Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԸՆՏՐԵԼ

Սեպտեմբեր 12,2008 00:00

\"\"Յուրօրինակ «դրվածք»՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներից: Նրանք պնդում էին, որ ֆակուլտետում ոտնահարվում են վճարովի համակարգում սովորող ուսանողների իրավունքները, մասնավորապես սահմանափակվում է ուսանողների այն իրավունքը, ըստ որի՝ իրենք կարող են ընտրել, թե ինչ երկրորդ օտար լեզու են ցանկանում ուսումնասիրել: Մյուս դժգոհությունն էլ վերաբերում էր համալսարանի այն դրվածքին, ըստ որի, օրինակ՝ վճարովի համակարգում սովորող ուսանողը չի կարող կուրսի ավագ ընտրվել: «Առավոտը» այս դժգոհությունները փոխանցեց համալսարանի մի քանի ֆակուլտետների դեկաններին: Լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը մեզ վստահեցրեց. «Մեզ մոտ հունվարին է կայանում լեզուներ ընտրելու գործընթացը, իսկ այժմ դիմումաձեւեր ենք տվել ուսանողներին, որ լրացնեն եւ ընտրեն իրենց ցանկացած լեզուները: Ինչ վերաբերում է ավագի ընտրությանը, դա որեւէ կապ չունի վճարովի կամ անվճար համակարգի հետ, քանի որ ավագին ընտրում են համակուրսեցիները»: Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Լուսինե Ֆլջյանից հետաքրքրվեցինք, թե նպատակահարմա՞ր է վճարովի համակարգում սովորող ուսանողներին հնարավորություն չտալ ընտրելու իրենց ցանկացած լեզուն, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խելացի երեխաներն են «հայտնի» պատճառներով հայտնվում վճարովի համակարգում: Տիկին Ֆլջյանի խոսքից պարզ դարձավ, որ հնարավոր է որոշ ուսանողներ չուսումնասիրեն իրենց նախընտրելի լեզուն: Բայց դա պատճառաբանեց այսպես. «Համալսարանի առաքելությունն է լեզվական ճիշտ քաղաքականություն վարելը: Իհարկե, մենք կարող ենք անմասնակից լինել ուսանողի վաղվա օրվան, բայց դա չի բխում մեր պետության շահերից, ուստի պիտի կարողանանք ուսանողներին հավասարապես բաշխել բոլոր լեզուների ուղղություններով՝ նրանց նաեւ ինչ որ կերպ ուղղորդելով: Օրինակ՝ ուսանողների մեծամասնությունը ցանկանում է սովորել իսպաներեն, բայց մենք Կորեայի Հանրապետության հետ կնքել ենք մի շարք պայմանագրեր, եւ կորեերեն ուսումնասիրելով՝ ուսանողները հնարավորություն կունենան մագիստրոսական կրթություն ստանալ այդ երկրի համալսարաններում: Բացի այդ, այդ լեզվով ավելի հեշտ կլինի աշխատանք գտնել: Մյուս կողմից էլ համալսարանի հնարավորությունները անսահման չեն, այսինքն՝ համալսարանի ներուժը պիտի համապատասխանի ուսանողների ցանկություններին»: Լ. Ֆլջյանից հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս պիտի լուծեն հարցը: «Մեկ շաբաթ առաջ բոլոր առաջին կուրսեցիներին բաժանեցինք հարցաթերթիկներ, որոնց վրա պիտի նշեին, թե որ լեզուն կուզենային սովորել՝ որպես 2-րդ օտար լեզու: Արդյունքում՝ 156 հոգի ընտրել է իսպաներենը: 2-րդ կիսամյակում պիտի նայենք, թե էլ որ լեզուն է ընտրել ուսանողը եւ նրան տեղավորենք եթե ոչ իսպաներենի, ապա այդ լեզվի խմբերում: Իր ցանկացած լեզուն սովորելու համար առաջնահերթություններ կտրվեն այն ուսանողներին, որոնց ընդունելության միավորները, մեկ կիսամյակի կտրվածքով բարձր են: Օրինակ՝ եթե ուսանողն անպայման ուզում է սովորել իսպաներեն, բայց ունի վատ առաջադիմություն, ընդունելության միավորը շատ ցածր է, ի՞նչ եք կարծում, գերազանց ուսանողի՞ն պիտի առաջնահերթությունը տանք, թե՞ նրան»,- հնչեց պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել