Ագրարային համալսարանի նախկին դասախոս Մնացական Հարոյանը պնդում է, որ իր իրավունքները ոտնահարվել են:
«Առավոտին» է դիմել Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին դասախոս Մնացական Հարոյանը, որին, իր խոսքերով, առանց պատճառաբանության ազատել են աշխատանքից. «25 տարի աշխատել եմ Գյուղակադեմիայում, դասավանդել իրավունքի հիմունքներ եւ հողային իրավունք: Մեզ հետ մշտապես պայմանագիր էին կնքում ու ժամանակ առ ժամանակ այն նորացվում էր: Վերջին մրցույթից հետո դարձյալ պայմանագիր կնքվեց, որի գործողության ժամկետն ավարտվեց անցյալ տարի սեպտեմբերի 1-ին: Դրանից հետո իմ պայմանագիրն այլեւս չվերակնքվեց: Ինձ ոչինչ չասացին, առանց որեւէ պատճառաբանության դուրս մնացի բուհից, այն դեպքում, երբ բոլոր դասախոսություններն ու դասալսումներն անցել են պատշաճ մակարդակով, գործնական պարապմունքներն անցկացրել եմ նորմալ, պրոֆեսորադասախոսական անձնակազմից յուրաքանչյուրն իմ մասին կասի ամենադրականը եւ, որ ամենակարեւորն է՝ ուսանողներից բողոքներ չեն եղել»: Մ. Հարոյանի «ոդիսականը» սկսվել է 2006 թվից: Այդ ժամանակ իրեն մեկ հաստիքից տեղափոխել են կես հաստիքի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանրաբեռնված է: «Ես աշխատում եմ նաեւ Ֆիրդուսի համալսարանում, որի հիմնադիրն եմ: Բայց դա ի՞նչ կապ ունի դասախոսության հետ, չէ՞ որ ես մեծ բիզնեսով չեմ զբաղվում, ոչ էլ շքեղ պալատներ ունեմ: Մտածել են՝ բուհ ունեմ, ուրեմն կարելի է հաստիքը կրճատել … Երբ կրճատեցին՝ համակերպվեցի, որ թեկուզ քիչ, բայց գոնե պետական աշխատանք է եւ, ի վերջո, այդ բուհի համար աշխատել եմ 25 տարի»,- պատմում է մեր զրուցակիցը:
ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի 28-08-07թ. տված N 890 հրամանում նշված է, որ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս Մնացական Հարոյանի հետ սեպտեմբերի 1-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրը՝ ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչն էլ, ըստ ագրարային համալսարանի նախկին դասախոս Մ. Հարոյանի, անհասկանալի է: «Ես դիմում գրեցի ռեկտորին, բայց նա ինձ չընդունեց, դարձյալ առանց պատճառաբանության: Ուզում եմ իմանալ, թե ինչու ռեկտորը չի ընդունում… Թող գոնե ընդունի, ասի աշխատանքից ազատելու պատճառն ու նորից մերժի»,- ասում է պրն Հարոյանը: Նրա հավաստմամբ, իր բոլոր դիմումները մնացել են անպատասխան. «Ես գնացի ռեկտորի առաջին տեղակալ Յուրի Մարմարյանի մոտ, որովհետեւ ռեկտորը նամակս մակագրել էր նրան: Սակայն պարոն Մարմարյանն ասաց, որ ինքը ասելիք չունի: Նշեմ, որ իմ փոխարեն աշխատանքի էին ընդունել երկու նոր մարդու, որոնք չէին արդարացրել իրենց բերողների հույսերն ու նպատակները, եւ դեռ հունվարը չավարտված՝ դուրս եկել աշխատանքից ու այդ դասաժամերը թափուր էին մնացել: Այդ ամենն իմանալով՝ կրկին դիմեցի, խնդրելով, որ ինձ գոնե ժամավճարային կարգով ընդունեն, բայց պատասխանեցին, թե մրցույթ են հայտարարելու: Փաստորեն, մեկ տարի շարունակ ինձ անընդհատ խաբում են, որ մրցույթ է լինելու, բայց այդպես էլ չի կայանում, որովհետեւ եթե մրցույթ հայտարարվեր՝ ես կանցնեի: Ունեմ բազմաթիվ գիտական հոդվածներ, ծրագրերի 70%-ն ինքս եմ գրել, հեղինակն եմ «Հողային իրավունք» առարկայի դասագրքի…»: Մ. Հարոյանն ասաց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ ընդդեմ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի, իրեն աշխատանքում վերականգնելու պահանջով. «Պահանջում եմ փոխհատուցել իմ մեկ տարվա անհարկի պարապուրդը, վերականգնել հեղինակությունս, արժանապատվությունս: Թող ինձ վերականգնեն, ու ես ինքս իմ դիմումը գրեմ- հեռանամ»: Հարցի առնչությամբ ՀՊԱՀ լրատվական բաժնից «Առավոտին» գրավոր պատասխանեցին. «Գործում է դասախոսական կազմի համալրման հստակ կարգ՝ ԶԼՄ-ներով սփռվում է հայտարարություն թափուր տեղերի մրցույթի մասին: Ընտրությունը կատարվում է գիտխորհրդում, քվեարկությամբ, եւ հաղթող մասնակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Մնացական Հարոյանի հետ պայմանագիր կնքվել է 5 տարով, որը լրացել է 2007-ին: Այն ոչ թե դադարեցվել է, ոչ թե խզվել է, այլ լրացել է ժամկետը: Դասախոսական թափուր հաստիքների համար մրցույթին, համապատասխան կրթություն ունեցող ՀՀ այլ քաղաքացիների հետ հավասար իրավունքներով, կարող է մասնակցել նաեւ Հարոյանը: ՀՊԱՀ-ը, ինչպես եւ կարգն է, պարբերաբար տեղեկացնում է այդ մասին: Հերթական մրցույթի հայտարարությունը կլինի տեսանելի ապագայում: Մրցույթներին նախորդող շրջանում՝ էթիկայի տեսակետից հասկանալի եւ միանգամայն հիմնավորված պատճառով, ՀՊԱՀ ռեկտորը չի ընդունում հավակնորդներին, չի քննարկում հարցեր»: