Լրահոս
Օրվա լրահոսը

6-ՐԴ ԲԻԵՆԱԼԵՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Սեպտեմբեր 11,2008 00:00

Այս անգամ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ

Օրերս Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեկնարկեց ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը: Այս բիենալեն նախորդներից տարբերվում է նրանով, որ հիմնադրման տասը տարվա ընթացքում մշակույթի նախարարությունն առաջին անգամ է փորձում օգնել կազմակերպիչներին:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին բիենալեի համադրողները, ապշելով այն ժամանակվա մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի ու տեղի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ու Գյումրու քաղաքապետի վերաբերմունքից, դժգոհում էին, որ իրենց ամբողջ աշխարհն է ընդունում, բացառությամբ՝ հայրենիքի: Իսկ այս անգամ բիենալեի «համբավը» կարծես թե տեղ է հասել: «Առավոտի» հետ զրույցում մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը ասաց. «Մշակույթի նախարարությունն առաջին անգամ պետական աջակցություն ցուցաբերեց այս փառատոնին: Այս պահից ի վեր մենք աջակցելու ենք»: Գյումրու բիենալեի համահիմնադիր Ազատ Սարգսյանի կարծիքով՝ «պետական աջակցություն» բառն այստեղ անտեղին է: «Ես կասեի՝ համագործակցություն, քանի որ այն, ինչ անում ենք բիենալեի ժամանակ, մեր ներդրումն ենք համարում, որովհետեւ աշխատում ենք որպես կամավորներ»:

«Առավոտը» Ազատ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ առանձնահատկություններ ունի 6-րդ բիենալեն նախորդների համեմատ: «Ամենակարեւորն այն է, որ այս բիենալեին հրավիրված են արվեստի կենտրոններ, տարբեր երկրներից համադրողներ եւ հիմնականում աշխատում ենք ոչ միայն արվեստագետների, այլեւ արվեստի կենտրոնների հետ: Ներկայացվելու է նկարչություն, քանդակագործություն, ինստալյացիա, վիդեո-արտ եւ այլն: Գտնում եմ, որ սա այս տարվա ամենամեծ ներդրումն ու առանձնահատկությունն է: Արդեն մեկ ամիս է՝ հյուրեր ենք ընդունում, երբեմն լինում են անհարկի անհարթություններ, որն, իհարկե, անհնար է էսպիսի մեծ աշխատանքների ժամանակ հաղթահարել: Մոտ 30 երկրից 70 հյուր ենք ընդունել, Հայաստանից մասնակցում է 50 արվեստագետ: Հնարավորինս անում ենք այնպես, որ բոլորը ընդգրկված լինեն թե՛ Գյումրիից, թե՛ Երեւանից ու Հայաստանի ժամանակակից կենտրոններից»:

Ի դեպ, բիենալեի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հիմնադիրներից մեկը՝ Ֆրանսիայում բնակվող գյումրեցի Վազգեն Պահլավունին մեկ անգամ եւս հիշեց ժամանակին իրենց «նեղացնողներին», ակնարկելով, որ, այնուամենայնիվ, ներում է: «Ուրախ եմ, որ մի նախաձեռնություն, որը տասը տարիների ընթացքում դարձավ հասարակական սեփականություն, մեր բոլորինը, մանավանդ որ ծնվել է Գյումրիում, դրսի հրահանգով չի ծնվել, իրականանում է իր բոլոր պրոբլեմներով, բոլոր գժություններով հանդերձ՝ Գյումրի քաղաքում, եւ մենք աշխատում ենք լավատես լինել»: Ավանդապաշտ Գյումրիում բիենալեն այնքան էլ միանշանակ չի ընդունվում, շատերը դեռ քննադատում են, այդպես էլ չհասկանալով փողոցներում ցուցադրություններ կազմակերպելու իմաստը, շատերն էլ այն համարում են պատմական փաստ, որը մի նոր աշխուժություն ու շունչ է հաղորդում աղետ տեսած քաղաքին: Ինչպես նշեց մասնակիցներից մեկը. «Պատահական չէ, որ այս միջոցառումն իր կենսունակությունը ստացավ հենց Գյումրիում, արվեստագետը, որ բնագավառից էլ լիներ, օրհնվելու համար գալիս էր Գյումրի, որպեսզի հաստատվեր այստեղ ու հետո նոր միայն շարունակեր իր ճանապարհը: Իսկ Գյումրին, որը հայտնի է իր ավանդապահությամբ, ապացուցեց, որ ոչ միայն անելիքներ ունի հին ավանդույթները պահպանելու, այլեւ՝ ժամանակակից արվեստում: Գյումրին հանրապետության այն բացառիկ քաղաքներից է, որտեղ պահպանվել է գրական-մշակութային միջավայրը»: Այս անգամ բիենալեի ցանկում ընդգրկված էին աշուղական երգերի նորօրյա կատարումներ, քաղաքական բռնությունները դատապարտող ֆիլմեր ու նկարներ, պատերազմների, քաղաքական ռեժիմների փոփոխության ու կատաստրոֆաների մասին աշխատանքներ, ինչպես նաեւ սոցիալական խնդիրների մերօրյա լուսաբանումներ: Արվեստի ժամանակակից գործերի ցուցադրությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել