էր. «Մարդուն լեզուն տրված է նրա համար, որ նա թաքցնի իր մտքերը»: Արտաբերելով այս միտքը՝ մեծ դիվանագետը, անշուշտ, նկատի է ունեցել իր մասնագիտության տեր մարդկանց: Հազիվ թե նա համարեր, որ Եսայի Մարգարեին, Հոմերոսին, Եզովպոսին, Ցիցերոնին, Դանթեին լեզուն տրված էր մտքերը թաքցնելու համար: Էլ չեմ խոսում բոլոր ժամանակների քաղաքական գործիչների մասին: Իհարկե, բացառություն են կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայիս պատգամավորների ճնշող մեծամասնությունը, որոնք սրբորեն հետեւում են նապոլեոնական Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խորհրդին եւ գերի ընկած բելառուսական պարտիզանի օրինակով արդեն տարիուկես է՝ ինչ շարունակում են լռել: Այս պատմական ակնարկներից հետո շարունակեմ վերլուծությունը:

Եվ, այսպես, Կառավարությունը N1 գերակայություն է հռչակել Հայաստանը դարձնել բիզնեսի եւ ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Այո, շատ հնչեղ հարցադրում է: Տարածաշրջանային «գերազանցության կենտրոն» դառնալուց առաջ փորձենք միասին վերլուծել, թե մեր հայրենական բիզնեսմենները, հատկապես փոքր եւ միջին ձեռներեցները արդյո՞ք պաշտպանված են իրենց զգում իրենց սեփական

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել