Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ՀԱՐՑԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ»

Սեպտեմբեր 12,2008 00:00

\"\"ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն լուրջ է վերաբերվում իր բոլոր որոշումներին:

– ՀՀԿ որոշ անդամներ արդեն սկսել են կուսակցության ներսում կատարվող որոշ փոփոխություններ համեմատել ֆուտբոլի հետ: Սակայն ԱԺ նախագահի փոփոխության անհրաժեշտությունը, որի մասին հայտարարել է ՀՀԿ գործադիր մարմինը, կարծես կիսատ է ներկայացված, չեն նշվում պատճառները, որոնց հիման վրա կայացվել է այդ որոշումը: Կնշե՞ք որոշ պատճառներ, թե՞ մյուսների նման կհորդորեք սպասել մինչեւ սեպտեմբերի 16-ին կայանալիք կուսակցության խորհրդի նիստը:

– Մեր կուսակցության գործադիր մարմինը քաջ գիտակցում է այդ հարցի լրջությունը, գիտակցում ենք, որ դա ԱԺ նախագահի՝ Սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքի փոփոխության հարց է, եւ ես ուզում եմ փարատել կասկածները, որ մենք բավարար լրջությամբ չենք մոտեցել հարցին: Երկու բան եմ ուզում ասել. նախ՝ ցանկացած կուսակցություն ինքն է որոշում իր կադրային ռեզերվը, իր կադրային հարցերը, եւ երկրորդ՝ քանի որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ կխոսի կուսակցության խորհրդի նիստից հետո, ես կոռեկտ չեմ համարում այս պահին առավել մանրամասն խոսել: Իսկ այն, թե հատկապես ինչու ենք հենց Հովիկ Աբրահամյանին առաջարկել այս պաշտոնում, ունի լուրջ հիմքեր: Մեր կուսակցությունն այն կուսակցությունը չէ, որ նման կարեւոր հարցերին անլուրջ մոտենա: Մենք գիտակցում ենք, որ ժողովրդի եւ երկրի առջեւ լուրջ պատասխանատվություն ենք ստանձնել եւ քայլ առ քայլ գնում ենք մեր խոստումների կատարման ճանապարհով:

– Վարկածներ կան, որ ՀՀԿ-ն գնում է այս փոփոխությանը, քանի որ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ Հովիկ Աբրահամյանը հենց այն մարդն է, որը պետք է այդ պահին լինի ԱԺ նախագահի պաշտոնում:

– Մեկ անգամ ասել եմ, որ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ուզի՝ նորը պատվիրի: ՀՀ-ում ընտրական գործընթացը նոր է ավարտվել, եւ օրենսդիր ու գործադիր մարմիններն աշխատում են բնականոն: Չեմ կարծում, որ հասարակությունը նոր ընտրություններից կշահի: Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցողները կարող էին մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Համապետական ընտրությունները կլինեն իրենց ժամանակին: Այսօր ժողովուրդը ոչ թե նոր ընտրություններ է ուզում, այլ՝ խոստումների կատարում, ինչը եւ մեր կառավարությունն ու նախագահն անում են:

– Ձեր կուսակցության ներսում կա՞ կուսակցական կարգապահություն:

– Անշուշտ, մենք բոլորս առաջնորդվում ենք մեր կուսակցության կանոնադրությամբ ու որոշումներով, եւ մեր կուսակցության բոլոր որոշումները ծնվում են քննարկումների արդյունքում եւ ընդունելի են բոլորի համար:

– Սեպտեմբերի 15-ին Հայ ազգային կոնգրեսը հերթական հանրահավաքն է անցկացնելու եւ ասում են, որ պայքարը լինելու է հուժկու եւ մինչեւ վերջ: Արդյո՞ք այս հանրահավաքը լրջորեն չի խարխլելու իշխանության հիմքերը:

– Չեմ կարծում, որ ընդհանրապես կարող է խարխլել իշխանության հիմքերը: Իշխանությունը կատարում է սահմանադրությամբ իրեն վերապահված գործողությունները, եւ բոլորս տեսնում ենք, որ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության ասպարեզում հստակ երեւում է բարեփոխումների գիծը, երեւում է իշխանությունների քաղաքական կամքն ու բարեփոխումների գնալու վճռականությունը: Մեր քաղաքացիները տեսնում են, որ անհամեմատելի է այն Հայաստանը, որ կար մինչեւ ընտրությունները, մարտ-ապրիլ ամիսներին եւ հիմա: Տեսնում են, որ իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ, աստիճանաբար լուծում է այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի եւ ժողովրդի առջեւ: Իսկ ընդդիմությունն իր հանրահավաքներով փորձում Է շիկացած պահել մթնոլորտը, դրանով լուծելով իր ընտրազանգվածի հարցը: Դա ընդդիմության իրավունքն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը: Իմ կարծիքով, Հայաստանում հանրահավաքների արդյունավետության ժամանակն անցել է, եկել է ոչ թե հանրահավաքի, այլ՝ աշխատելու ժամանակը:

– Կառավարության նախաձեռնությունը՝ փոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, լրագրողական կազմակերպութունների կողմից չընդունվեց, քանի որ մտավախություն կա, որ դրանով նորից «փակվեց» «Ա1+»-ը: Եթե իրոք այդպես է, ուրեմն ի՞նչը փոխվեց մեր երկրում:

– Նորմալ է, որ տարբեր կառույցներ, կազմակերպություններ միեւնույն հարցի վերաբերյալ ունեն տարբեր կարծիք, նշանակում է՝ մեզանում ապահովված է բազմակարծությունը: Նախարարը նշեց, որ հարցը քաղաքական չէ, որ դա մեր երկրի ստանձնած պարտավորություններից է եւ, բացի այդ, կա զուտ տեխնիկական խնդիր, եւ 2010-ի կեսերից յուրաքանչյուր ընկերություն բոլորի հետ հավասար պայմաններով կարող է մասնակցել մրցույթին եւ հաղթել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել