Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ՝ Սադոյանների տանը

Սեպտեմբեր 11,2008 00:00

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունը երեկ հաստատեց «Առավոտի» այն լուրը, ըստ որի՝ Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանից:

Սեպտեմբերի 3-ին Արշակ Սադոյանը հաղորդում է տվել, թե իր եղբորորդին՝ ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանը փորձել է կրակել իր վրա, ահաբեկել է՝ կրակելով օդ: Ավետիս Սադոյանին, իրոք, հրավիրել են բաժին: Նա ներկայացրել է իր օրինական որսորդական հրացանը, ասել է, որ ընդամենն այն փորձարկել է, քանի որ որսի շրջանը սկսվել էր, իսկ ինքը Որսորդմիության ակտիվ անդամներից է: Ինչ վերաբերում էր մեր այն տեղեկությանը, թե Արշակ Սադոյանի որդիներ Արա եւ Արեգ Սադոյանները դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին, երբ փորձել են Ավետիսի վրա հարձակվել ոստիկանների ներկայությամբ, ոստիկանությունից մեզ հավաստիացրին, թե նման ինֆորմացիայի չեն տիրապետում:

Սակայն ինչո՞ւ են լարված Սադոյանների հարաբերությունները, ինչո՞ւ է Այգեստանի 7-րդ փողոցի թիվ 18 տունը դարձել կռվահրապարակ: Երեկ Արշակ Սադոյանը, կրակոցների հետ կապված, «Առավոտին» տեղեկացրեց. «Տանը նստած էի, բակից կրակոցներ եղան, թռա դուրս: 4-5 բանվոր, որոնք աշխատում էին շինարարության վրա, ահաբեկված կանգնել էին: Տեսա Ավետիսին՝ հրացանը ձեռքին, վազեցի, նա հրացանն ուղղեց վրաս: Տեսնեմ՝ նշան է բռնում: Ետեւումս բանվոր Կարենն էր, հետո բարձրացրեց հրացանը, կրակեց օդ: Զանգեցի կնոջս, ասացի՝ մահափորձ է կատարվում: Քիչ հետո քաղաքացիական հագուստով եկան ոստիկանները: Տղաներիցս Արան կնոջս զանգով եկել էր բակ: Երբ տեսավ քաղհագուստներով մարդկանց, կարծելով Ավետիսի կողմնակիցներն են՝ սկսեց աղմկել: Բոլորիս տարան բաժին: Բացատրություններ ենք տվել նույն պահին»: Ավետիսի բացատրությանը, թե բակում փորձարկել է հրացանը (որսի շրջանի հետ կապված), պարոն Սադոյանը հակադարձեց. «Բակում հրաձգարան չկա, որտե՞ղ է փորձարկում, հարեւանների լուսամուտների՞ն»:

Պարզվեց, որ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի եւ Ավետիս Սադոյանի միջեւ վերջինիս հոր՝ Հաբելի մահվանից հետո ծագած վեճը դեռ հանգուցալուծում չի գտել: Արշակ Սադոյանն, ըստ Ավետիսի, ցանկանում է իր փաստացի օգտագործվող հողատարածքը վերցնել՝ դրա վրա կառուցել 4 հարկանի շինություն՝ գրասենյակ, զրկելով եղբորորդու ընտանիքին փողոցի հետ նորմալ կապուղի ունենալուց՝ թողնելով ընդամենը 1.5 մ նեղլիկ անցում:

Ըստ Ավետիսի, հորեղբայրը, դեռ պատգամավոր եղած ժամանակ, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, կարողացել է միայն իրեն հայտնի ճանապարհներով ստանալ ապօրինի՝ քաղաքաշինական նորմերին հակասող դատական վճիռ:

Ներկայումս վարչական դատարանի վարույթում է գտնվում երեք գործ՝ ընդդեմ Արշակ Սադոյանի, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ երկու գործ: Նրանցից ամենահինը դեռ մայիսի 5-ից վարչական դատարանում գտնվող Ավետիս Սադոյանի հայցն է՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Մարաշի տարածքային ստորաբաժանման՝ 2007թ. մայիսի 5-ի շինթույլտվությունը, 2007թ. փետրվարի 23-ի ճ/հ առաջադրանքը եւ 2007թ. հունվարի 18-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Նշենք, որ քաղաքապետարանը թույլտվություն էր տվել Արշակ Սադոյանին՝ նշված տանը շինարարություն սկսելու համար:

Արշակ Սադոյանն իր շինարարության հարցը պետք է համաձայնեցներ Ավետիսի եւ նրա մոր հետ, քանի որ հողամասի մի կտորը, որի վրա տրված է շինթույլտվությունը, մնում է ընդհանուր համատեղ սեփականություն:

Մայիսի 21-ին վարչական դատարանի կողմից բավարարվել է Ավետիսի միջնորդությունը, արգելվել է Արշակ Սադոյանին կատարել որեւէ քանդման կամ շինարարական աշխատանքներ Այգեստանի 7-րդ փողոցի 18 տանը՝ մինչեւ դատարանի կողմից վճռի կայացումը, քանի որ այդպիսի միջոց չկիրառելն անհնարին կդարձներ վճռի կատարումը:

ԴԱՀԿ աշխատակիցներին, որ եկել էին Արշակ Սադոյանին պարտադրելու շինարարությունը դադարեցնել, վերջինս իր ձեռքով գրված հայտարարություն է տվել, որ չի պատրաստվում ենթարկվել դատարանի որոշմանը: Արշակ Սադոյանը գրել է. «ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչ Հայկ Ղուկասյանի ներկայությամբ ես զանգեցի վարչական դատարան եւ պայմանավորվեցի երկուշաբթի առավոտյան հանդիպել դատավոր Արգիշտի Ղազարյանի հետ եւ միջնորդել, որ նա անհապաղ հանի իր արգելանքը, քանի որ դա մեծ չափերի ֆինանսական կորուստների կբերի»:

Երկուշաբթի՝ մայիսի 26-ին, Արշակ Սադոյանը այցելում է դատավոր Ա. Ղազարյանին: Վարչական դատարանի կարգադրիչների մատյանում եղած գրառումը հաստատում է, որ Սադոյանը, իրոք, մոտ մեկ ժամ եղել է դատավորի առանձնասենյակում:

Իհարկե, դատավորը պատճառաբանում է, թե հնարավորություն է տրվել նախկին պատգամավորին «ծանոթանալ գործի նյութերին»: Սակայն իր առանձնասենյակում դատավորն իրավունք չունի կողմին ընդունելու, իսկ գործի նյութերին ծանոթանալու համար պետք է գրավոր դիմում գրվի՝ ինչը չի արվել: Ըստ Արշակ Սադոյանի, ինքը հանդիպել է դատավորի օգնականի հետ, որպեսզի ճշտի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Աշխատասենյակի մուտքի մոտ տեսել է դատավորին, որը չի ընդունել իրեն. «Ես էլ ազդվեցի, որ էդ մարդը չեմ, որ առանց բարեւի գլուխը կախեն-գնան»:

Այս ամբողջը հիմք է հանդիսացել Ավետիս Սադոյանի համար՝ պահանջելու դատավոր Արգիշտի Ղազարյանի ինքնաբացարկը, ինչն ընդունվել է:

Սակայն Ավետիս Սադոյանը պնդում է, որ Արշակ Սադոյանը շինաշխատանքներ է կատարում: Ավետիսը ստիպված է եղել դիմել դատարան՝ քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը վերացնելու հայցադիմումով:

Նույնաբովանդակ մի դիմում էլ Արշակ Սադոյանն է ներկայացրել Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարան:

Հ. Գ. Արշակ Սադոյանը տեղեկացրեց, որ քրեական գործ կա հարուցված Ավետիս Սադոյանի նկատմամբ: Նախ, Արշակ Սադոյանին ծեծի ենթարկելու, ապա նրա ձախ ձեռքը կոտրելու դրվագներով գործի նախաքննությունը դեռ չէր ավարտվել, հիմա էլ ավելացել է կրակոցների դրվագը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել