Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի հեռարձակում՝ Դիլիջանում

Սեպտեմբեր 12,2008 00:00

Առանց օրինական գրանցման եւ լիցենզիայի, Դիլիջանում հեռարձակվում է RTV հեռուստաընկերությունը՝ ամեն օր ցուցադրելով

քաղաքապետին գովերգող հոլովակներ:

Մինչ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), իշխանությունների պատվերով «Ա1+» հեռուստաընկերությանը, առանց որեւէ հիմնավորման, զրկում է եթերի իրավունքից կամ «սարքում» է Գյումրիում գործող «Գալա» հեռուստաընկերության գլխին ու նրան ենթարկում խոշոր տուգանքների, հանրապետության այլ մարզերում, առանց հեռարձակման լիցենզիայի, կապուղիներ են զբաղեցնում ու ամեն օր եթեր են դուրս գալիս ինչ-որ անհայտ հեռուստաալիքներ:

Օրինակ՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հեռարձակվող NTV հեռուստաալիքը օրական 2 անգամ, մեկական ժամով ընդմիջվում է ու առավոտյան 8-9-ը եւ երեկոյան 19-20-ը եթերը զբաղեցնում է ինչ-որ RTV հեռուստաընկերություն:

RTV-ն աչքի չի ընկնում հաղորդումների բազմազանությամբ, այն հիմնականում գովերգում է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, պատմում նրա արժանիքների մասին ու ներկայացնում քաղաքում կատարած նրա բարի գործերը:

Քաղաքապետի անձնական նախաձեռնությամբ գործող այս հեռուստաընկերությունը, որը պարոն Սանթրոսյանի համար ամենօրյա PR է ապահովում, արդեն բավականին ժամանակ է՝ ինչ հեռարձակվում է առանց օրինական գրանցման եւ լիցենզիայի: «Առավոտի» տեղեկություններով, անգամ քաղաքապետի «անձնական» RTV հեռուստաընկերության աշխատողների աշխատավարձերը եւ տեխնիկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գումարները տրամադրվում են քաղաքապետարանի բյուջեից: Ստացվում է, որ համայնքի բյուջեի հաշվին Ա. Սանթրոսյանն ապօրինի կերպով կապուղի է զբաղեցնում ու անհավասար պայմաններ ստեղծելով քաղաքապետի մյուս թեկնածուների համար՝ անվճար կերպով ապահովում է իր նախընտրական գովազդը: «Առավոտի» հետ զրույցում Ա. Սանթրոսյանն ասաց, որ տեսանյութերը RTV հեռուստաալիքով շատ վաղուց են ցուցադրվել, եւ բացի այդ, դրանք եղել են ոչ թե գովազդային հոլովակներ, այլ 15 րոպեանոց հայտարարություններ: Նկատենք, սակայն, որ այդ RTV -ն անգամ այդ հայտարարությունները եթեր հեռարձակելու իրավունք չի ունեցել եւ բացի այդ էլ՝ հայտարարություններն ու գովազդները անվճար կամ բարեգործական հիմունքներով չեն ցուցադրվում, ուստի պարզ է, որ դրանց հեռարձակումից քաղաքապետը բավականին մեծ եկամուտներ է ստացել:

Մեզ հետ զրույցում պարոն Սանթրոսյանն ասաց նաեւ, որ ներկայումս RTV-ն դադարեցրել է իր գործունեությունը: Սակայն նշենք, որ առայսօր էլ օրական 2 անգամ RTV-ն հեռարձակվում է՝ ցուցադրելով ոչ միայն հայտարարություններ ու գովազդային հոլովակներ, այլ նաեւ լրատվական ինֆորմացիոն ծրագրեր:

Ուշագրավ է, որ մինչ այսօր ՀՌԱՀ-ը աչքաթող է արել RTV հեռուստաընկերությանն ու տեղյակ չէ, որ իր վերահսկողության տակ գտնվող կապուղիներից մեկն աշխատում է առանց իրենց թույլտվության: Օբյեկտիվության համար նշենք նաեւ, որ, դիլիջանցիների ներկայացմամբ, քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի պաշտոնավարման ընթացքում իրենց քաղաքը բավականին բարեկարգվել է, իսկ քաղաքի մշակութային կյանքն էլ նախկինի համեմատ ակտիվացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել