Լրահոս
Օրվա լրահոսը

Գրադարանային հոգսեր

Սեպտեմբեր 12,2008 00:00

\"\"Որոնք կարող էին եւ չլինել

Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունը եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան ներկայացուցիչները վերջերս հերթական շրջայցն էին կազմակերպել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր: Նպատակը նշված մարզերի գրադարանների ներկայացուցիչներին գրադարանային նոր գործառույթներին իրազեկելն էր, շրջիկ գրադարանին ծանոթացնելը եւ գրադարանները համապատասխան գրականությամբ համալրելը:

Երեւանից ժամանած հյուրերը կանգ առան Մեղրիի կենտրոնական գրադարանում: Այն կառուցվել է 1980թ. եւ մինչեւ օրս չի վերանորոգվել: «Շենքը վթարային է, դիմել ենք ե՛ւ քաղաքապետարան, ե՛ւ մշակույթի նախարարություն, բայց մինչեւ հիմա ոչ ոք չի արձագանքել: Գրադարանի հիմնական խնդիրներից է գրականության պակասը, ցավով ենք մերժում յուրաքանչյուր ընթերցողի այս կամ այն պատվերը: Մեր ընթերցողները հիմնականում ուսանողներ են, որոնք ավելի շատ մասնագիտական գրքերի կարիք ունեն՝ իրավաբանական, մանկավարժական, տնտեսագիտական եւ այլն»,- ասում է գրադարանի տնօրեն Էմմա Ավետիսյանը:

Մեղրիի կենտրոնական գրադարանը վերջին անգամ համալրվել է 1991թ., դրանից հետո անուշադրության է մատնվել: Այն հարցին, թե ինտերնետային կապ կա՞ գրադարանում, Է. Պետրոսյանը պատասխանեց, որ նույնիսկ էլեկտրական հոսանք եւ համակարգիչ չկա:

Այստեղ ընթերցողների թիվը 2617 է: Գրականության ֆոնդը 110 000 է: Գրադարանը ստանում է «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք», «Հայաստան», «Գրական թերթ», «168 ժամ» թերթերը: 5100 բնակիչ ունեցող Մեղրիում այսօր գործում է հինգ գրադարան՝ մեկ կենտրոնական, մեկ մանկական եւ երեք քաղաքային, որոնք բոլորն էլ հատուկ ուշադրության կարիք ունեն:

Մեղրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Սիրուն Սարգսյանի խոսքերով՝ շատ պաշտոնյաներ չգիտեն նույնիսկ Մեղրիի տեղը եւ նիստի են կանչում մեղրեցուն՝ պահանջելով երկու ժամ հետո ներկայանալ Երեւան:

Այլ էր վիճակը Սյունիքի մարզային գրադարանում: 2007թ. կառավարության հատկացրած 40 մլն դրամով այժմ Սյունիքի մարզային գրադարանի շենքը վերանորոգվում է:

Գորիսի քաղաքային գրադարանում, կարելի է ասել, «հյուրերի չէին սպասում»: Գրադարանի տնօրենը բացակայում էր քաղաքից, իսկ մշակույթի տան տնօրենը, որի ղեկավարած հաստատության կազմի մեջ է նաեւ գրադարանը, ներկայացավ բավականին ուշացումով: Նրա խոսքերից պարզ դարձավ, որ գրքից բավականին հեռու մարդ է: Նա հայտարարեց, որ այսքան ժամանակ գրադարանի համար ոչ մի միավոր գիրք չեն գնել, նույնիսկ առաջարկեց այն միացնել դպրոցական գրադարանին:

Եթե հյուրերը Գորիսում ականատես եղան գրքի նկատմամբ նման անտարբերության, ապա իրավիճակն այլ էր Սիսիանի քաղաքային գրադարանում: Քաղաքապետարանի միջոցներով վերանորոգվել է գրադարանի շենքը: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Բալյանը նշեց, որ գրադարանը կադրերի վերապատրաստման խնդիր ունի: Ազգային գրադարանի տնօրինությունը խոստացավ օգնել նրանց այս հարցում: Վայոց ձորի մարզային գրադարանը նույնպես կվերանորոգվի 2009թ. պետբյուջեի միջոցներով (այն չի վերանորոգվել իր հիմնադրման օրից՝ 1977-ից): «Ունենք 58 հազար գրքային ֆոնդ, սակայն առկա է մասնագիտական գրականության պահանջարկը»,- ասում է գրադարանի տնօրեն Ռ. Լեւոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել