Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵԺԻՄԸ ՈՒԺԵՂ ՁԵՌՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

Սեպտեմբեր 11,2008 00:00

\"\"Կարծում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը

Շաբաթ երեկոյան հանրապետական կուսակցության խորհրդի կայացրած որոշումը՝ աննպատակահարմար համարել Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը ԱԺ նախագահի պաշտոնում եւ նրա փոխարեն առաջադրել նորընտիր պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում: Երբեմն, նույնիսկ համապետական արտահերթ ընտրությունների հույս է արթնացնում: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այն փաստին, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն որոշեց պետության երկրորդ դեմքի պաշտոնը վստահել նորընտիր պատգամավորին: «Դա նշանակում է, որ մոտ ապագայում են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, եւ ռեժիմն՝ ի դեմս Տիգրան Թորոսյանի, չի տեսնում այն ուժեղ ձեռքը, որը կարող էր այդ ուղղությամբ լավ աշխատանք տանել»,- կարծում է Լյուդմիլա Սարգսյանը: Իսկ ի՞նչ պետք է անի Տիգրան Թորոսյանը, ով տարիներ շարունակ հավատարմորեն ծառայեց հարազատ կուսակցությանը, մինչդեռ այժմ պարզ դարձավ, որ նրա ծառայություններն այլեւս աննպատակահարմար են: «Անկեղծորեն կարելի է այդ մարդու համար ցավ արտահայտել, որովհետեւ, իրոք, հավատարմորեն ծառայել է, բայց դա թող խրատ լինի բոլոր նրանց, ովքեր շարունակում են ծառայել: Չի կարելի ռեժիմին այդպես ստրկաբար ծառայել, կեղծողները միշտ էլ պատժվելու են»,- ասում է ՍԴՀԿ ատենապետը: Նա նաեւ համոզված է, որ ներկուսակցական այս խժդժությունները վկայում են, որ ՀՀԿ-ում լուրջ հակասություններ եւ ճեղքեր են հասունանում. «Իրենց շարքերում կան բազմաթիվ մարդիկ, որ աշխատում են իրենց դեմ, բայց ոչ բացահայտ. մոտ ապագայում դա ՀՀԿ-ում էլ կզգան: Դա նշանակում է, որ նույնիսկ իրենց շարքերում վստահություն չկա սեփական կուսակցության, հանրապետության նախագահի նկատմամբ, եւ շատերը փորձում են ճողոպրել»:

Մինչդեռ ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը հակված է հարցը մաթեմատիկորեն դիտարկել. «ԱԺ նախագահի փոփոխությունը որեւէ էական ազդեցություն չի կարող ունենալ, որովհետեւ տարբերություն չկա, թե ավազակապետական այս համակարգում որ անձը որով կփոխարինվի»: Ինչ վերաբերում է նրան, որ Հովիկ Աբրահամյանը օրենսդիր աշխատանքի ավելի քիչ փորձ ունի, ապա, ըստ Կ.Կարապետյանի. «Այս իշխանությանը շատ քիչ է մտահոգում օրենսդրական դաշտը եւ օրենքների կիրառումը: Այնպես որ, Հ. Աբրահամյանի փորձ ունենալ-չունենալը ոչ մի նշանակություն չունի»: Կ. Կարապետյանը նաեւ չի կարծում, որ Տիգրան Թորոսյանը կունենա այնքան վճռականություն, որ կփորձի ըմբոստանալ կուսակցական որոշման դեմ. «Նա հնազանդորեն կծառայի այս համակարգին եւ լռելյայն կգնա աշխատելու այնտեղ, որտեղ նրան կուղարկեն: Եթե նույնիսկ հանգստի ուղարկեն՝ Տ. Թորոսյանը շատ հոժարակամ կընդունի այդ որոշումն էլ»: Այսինքն՝ ներհհկական այս «անհամաձայնությամբ», մեր զրուցակցի կարծիքով, չի կարող սկիզբ դրվել ներքաղաքական նոր զարգացումների, քանի որ՝ «կուսակցության քաղխորհուրդն էլ՝ կառավարության եւ ԱԺ-ի նման, ղեկավարվում է մեկ կենտրոնից: Սերժ Սարգսյանն ինչպես ցանկանա՝ այդպիսին էլ կլինի կուսակցության դիրքորոշումը»: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը հույս ունի, որ մինչեւ հունվար Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն:

Իսկ ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղլեչյանը, պատասխանելով «Առավոտի» հարցերին, ասաց. «Դա ՀՀԿ-ի՝ ներքին եւ Տիգրան Թորոսյանի անձնական խնդիրն է»: ՀՀԿ-ի ներսում Գ. Ղլեչյանը ճեղքում եւ պառակտման հիմքեր չի տեսնում. «Կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, որքան էլ ինձ համար տարօրինակ էր, միաձայն որոշում էր կայացվել: Դեմ հանդես չէին եկել նույնիսկ հին ՀՀԿ-ականները, ովքեր Տ. Թորոսյանի հետ համատեղ, ըստ էության, այդ կուսակցության հիմնադիրներից են: Պառակտման միտում այս պահին չեմ տեսնում, այլ հարց, որ բարոյականության առումով… չեմ ցանկանում մտնել իրենց խնդիրների մեջ, յուրաքանչյուրն իր խղճի առջեւ է պատասխանատու: Ինձ համար ուղղակի զարմանալի է, որ «հին» կուսակցականները համակարծիք են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել