Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ օմբուդսմենը դիմեց ՀՀ ոստիկանապետին

Սեպտեմբեր 12,2008 00:00

«Առավոտն» էլ էր նույն հարցով դիմել դեռ 3 ամիս առաջ

Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրանից պարզաբանում ստանալու խնդրանքով, թե ինչո՞ւ էր սեպտեմբերի 10-ին ՀՀ քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա արգելված: «Սեպտեմբերի 10-ին իմ աշխատակազմի քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի աշխատակիցները բանավոր դիմում-բողոքների հիման վրա, իմ հանձնարարությամբ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ Թումանյան փողոցից մինչեւ Պուշկինի փողոց ընկած հատված մուտք գործելը արգելված էր ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերը նշվածի իրավական հիմնավորվածության վերաբերյալ»,- ՀՀ ոստիկանապետին ուղղված նամակում գրել է ՀՀ օմբուդսմենը: Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտա մուտքը քաղաքացիների համար փակվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 9-ին քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով թվով վեց կանայք հացադուլ էին հայտարարել, ինչից հետո նույն օրը, երեկոյան ոստիկանական ուժերը «կարմիր բերետավորների» օժանդակությամբ եւ պողոտայում գտնվող քաղաքացիների նկատմամբ ուժի գործադրմամբ պողոտան «ազատել էին» բողոքի ակցիայի մասնակիցներից: Այդ օրը եւ սեպտեմբերի 10-ին եւս պողոտա մուտքը քաղաքացիների կամ բողոքի ակցիաների համար փակ էր:

Ի դեպ, այս տարվա մայիսի 29-ին էլ «Առավոտն» էր գրավոր հարցադրումներով դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Սայաթ Շիրինյանին՝ խնդրելով պարզաբանում տալ, թե ինչո՞ւ եւ ո՞ր օրենքի ո՞ր դրույթի համաձայն է քաղաքացիների կամ ընդդիմության համակիրների համար փակ «Ազատության» հրապարակը եւ ո՞վ է կրում ո՛չ արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀ սահմանադրությամբ ամրագրված ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման պատասխանատվությունը:

Այդ հարցադրումները պարոն Շիրինյանին փոխանցելուց հետո անցել է ավելի քան երեք ամիս, բայց պատասխան դեռ չկա, թեեւ գործող օրենսդրությամբ, այդպիսի պատասխան կամ համապատասխան տեղեկատվություն ոստիկանությունն ուղղակի պարտավոր էր տրամադրել 5-օրյա ժամկետում: Մենք չենք զարմանում, որ պատասխան կամ պարզաբանում ոստիկանությունից այդպես էլ չենք ստացել, որովհետեւ ակնհայտ ենք համարում այն, որ այդ կառույցն ուղղակի չուներ մեր հարցադրումների ողջամիտ եւ տրամաբանական, ու ամենակարեւորը՝ օրենքից ու երկրի Սահմանադրությունից բխող հիմնավոր պատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել