Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ճնշում՝ Ադրբեջանի վրա

Սեպտեմբեր 11,2008 00:00

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությունները վերջին իրադարձությունների վերաբերյալ

«Հայացք» ակումբի երեկվա հյուրը ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էր, որն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Խոսելով Գյուլի հայաստանյան այցի մասին՝ Ռ. Սաֆրաստյանն ասաց, որ այցը եւ Ստամբուլում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու հրավերը՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, վկայում են այն մասին, որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ դրական է: Դառնալով Աբդուլլա Գյուլի Ադրբեջան մեկնելուն՝ թուրքագետը նշեց. «Գյուլի ադրբեջանյան այցը ե՛ւ պայմանավորված է հայաստանյան այցի հետ, ե՛ւ ոչ: Քանի որ Թուրքիան առաջ քաշեց իր նախաձեռնությունը՝ կապված Հարավային Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմ ստեղծելու հետ, փաստորեն առաջարկեց Ադրբեջանին էլ մտնել ձեւավորվող ձեւաչափի մեջ՝ Հայաստանի հետ համատեղ: Չեմ կարող ասել, թե ինչ բանակցություններ տեղի ունեցան, բայց այն հանգամանքը, որ Ադրբեջանը համաձայնեց Հայաստանի հետ մասնակցել այդ ձեւաչափին, վկայում է այն մասին, որ Թուրքիան մեծ ճնշում է գործադրել Ադրբեջանի վրա: Չպետք է մոռանալ, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել պլատֆորմի վերաբերյալ բանակցություններին, քանի որ այդ պլատֆորմի անդամ երկրներից Ռուսաստանը՝ ինչպես Վրաստանն է ձեւակերպում, գրավում է իր տարածքի մի մասը: Ամեն դեպքում, Գյուլի այցը Ադրբեջան՝ հիմնականում կապված է այն ճնշման հետ, որ Թուրքիան գործադրում է Ադրբեջանի վրա»:

Ըստ Ռ. Սաֆրաստյանի, վրաստանյան դեպքերից հետո Ռուսաստանը տարածաշրջանում կտրուկ ուժեղացրել է իր աշխարհաքաղաքական դիրքերը. «Նրա օժանդակությամբ ոչ միայն ստեղծվեց երկու պետություն Վրաստանի տարածքի վրա, այլեւ Ռուսաստանն օրինական իրավունք ստացավ իր զորքերը տեղակայել այդ պետությունների տարածքում, իսկ մոտ մեկ ամիս առաջ այդ տարածքը դեռեւս վրացական էր: Սա նշանակում է, որ Ռուսաստանը մի քանի օրվա ընթացքում կտրուկ փոխեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը՝ ուժեղացնելով իր դիրքերը: Պատահական չէ, որ Ադրբեջանը շատ զգուշավոր մոտեցում ցույց տվեց ԱՄՆ-ի առաջարկներին: Սա էլ նշանակում է, որ Թուրքիան կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում: Այսպիսով՝ մի կողմից Ադրբեջանն է ստիպված փորձում ռուսամետ քաղաքականություն իրականացնել, մյուս կողմից՝ այն ռազմական ենթակառուցվածքները, որոնք ստեղծվել էին Վրաստանում Թուրքիայի օգնությամբ եւ որոնց վրա Թուրքիան ծախսել էր 40 միլիարդ դոլարից ավելի՝ հիմնականում ոչնչացված են: Մեծ հարված ստացավ նաեւ վրացական բանակը, որի նախապատրաստմանը մասնակցել է Թուրքիան: Կարելի է ասել, որ թուրքերի դիրքերը թուլացել են նաեւ Վրաստանում: Թուրքիան առաջ քաշելով պլատֆորմի վերաբերյալ իր նախաձեռնությունը, փորձում է Ռուսաստանի հետ համատեղ իր համար դիրքեր ապահովել մեր տարածաշրջանում՝ աշխարհաքաղաքական առումով»: Ռ. Սաֆրաստյանի ձեւակերպմամբ, ԱՄՆ-ը տարիներ շարունակ շահագրգռություն է ցուցաբերել, որ հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան, իսկ Ռուսաստանը վերջին շրջանում փորձել է այս հարաբերություններում միջնորդի դեր ստանձնել. «Ռուսաստանն արդեն զգալով, որ աշխարհաքաղաքական առումով մեր տարածաշրջանում ստանում է իշխող, գերակշռող դիրք, փորձում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների համար ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել, դրանով իսկ վերահաստատելով իր հեգեմոնիկ դերը մեր տարածաշրջանում: Ռուսաստանն իր համար այլեւս վտանգ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ սահմանի բացման առումով»: Գյուլին Երեւան հրավիրելն էլ, Ռ. Սաֆրաստյանի բնութագրմամբ, քայլ էր ճիշտ ուղղությամբ, որի արդյունքները օգտակար կլինեն ոչ միայն Հայաստանի, այլեւ Թուրքիայի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել