Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանիներին էլ են «կեղծել»

Սեպտեմբեր 11,2008 00:00

\"\"Կիրակի օրը Արաբկիրում կայացած համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունների առնչությամբ իրենց դժգոհություններն են հայտնել ավագանու մի շարք թեկնածուներ:

Դիմում-բողոքների հիման վրա արդեն 2 օր է՝ թիվ 4 ընտրատարածքում ձայների վերահաշվարկ է կատարվում: Երեկ «Առավոտը» ներկա գտնվեց վերահաշվարկի գործընթացին: Թիվ 4 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ֆրանգուլյանի որոշմամբ պետք է բացվեն բոլոր ընտրատեղամասերի քվեատուփերը եւ վերահաշվարկվեն ավագանու թեկնածուների ձայները: Նկատենք, սակայն, որ բացվելու են նաեւ այն ընտրատեղամասերի քվեատուփերը, որոնց առնչությամբ որեւէ բողոք չկա, դրանք են՝ 4/6, 4/11, 4/13, 4/16, 4/19, 4/27, 4/31, 4/34, 4/35, 4/36, 4/39, 4/40, 4/47 ընտրատեղամասերը:

Վերահաշվարկի ժամանակ 4/44 ընտրատեղամասի ստուգված թվերն ընտրությունների օրը կազմած արձանագրությունում եղած թվերից քիչ էին տարբերվում: Անվավեր քվեաթերթիկների թիվը 37-ից դարձել էր 33: Ավագանու թեկնածու Մարապանյան Էդուարդի քվեներն էլ ընտրատարածքի հանձնաժողովի անդամները սխալմամբ արձանագրել էին 2, այնինչ՝ 1124 քաղաքացուց նրա օգտին քվեարկել էր 12-ը ու քանի որ նախորդ արձանագրության մեջ նրա անվան դիմաց գրված էր 13, հանձնաժողովի անդամները կրկին բացեցին նրա քվեաթերթիկների պարկը ու հաշվարկ կատարեցին: Մուշեղ Տերյանի ձայներն էլ 56-ից դարձել էին 55:

Նախորդ օրը հանձնաժողովականները վերահաշվարկել էին 4/ 01, 4/ 24, 4/28, 4/49 ընտրատեղամասերի ձայները: Այս հաշվարկների արդյունքում նույնն էր մնացել ընդամենը 11 ավագանու թեկնածուների ձայների քանակությունը: 18 քվեով ավելացել էին Արայիկ Մխիթարյանի օգտին տված ձայները, Հայկ Ավագյանի քվեներն էլ՝ 9-ով: Վաչե Մնացականյանի ձայները նվազել էին 40-ով, Արթուր Ղազարյանինը՝ 21-ով, Հովհաննես Մարությանինը՝ 18-ով: Մնացած ավագանիների թեկնածուների ձայներն ավելացել կամ պակասել էին 1 կամ 2-ով:

Ինչպես տեղեկացանք՝ վերահաշվարկին չէր ներկայացել ընտրատարածքի հանձնաժողովի տեղակալ, ՀՀԿ-ական Կարինե Շահինյանը: Նա իր չներկայանալը մեզ հետ զրույցում այսպես պատճառաբանեց. «Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել, որ վերահաշվարկ է լինելու: Ի՞նչ իմաստ ունի իմ ներկայանալը, եթե իմ ասածները չեն լսում: Սեպտեմբերի 7-ին ես մի քանի անգամ ասել եմ, որոշ ընտրատեղամասերում արյուն են հեղում, գումարներ են բաժանում, բայց հանձնաժողովականներն իմ ասածները բանի տեղ չէին դնում»:

Երեկ երբ հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ֆրանգուլյանից հետաքրքրվեցինք, թե ինչու Կարինե Շահինյանին տեղյակ չեն պահել, որ ձայների վերահաշվարկ է ընթանալու, վերջինս ասաց, որ մեր հարցերին կպատասխանի մեկ ժամ ընդմիջումից հետո: Հանձնաժողովի անդամները ժամը 14-ին փակելով ընտրատարածքը՝ գնացին ընդմիջման: Ավելի ուշ տեղեկացանք, որ նրանք վերադարձել են մեկուկես ժամ հետո, մինչդեռ ընդմիջման համար նախատեսված ժամանակը օրենքով նախատեսված է մեկ ժամ, որը կնիքով եւ ստորագրությամբ փակցված էր նաեւ նրանց գրասենյակի դռան վրա:

Հ. Գ. Երեկ, երբ Արաբկիրի թաղապետարանում գտնվող ընտրական հանձնաժողովի անդամները համայնքի ավագանու թեկնածուների ձայներն էին վերահաշվարկում, թաղապետարանի մոտ հավաքված էին Ալբերտ Երիցյանի մի խումբ թիմակիցներ: Ականատեսների պատմելով՝ այդ երիտասարդները թաղապետարանի պաշտոններն արդեն մեջ-մեջ էին անում: Տղաներից մեկը վստահեցնում էր, որ ինքը «կոմունալի պետն է» լինելու, մյուսը՝ մեկ այլ բաժնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել