Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆ ԵՄ»

Սեպտեմբեր 11,2008 00:00

\"\"Երեկվա համարում տեղեկացրել ենք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի համարձակ կեցվածքի մասին: Սրբազանը պատասխանեց նաեւ «Առավոտի» հարցերին: Եկեղեցու նյութական վիճակն անհամեմատելի համարելով Շիրակի մարզում գործող մյուս կառույցների հետ, նա հայտարարեց. «Շատերի մոտ եղած կարծիքը, թե եկեղեցին առասպելական հարստություն ունի՝ սխալ է: Իրականում եկեղեցին իր չունեցածից կարողանում է բաժին հանել իր ժողովրդին, մինչդեռ շատ-շատ կառույցներ կան, որոնք ունեն եւ չեն անում: Ես այն տպավորությունն ունեմ, որ օտարերկրյա շատ կառույցներ ֆինանսավորում են այնպիսի ծրագրեր, որոնք լրիվ անիմաստ է մեզ ներկայացնելը: Եվ որքան անհաջող է ծրագիրը, այնքան հավանական է ֆինանսավորումը: Օրինակ, եթե «Հայորդաց տուն» դպրոցի երրորդ հարկի վերանորոգման համար հարյուրավոր կազմակերպությունների դիմեմ՝ երեւի ոչ մեկը ֆինանսական օժանդակություն ցույց չտա, բայց մի ջրային ինչ-որ ծրագիր ներկայացնեմ, որ ուզում եմ սեմինար անցկացնել չգիտեմ ինչ թեմայով, յոթ անգամ ուսուցիչը պետք է գա դասախոսություն կարդա, այդ ընթացքում չգիտես քանի անգամ «tea» ու «coffee-break» պետք է լինի եւ այլն, անմիջապես կֆինանսավորվի: Օրինակ՝ հսկայական գումարներ ծախսվեցին գյուղերում սեռական դաստիարակության համար, արդյունքն էլ ոչ մեկին հայտնի չէ…, իբրեւ թե Ամասիայի Շաղիկ գյուղում կնոջը պիտի բացատրեին, թե ինչպես պետք է հարաբերվի ամուսնու հետ, որը վերադառնում է Ռուսաստանից: Հսկայական գումարներ ծախսվեցին, ընդ որում՝ աբսուրդն այն է, որ դասախոսը պիտի գնա այդ գյուղը ու կանանց բացատրի, որ գիտե՞ք ինչ, երբ ձեր ամուսինը վերադառնա խոպանից՝ թույլ չտաք մոտիկ գա, մինչեւ գնա բժշկից տեղեկանք բերի: Սա բացատրելու համար, պարզվում է, փող է պետք: Կամ հսկայական գումարներ են ծախսվում դպրոցներում ծնողական խորհուրդների զորացման համար: Կես միլիոն եվրո են ծախսում, բայց ոչ մի ծնողական խորհուրդ էլ չի գործում: Ես դեմ եմ այդ տեսակ ծրագրերին»:

Անդրադառնալով իր մոտալուտ պաշտոնանկության ու ընդդիմադիր քաղաքական հայացքների մասին պտտվող խոսակցություններին՝ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Շիրակի թեմի առաջնորդին փոխողն Ամենայն հայոց կաթողիկոսն է, ես ուրիշ վերադաս չունեմ, բացի կաթողիկոսից, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը նման ծրագիր չունի, եթե ունենա, մենք հնազանդ ենք Ամենայն հայոց կաթողիկոսի որոշմանը: Ես մեղք չեմ համարում ընդդիմադիր հայացքներ ունենալը, բայց ես ընդդիմադիր չեմ, ես ուղղակի փորձում եմ պաշտպանել այն ճշմարտությունը, որը համարում եմ ռեալ… Հոգեւորականը պարտավոր է լինել ճշմարտության կողմը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել