Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 12,2008 00:00

Գրետան ձախողվեց

Չինաստանում ընթացող պարաօլիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնող միակ մասնակիցը՝ գյումրեցի Գրետա Խնձրցյանը, պաուերլիֆթինգում (ծանրամարտի տարատեսակ), մինչեւ 48 կգ քաշայինների մրցապայքարում խիստ անհաջող հանդես եկավ: Նա երեք մոտեցումներում էլ չկարողացավ բարձրացնել իր իսկ պատվիրած 80 կգ ծանրաձողը:

Արոնյանը վերագտնում է իր խաղը

\"\"Բիլբաոյում շախմատի «Final Chess Masters» 22-րդ կարգի գերմրցաշարի ավարտին մնում է ընդամենը երկու տուր: 8-րդ տուրը 4-րդի նման առանձնացավ նրանով, որ բոլոր երեք պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան: Եվ ուրախալի է, որ հաղթանակ տանողների թվում է նաեւ Լեւոն Արոնյանը: Նա սեւերով 75-րդ քայլում առավելության հասավ Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Տոպալովը պարտության մատնեց Կարլսենին, իսկ Իվանչուկը՝ Ռաջաբովին: Տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին եռյակում առաջատարների վերադասավորում կատարվեց: Այն նախավերջին՝ 9-րդ տուրից առաջ այսպիսի տեսք ստացավ:

1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 13 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 12

3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 11

4. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 11

5. Վիշվանաթան Անանդ (Հնդկ.) 6

6. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 6

Երեկ գրոսմայստերները հանգստանում էին: Այսօր Արոնյանը սեւերով հանդիպում է Իվանչուկի, Անանդը՝ Տոպալովի, Ռաջաբովը՝ Կարլսենի հետ:

Կրկին պարտություն

\"\"Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, 2010 թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլում (5-րդ խումբ) հյուրընկալվելով Իսպանիային, կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը: Մեր ընտրանին Եվրոպայի չեմպիոնին զիջեց 0:4 «չոր» հաշվով:

Թուրքիայի հետ երեւանյան հանդիպումից հետո խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակող մեր թիմին վերջին տեղից դուրս գալ օգնեցին բոսնիացիները, որոնք սեփական հարկի տակ յոթ անպատասխան գնդակ անցկացրին Էստոնիայի դարպասը: Նույն օրը Բելգիան մրցակցի դաշտում 1:1 խաղաց Թուրքիայի հետ:

5-րդ խմբի մրցաշարային աղյուսակ:

1. Իսպանիա 2 2 0 0 5-0 6

2. Թուրքիա 2 1 1 0 3-1 4

3. Բելգիա 2 1 1 0 4-3 4

4. Բոսնիա 2 1 0 1 7-1 3

5. Հայաստան 2 0 0 2 0-6 0

6. Էստոնիա 2 0 0 2 2-10 0

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Բելգիայում հանդիպելու է տեղի ընտրանու հետ:

Մեդալներ անպայման կլինեն

Հայաստանի երիտասարդ ծանրորդները (մինչեւ 20 տարեկաններ) պատրաստվում են մեկնել Դյուրրես (Ալբանիա), որտեղ սեպտեմբերի 13-23-ն անցկացվելու է մարզաձեւի այս տարիքային խմբի տղաների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունը:

Հավաքականի կազմում ընդգրկվել են.

Աղջիկներ. 48 կգ քաշային կարգ՝ Աննա Գովելյան (Գյումրի), 58 կգ՝ Լիաննա Մանուկյան, 63 կգ՝ Հեղինե Եփրեմյան (երկուսն էլ՝ Քասախ):

Տղաներ. 62 կգ՝ Զորիկ Պողոսյան (Վանաձոր) եւ Ռուբիկ Մամոյան (Էջմիածին), 69 կգ՝ Առաքել Միրզոյան (Բաղրամյան), 77 կգ՝ Աղասի Աղասյան (Երեւան), 85 կգ՝ Աղվան Մելիքյան (Գյումրի) եւ Արամ Անդրիկյան (Սեւան), 105 կգ՝ Սեւակ Սահակյան (Քասախ), +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան (Արարատ):

Նշված մարզիկներն արդեն միջազգային մրցումների բավարար փորձ ունեն եւ վերջին մեկ-երկու տարիներին իրենց լավ կողմերով են դրսեւորել Եվրոպայի առաջնություններում: Այս անգամ էլ նրանք Ալբանիա մեկնում են ոչ միայն նախորդ հաջողություններն ամրապնդելու, այլեւ զարգացնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել