Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ՄԻԽԱՐԵՍ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

Սեպտեմբեր 11,2008 00:00

\"\"Երեկ, երբ առաջին թեթեւագույն քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ պատրաստվում էինք մեկնել Սպիտակ՝ նրա անվամբ կոչված բռնցքամարտի ակումբի բացմանը ներկա լինելու, Վախթանգի մենեջեր Էլաես Նասան զանգահարեց եւ տեղեկացրեց, որ WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Քրիստիան Միխարեսի հետ գոտիների միավորման մենամարտի պայմանագիրն արդեն ստորագրվել է: Այն կայանալու է նախապես հայտարարված ժամկետից մեկ շաբաթ շուտ՝ նոյեմբերի 1-ին: Բնական է՝ հենց տեղում Վիկի հետ հանպատրաստից հարցազրույց անցկացրինք:

– Մենամարտի օրն ինչո՞ւ փոխվեց:

– Պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ բան կախված է հեռուստաընկերություններից: Առավոտյան տեղեկացա, որ «Showtime»-ն առաջարկել է այդ օրը: Ու պայմանագիրը ստորագրվեց:

– Հիմա ծրագրերդ փոխվեցի՞ն:

– Այո: Մեկ շաբաթն էլ մեծ նշանակություն ունի: Արդեն ամեն բան թողնելու եմ ու սկսելու եմ նախապատրաստվել:

– Մեկ ամիս է, ինչ Հայաստանում ես, այս ընթացքում մարզվե՞լ ես:

– Փորձել եմ, բայց չի ստացվել: Կնոջս ու որդուս հետ եմ այստեղ: Անընդհատ հանդիպումներ հարազատների, բարեկամների, ընկերների հետ, հրավերներ: Հնարավոր չէր: Բայց նոյեմբերի 1-ին դեռ յոթ շաբաթ կա:

– Որոշե՞լ ես անելիքդ:

– Ուրբաթ գիշեր մեկնում եմ Ավստրալիա ու անմիջապես ձեռնամուխ եմ լինելու մարզումներին: Լաս Վեգասում կլինեմ մարտից մոտ 20 օր առաջ, որպեսզի հարմարվեմ ժամային գոտուն, կլիմային: Վանաձորից կգա նաեւ իմ անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը:

– Այդ մարտում հաղթողը կրելու է չորս գոտի՝ դառնալով ձեր քաշային կարգում բացարձակ չեմպիո՞ն:

– Այո: Դա լինելու է իմ մարզական կարիերայի ամենակարեւոր մենամարտը ու երազանքս իրականացնելու եզակի հնարավորություն է: Դրա համար էլ շատ լուրջ եմ մոտենալու: Կարելի է ասել, որ դա նաեւ պատմական մենամարտ կլինի, քանի որ այս քաշային կարգում պատմության մեջ բացարձակ չեմպիոն չի եղել: Այդ կոչումն առաջինը ես կկրեմ:

– Բայց Միխարեսն աշխարհում համարվում է առաջինը:

– Հուսով եմ՝ դա կտեւի մինչեւ նոյեմբերի 1-ը:

– Նրա մարտաոճն ուսումնասիրե՞լ ես:

– Անպայման: Ուժեղ մրցակից է: Մեր ոճերը մոտավորապես նույնն են՝ հարձակողական: Բայց ես Միխարեսին անակնկալներ կմատուցեմ:

– Մենամարտը որտե՞ղ է լինելու:

– Լաս Վեգասի «MGM Cazino»-ում, որը Քըրք Քրքորյանինն է:

– Դրանից հետո ի՞նչ է լինելու:

– Հաջորդը լինելու է Նոնիտո Դոնեյրը: Այս անգամ արդեն նա ինձնից փախչել չի կարողանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել