Մինչդեռ Գյումրիի քաղաքապետն արդեն իր վերընտրվելու կենացն է խմում
Օրերս տեղի ունեցած ՀՀԿ քաղխորհրդի վերջին նիստից անմիջապես հետո, երբ արդեն որոշվել է, որ Գյումրիի քաղաքապետ դառնալու համար հանրապետականների «դաբրոն» Վարդան Ղուկասյանին է հասնում, Գյումրի է ժամանել նորաթուխ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը ու քաղաքապետին պատկանող «Օազիս» սրճարանում բաժակ է բարձրացրել ու նրան շնորհավորել: Նշենք, որ իշխանական շրջանակներում Հովիկ Աբրահամյանը Գյումրիի քաղաքապետի «քաղաքական պապան» է համարվում՝ նեղն ընկած ժամանակ օգնության է հասնում, կանգնում է նրա «թասիբին»: Վ. Ղուկասյանն էլ, այս ամենից ոգեւորվելով ու ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունելով, 2 օր առաջ հավաքել է իր աշխատակիցներին ու հանդիսավոր ելույթ ունենալով՝ հայտնել, որ իր դեմ խաղ չկա ու ՀՀ նախագահի «դաբրոն» արդեն իր ձեռքերում է:
Մեր տեղեկություններով, սակայն, Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել, սա ակնհայտ է նաեւ ԲՀԿ-ի պահվածքից. այս քաղաքական ուժը թեեւ մեծ ցանկություն ունի քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածուներին առաջադրելու, սակայն սպասում է նախագահի տրամադրությանը՝ որպեսզի կոալիցիոն գործընկերոջ հետ անիմաստ մրցապայքարի մեջ չմտնի, իսկ որ ամենակարեւորն է՝ նախագահի հետ հարաբերությունները չփչացնի:
Այդուհանդերձ, մի բան պարզ է, որ Ղուկասյանն իր եկամտաբեր պաշտոնը զիջելու մտադրություն չունի, սակայն նկատենք, որ այս անգամ վերընտրվելը քաղաքապետի համար այդքան էլ հեշտ չի լինելու՝ հենց միայն այն պարզ պատճառով, որ Վարդան Ղուկասյանի ամենավտանգավոր մրցակիցը՝ ԱԺ երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նույնքան լծակներ ունի, որքան քաղաքապետը, ավելին, նա եւս իր լուման է ներդրել Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալու գործում, բացի այդ՝ սիրում է գործել ճիշտ այն մեթոդներով, որոնք տարիներ շարունակ կիրառել է քաղաքապետ Վ. Ղուկասյանը: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Մ.Գրիգորյանը քաղաքապետին նեղն է գցել, եթե նախորդ ընտրություններին բոլոր թաղերի դռները բաց էին Վարդան Ղուկասյանի առաջ, ապա այժմ Մարտուն Գրիգորյանի մարդիկ մի քանի, այսպես ասած, «պատասխանատու» թաղերում գիշեր-ցերեկ հսկում են՝ քաղաքապետի համակիրներին գրեթե զրկելով ազատ գործելու, նրա գովքը անելու հնարավորությունից: Ըստ մեր տեղեկությունների, Մ. Գրիգորյանն արդեն իսկ հասցրել է 2 թեւերի բաժանել Գյումրիի ամենաքաղաքականացված կառույցի՝ «Գյումրիի գազիֆիկացման-գազամատակարարման մասնաճյուղի» աշխատակիցներին, որոնք նախորդ տարիներին անձնվիրաբար աշխատել են Վ. Ղուկասյանի համար:
Ի դեպ, ՀՅԴ-ն, որը տարիներ շարունակ խստորեն քննադատել է Վ. Ղուկասյանին (նույնիսկ որոշ ՀՅԴ-ականներ հայտարարում էին՝ «եթե ուզում եք երկիր կառուցել, բարեփոխումներ անել, սկսեք Վարդան Ղուկասյանից»), այսօր նույնպես կամուկացի մեջ է: «Առավոտի» այն հարցին, թե Գյումրիին անհրաժե՞շտ է քաղաքապետի փոփոխություն, ՀՅԴ մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը պատասխանեց. «Դաշնակցությունը միշտ հարաբերական կայունության կողմնակից է, Վահան Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզչության մեջ ասում էր՝ «փոփոխություններ քաղաքական կայունության պայմաններում»: Եթե էդ փոփոխությունից հետո էս քաղաքում ինչ-որ անկայուն զարգացումներ են լինելու, էս քաղաքը դրանից տուժելու է, խնդիրներ են առաջանալու, ապա ով ուզում է գա, մեզ պետք չեն այդ փոփոխությունները, եթե էդ փոփոխությունները ծառայելու են մեր քաղաքի համար, բերելու են նորություն, թարմություն եւ էդ փոփոխությունը լինելու է էս քաղաքի ժողովրդի կամքով, բնականաբար՝ դաշնակցությունը դրան ոչ դեմ է, ոչ էլ ժողովրդին հակառակ կգնա: Բայց նորից եմ կրկնում, եթե էդ փոփոխությունը քաղաքին կբերի ցնցման, լինելու է վերեւների թելադրանքով, մեկի ուզել-չուզելով է լինելու՝ պետք չէ հազարավոր մարդկանց տանել փորձության: Պետք չէ փոխել փոխելու համար եւ պետք չէ պահել պահելու համար, ցանկացած փոփոխություն պետք է ունենա դրական զարգացում, եթե այն չկա, փոխելու ենք, բերելու ենք ավելի վատին՝ իմաստը ո՞րն է: Ժողովուրդը ընտրությանը կտա իր գնահատականը, հայկական հիվանդություն կա, որ ձգտում են նորին, պետք է հասկանալ՝ էդ նորը ալտերնատի՞վ է, ի՞նչ է, ո՞վ է, ի՞նչ են առաջարկում մեզ, ի վերջո: Էսօր մեր Գյումրիին քաղաքապետ կարող է լինել ցանկացած բանիմաց, գործարար մարդ, որը հասկանում է, էսպես ասենք, քաղաքի բիզնես կոնցեպցիան, բիզնես-ստրուկտուրան, որովհետեւ քաղաք կառավարելու համար բնավ անհրաժեշտ չէ ունենալ լուրջ քաղաքական-տեսական գիտելիքներ, համալսարանական կամ, ասենք, ակադեմիական կրթություն, բազմապրոֆիլ լավ բիզնեսմենը կարող է ղեկավարել մեր քաղաքը: Պետք է ուղղակի ունենա սրտացավություն, պարկեշտություն, ազնվություն, ավելի շատ մարդկային՝ անձնական գործոններ են անհրաժեշտ: Եվ եթե քաղաքապետերին չստիպեին լինել կուսակցականացված, չունենային պարտավորություններ, կարծեմ ավելի հեշտ կկառավարեին քաղաքը, ավելի օգտակար կլինեին քաղաքին, քան քաղաքական կախվածության մեջ գտնվող մարդիկ»:
Ի դեպ, ՀՅԴ-ն դեռեւս պաշտոնապես չի որոշել՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար հանդես կգա սեփական թեկնածուո՞վ, թե՞ կսատարի որեւէ մեկին: