Լրահոս
Օրվա լրահոսը

Վերելակ ունենալու համար ծանոթ է պետք

Սեպտեմբեր 12,2008 00:00

Տատանումները ցնցում են շենքը

Երկու տարի է՝ Իսակովի պողոտայի 4/2 շենքի բնակիչները պայքարում են, որ Երեւանի Կենտրոն թաղապետարանը վերանորոգի շենքի 2-րդ մուտքի վերելակը: Դեռեւս 2007թ. նոյեմբերին շուրջ 42 բնակիչների՝ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին ուղղված դիմումում ասվում է. «Մեծարգո պարոն Զախարյան, մեր վերելակը քաղաքի ամենահին վերելակներից է, շահագործվում է 35 տարի: Հնարավոր չէ ապահովել վերջինիս տեխնիկական անվտանգ շահագործումը, քանի որ տեխնիկապես մաշված է: Անհրաժեշտ է փոխել վերելակի գրեթե բոլոր մասերը, սակայն դրանք այլեւս չեն արտադրվում: Վերելակի վատ վիճակի պատճառով համապատասխան կազմակերպությունները հրաժարվում են գրանցել այն: Վերելակի աղմուկը ազդում է բնակիչների առողջության վրա: Խնդրում ենք ձեզ՝ վերելակը ամբողջությամբ փոխել կամ վերանորոգել»: Քաղաքապետարանին ուղղված այս խնդիրը մինչ օրս լուծում չի ստացել: Վիճահարույց հարցը մտել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, այնուհետեւ՝ վերաքննիչ, որը բեկանել է վճիռը, գործն ուղարկելով ետ՝ նորից քննելու:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի պատասխանին, քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Գ. Խաչատրյանը բնակիչներին գրավոր հայտնել է. «Նման տիպի վերելակ ԱՊՀ որեւէ երկրում ներկայումս չի արտադրվում, իսկ վերելակների հորանները չեն համապատասխանում ժամանակակից վերելակների չափերին: Այն նորով փոխարինել կամ հիմնանորոգել ներկայիս ծրագրով հնարավոր չէ: Այս տիպի վերելակներին անհատական մոտեցում է անհրաժեշտ: Մեր կողմից ուսումնասիրություններ են կատարվում՝ փնտրել որեւէ երկրում արտադրվող նման վերելակներ, որպեսզի առանձին ծրագրով լուծենք այդպիսի վերելակների հիմնանորոգման կամ նորով փոխարինելու հարցը»: Շենքի բնակիչները «Առավոտին» տեղեկացրին. «Վթարային վիճակում գտնվող վերելակի շարժիչի աշխատանքի ժամանակ վիբրացիոն տատանումները ցնցում են շենքը, ազդում շենքի հիմքի ամրության, սեյսմիկ անվտանգության հնարավորությունների վրա: Շարժիչի անտանելի աղմուկը ահավոր է դարձրել նաեւ մեր կյանքը. հնարավորություն չունենք քնելու, խախտվում է ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մեր հանգստի իրավունքը»: Ի դեպ, ըստ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային վարչության Երեւանի Մալաթիա-Սեբաստիա տարածքային կենտրոնի եզրակացության, համաձայն աղմուկի մակարդակի չափումների, պարզվել է, որ վերելակը իր աշխատանքի ընթացքում առաջացնում է աղմուկ, որի մակարդակը գերազանցում է 60 դեցիբելը (նորման 40 է), իսկ ձայնի առավելագույն մակարդակը 63 դեցիբել է (նորման՝ 55): Ընդ որում, կենտրոնն իր տրամադրած փաստաթղթում եզրակացրել է, որ վերելակը իր տեխնիկական վիճակով չի համապատասխանում շահագործման պահանջներին: Հայցում նշվում է, որ վերելակի շահագործման աշխատանքները պարտավոր է կատարել Կենտրոն թաղապետարանը, որի ենթակայության տակ է գտնվում շենքը: Բնակիչների տրամադրած փաստաթղթերի համաձայն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դիմել է տնտեսական զարգացման նախարարության ենթակայության տակ գտնվող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն, իսկ կենտրոնի տնօրեն Ա. Պետրոսյանը դատարանին գրավոր պատասխանել է. «ՏԱԱԿ-ի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում նման օբյեկտ չի գրանցվել»:

2008թ. հուլիսին առողջապահության նախարարության ակուստիկայի գիտական կենտրոնը այդ շենքում, բնակիչների խնդրանքով, անցկացրել է ստուգիչ ակուստիկ հետազոտություններ, որի տրամադրած տեղեկանքում էլ փաստվում է, որ ձայնն ու աղմուկը գերազանցվում են, ինչի արդյունքում վտանգվում է քաղաքացիների առողջությունը:

«Առավոտին» դիմած բնակիչները նշեցին նաեւ, որ արդեն երկու տարի է՝ Կենտրոնի թաղապետարանը չի ցանկանում վերանորոգել վերելակը, դատարանի վրա ճնշումներ է գործադրում: Բնակիչներն ասացին. «Այս համայնքի վերելակների բաժնի ղեկավարները բնակիչներից մեկի հետ Երեւանի քաղաքապետարանում զրույցի ժամանակ հայտարարել են, որ տեսանք այս վերելակի գործի դատարանում լինելը, դրա համար էլ չընդգրկեցինք ծրագրում»: Ըստ բնակիչների, նման վիճակում է նաեւ հարեւան շենքը, որի արդյունքում բնակիչներից մեկը հաշմանդամ է դարձել, իսկ նույն շենքի առաջին մուտքի նույն տիպի վերելակը մի քանի տարի առաջ պատճառ է դարձել երեխայի մահվան: Բնակիչները հայտնեցին իրենց տարակուսանքը եւս. «Ստացվում է, որ ամենահին վերելակները ամենամեծ վտանգն են ներկայացնում, մինչդեռ Ֆրունզեի 6/6 շենքի վերելակը, որտեղ ապրում է քաղաքապետարանի վերելակների բաժնի ղեկավարը՝ ամբողջովին փոխվել է: Շատ վերելակներ փոխվել են վերեւներում ծանոթ կամ բարեկամ ունենալու պատճառով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել