Սեպտեմբերի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նստելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կողքին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը թերեւս նրան նաեւ հորդորում էր հրաժարվել կառավարության այն նախաձեռնությունից, որով կապուղիների մրցույթներն արգելվեցին մինչեւ 2010 թվականը: Սակայն քանի որ Տիգրան Սարգսյանն արդեն հայտարարել է, թե «Համար մեկ պրոբլեմը ՀՀ-ում ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ»՝ նա չհրաժարվեց «Ա1+»-ի եթեր վերադարձը խոչընդոտող այդ օրինագծից: Փոխարենը երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորս առեւտուր իրականացնելիս պահանջենք հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները. «Ակնկալում եմ ձեր ըմբռնումը եւ աջակցությունը, ինչպես նաեւ մեր հասարակության, մեր քաղաքացիների՝ լինեն նրանք ընդդիմադիր, թե իշխանամետ ուժեր: Այս հարցում մենք պետք է միախմբված լինենք»: