Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԽՈՒՐ ԱՆՑՅԱԼՈՎ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐ»

Սեպտեմբեր 11,2008 00:00

\"\"Ալտահարուհի Դիմուտ Պոպպենը համաձայն չէ ալտահարների հասցեին արված այս որակմանը

Երեւանյան երկրորդ միջազգային փառատոնի շրջանակներում երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Հովեր» կամերային երգչախմբի ընկերակցությամբ առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ ճանաչված գերմանացի ալտահարուհի Դիմուտ Պոպպենը՝ հիանալի մեկնաբանելով Կանչելիի «Ալտի կոնցերտը» (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան):

Ի տարբերություն շոու-բիզնեսի, դասական երաժշտության ոլորտում երբեք չեն կազմվում թոփ-տասնյակներ, հնգյակներ, որոնցից կարելի է հեշտությամբ տեղեկանալ, թե, օրինակ, որ կատարողը որ հորիզոնականում է: Փոխարենը դասական երաժշտական կատարողական արվեստում, երբ ներկայացվում է այս կամ այն երաժիշտը, նրա անունը դրվում կամ հոլովվում է իր մակարդակի մյուս ճանաչվածների շարքում: «Առավոտը» հանդիպեց Դիմուտ Պոպպենին, որի անունը ասոցացվում է Քիմ Քաշքաշյանի, Յուրի Բաշմետի եւ մյուս հայտնիների հետ: Սովորաբար տեղին չէ, երբ նման արվեստագետների մասին խոսելիս շեշտվում է, թե որ համերգասրահում ինչ մեծության դիրիժորների հետ են ելույթ ունեցել կամ ինչ հայտնի ֆիրմաներում են ձայնագրվել եւ այլն: Այս դեպքում նշենք միայն, որ մեր զրուցակիցը ներկայումս Դեթմոլդի Summer Music անսամբլի գեղարվեստական ղեկավարն է, իսկ նրա՝ որպես մենակատարի երկացանկն ընդգրկում է դասականներից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորներ, որոնցից շատերի ալտի կոնցերտների առաջին մեկնաբանն ու տարածողն է:

Հետաքրքրվեցինք, թե բազմազբաղ երաժիշտը ինչպե՞ս է ընդունել իրեն անծանոթ երեւանյան փառատոնի հրավերը, Դ. Պոպպենը պատասխանեց. «Նման դեպքերում առաջին գործը, որ անում եմ, թերթում եմ օրացույցս, իսկ հրավեր ստացա թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանից, որը կարիերա է անում Եվրոպայում եւ հանդիսանում է երեւանյան այս փառատոնի համահիմնադիրը: Ընդամենը հինգ օր ժամանակ ունեի եւ սիրով համաձայնեցի, քանի որ Ալեքսանդրը ներկայացրեց, որ փառատոնն ընդգրկում է միանգամից սիմֆոնիկ եւ կամերային երեկոներ, ինչին պրակտիկորեն չեք հանդիպի Եվրոպայում»:

Հարցին՝ ժամանակին ալտիստներին որակում էին ինչպես «տխուր անցյալով ջութակահարներ», ասել է թե՝ չկայացած ջութակահարներ, այսօր փոխվե՞լ է այդ դիտարկումը, մեր զրուցակիցն ասաց. «Դա մինչեւ 1960-ականներն էր, իսկ երբ այդ տարիներին երեւան եկավ Բաշմետը, նա ապացուցեց, որ միայն լա՛վ ջութակահարը կդառնա լավ արտիստ: Ի դեպ, ես ինքս ջութակահար եմ եղել եւ պետք է ասեմ, որ ավելի բարդ է տիրապետել ալտին»: Հետաքրքրությանն էլ, թե ինչո՞ւ երաժշտական քոլեջներում առաջին դասարանից չի կազմակերպվում ալտի ուսուցում, երաժիշտը հայտնեց, որ Եվրոպայում արդեն որոշ ուսումնական հաստատություններում կա նման պրակտիկա, օրինակ բերելով իր երկու սաներին, որոնցից մեկը 5 տարեկանից է նվագում, մյուսը՝ 10-ից: Ինչպես այլ ճանաչված երաժիշտների հետ զրուցելիս, չէինք կարող չանդրադառնալ նաեւ միջազգային մրցույթներին, որոնց մասին քանիցս մեր զրուցակիցները հայտնել են, որ, իրոք, մրցույթներում հաճախ հանդիպում են, մեղմ ասած, անարդարացի դեպքերի: Լինելով տարբեր մրցույթների ժյուրիի անդամ, Դ. Պոպպենը հավաստիացրեց, որ իր երկրում նման դեպքերի չի առնչվել եւ դրա մասին լսել է միայն ռուսաստանյան մրցույթներից. «Ինքս չեմ սիրում մրցույթներ, բայց եթե հաղթում ես, ապա ինչ-որ տեղ դա խթանում է քո կարիերային: Այսօր էլ Մյունխենում, հեղինակավոր ARD մրցույթի ֆինալում ունեմ սան, որի համար այս պահին խոսելիս անգամ հուզվում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել