Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ ԵԽԽՎ ԱՅՍ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 12,2008 00:00

\"\"Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում այժմ գերազանցապես ռուս-վրացական հակամարտությունն է

Երեկ Փարիզում գումարվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցում էին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ է, եւ Ավետ Ադոնցը, որը նույնպես այդ հանձնաժողովի անդամ է: Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Փարիզ չի մեկնել, քանի որ առկախել է իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին: Փոխարենը հանձնաժողովի նիստին մասնակցել է նաեւ Արմեն Ռուստամյանը:

Հանձնաժողովի նիստի օրակարգում 3-րդ հարցը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հայտարարությունն էր՝ Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման մասին: Այդ փաստաթուղթը երեկ ուշ երեկոյան դեռ չէր տեղադրվել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կայքէջում: Իսկ ԵԽԽՎ կայքէջում Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստի վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվել միայն Բոսնիայի եւ Հերցեգովինայի առնչությամբ քննարկված հարցերի մասին:

Թե ինչ է ասվել Հայաստանի մասին՝ փորձեցինք պարզել ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից: Կարեւոր նորությունը, որը հայտնեց նա՝ այն էր, թե Համմարբերգի զեկույցի արդյունքներով Հայաստանի հարցը հրատապ կարգով չի քննարկվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում: «Համենայն դեպս՝ արտահերթ չի քննարկվի,- ասաց պրն Հարությունյանը:- Հանձնաժողովի նիստում քննարկվեց, թե ինչ ընթացք կա, ինչ հարցեր են բաց մնացել՝ դեռեւս չեն լուծվել եւ այլն»: Մեր հարցին, թե Թոմաս Համմարբերգն ինչպե՞ս էր գնահատել «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը եւ քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց առնչվող գործերի ընթացքը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, Համմարբերգը ներկայացրեց իր մոտեցումները: Զեկույցում նշեց, որ ըստ ՀՀ իշխանության՝ նախաքննությունն արդեն ավարտված է, եւ գործերը փոխանցված են դատարան: Ինչպես նաեւ՝ անդրադարձավ փաստահավաք փորձագիտական խումբ ստեղծելու վերաբերյալ իր առաջարկին եւ ներկայացրեց, թե ինչ զարգացումներ, քննարկումներ կան, եւ ինչ բաց հարցեր են մնացել»: Նշենք, որ ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ է դրված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ նախագիծ, ըստ որի՝ այդ խումբը բաղկացած է լինելու հավասար քանակով անդամներից՝ կոալիցիայից եւ Հայ Ազգային կոնգրեսից ու «Ժառանգություն»-ից:

Հետաքրքրվեցինք, թե Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում անդրադարձ եղե՞լ է այն փաստին, որ սեպտեմբերի 10-ին ԱԺ-ն ընդունեց օրենք, որով արգելեց մինչեւ 2010 թվականն անցկացնել հեռուստակապուղիների մրցույթներ: Դավիթ Հարությունյանի պատասխանը բացասական էր: Սակայն այս հարցին երեկ անդրադարձ է եղել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ Եվրոպայի խորհրդի քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանիի հանդիպման ժամանակ, որը Երեւան է ժամանել՝ ներկայացնելու ԵԽ գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպման ընթացքում ԵԽ քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրենն անդրադարձել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին, որը «տիկին Լուչիանիի գնահատականով՝ շատ հապճեպ ընդունվեց, առանց եվրոպական փորձաքննության, եւ քայլ էր ոչ թե ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ուղղությամբ, այլ հետընթաց, որ նշանակում է՝ կառավարությունն ու Ազգային ժողովը լրջորեն չեն ընդունել ԵԽԽՎ բանաձեւի առաջարկությունները»: Ի դեպ, նա նաեւ մտահոգություն է հայտնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքով:

«Թոմաս Համմարբերգն ասաց, թե պետք է շարունակել հետեւել Հայաստանում ընթացող զարգացումներին,- պատմեց Դավիթ Հարությունյանը:- Ըստ նրա՝ որոշ առաջխաղացումներ կան, բայց դեռ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ենթակա են լուծման»:

Հուլիսի 24-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտնել էր, թե «իր այցի արդյունքում պիտի նախապատրաստի զեկույց, որը ներկայացնելու է սեպտեմբերի 11-ին Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, եւ արդեն այդ ժամանակ անհրաժեշտ են վստահելի ապացույցներ, որ Հայաստանում իրավիճակը շտկվում եւ ժողովրդավարության ճանապարհն անշրջելի է երկրի համար»: ԵԽԽՎ նախագահը երեկ զեկույցով հանդես չի եկել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ Լյուիս Մարիա դե Պյուչը Հայաստան կատարած իր այցին հակիրճ անդրադարձել է սեպտեմբերի 5-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ բյուրոյի նիստում. «Ընդհանուր զեկույց էր, թե ում հետ է հանդիպել, ինչ հարցադրումներ է առաջադրել եւ ինչ հավաստիացումներ ստացել»: ԵԽԽՎ կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ԵԽԽՎ նախագահն այս նիստում առավել ծավալուն անդրադարձել էր Վրաստան-Ռուսաստան հակամարտությանը եւ հայտարարել առաջարկների մասին, ըստ որոնց՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում պիտի հրատապ քննարկվի «Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ պատերազմի հետեւանքները» հարցը եւ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով՝ սեպտեմբերի 21-26-ն ուսումնասիրելու իրավիճակն այդ երկու երկրներում:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի վերջին շրջանի զեկույցներն ու հայտարարություններն էլ հիմնականում վերաբերվել են Հարավային Օսիայի հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերին: Եվ երեկ էլ, չնայած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում «Վրաստան-Ռուսաստան հակամարտություն» հարցը 6-րդն էր, բայց դրա քննարկմանը, բնականաբար, հատկացվեց ավելի շատ ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել