Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴԻՆ ՉԱՆՑՆԻ

Սեպտեմբեր 11,2008 00:00

\"\"Իշխանության ներկայացուցիչները վստահելի թեկնածու են փնտրում, որը կկարողանա պայքարել գեներալ Մանվել Գրիգորյանի թիմի դեմ:

Էջմիածին քաղաքում այս օրերին տիրող լարված մթնոլորտն ու տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թեժ է լինելու: Այս ընտրություններից իշխանությունները բավականին մեծ ակնկալիքներ ունեն: Նախ՝ նրանք ուզում են «կոտրել» գեներալ Մանվել Գրիգորյանին, որի որդին՝ ներկայիս փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը, քաղաքապետի թեկնածու է, եւ ապա՝ գտնել այն արժանի թեկնածուին, որը կկարողանա պայքարել գեներալի թիմի դեմ: Սակայն իշխանական ճամբարում դեռ չեն կողմնորոշվել, թե ում են «առաջ տանելու»: Հավանական է, որ ընտրությունը կանգ կառնի ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) վրա, քանի որ վերջինս արդեն սկսել է դիվիդենդներ հավաքելու նպատակով բանակցություններ վարել իշխանությունների հետ: «Առավոտի» տեղեկություններով, Հ. Հակոբյանը վերջերս անընդհատ իշխանության ազդեցիկ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է փնտրում: Օրեր առաջ նա տեսնվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանի հետ: Այդ ոչ պաշտոնական հանդիպմանը ներկա է եղել նաեւ մեկ այլ պատգամավոր՝ հանրապետական Գալուստ Սահակյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Հ. Հակոբյանն իրեն շատ ռիսկով է պահել եւ անգամ համարձակվել է Հ. Աբրահամյանին նախազգուշացնել, որ եթե իշխանություններն իրեն չսատարեն՝ ինքը կթեքվի Մանվել Գրիգորյանի կողմը: Նշենք, որ Հ. Հակոբյանի շուրջը հավաքված «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն ու ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս) մի նոր դաշինք են կնքել ու, որպես նորաստեղծ դաշինքի երաշխիք, Հ. Հակոբյանն իրեն պատկանող ալրաղացի շահագործումը հանձնել է Ս. Բաբայանի աներոջը:

Ըստ «Առավոտի» աղբյուրների, միջնորդի դեր ստանձնելու եւ իշխանությունների «դաբրոն» ստանալու համար, Հ. Հակոբյանը Ա. Մովսիսյանին 1 միլիոն դոլար «պարգեւատրում» է խոստացել:

Նշենք, որ չնայած քարոզարշավը պետք է սկսվի ընտրություններից 20 օր առաջ, այսինքն՝ սեպտեմբերի 30-ին, սակայն Հ. Հակոբյանն իր նախընտրական պայքարն արդեն սկսել է, այն էլ՝ օրենքի խախտումներով: Վերջերս նա ակտիվորեն հանդիպումներ է կազմակերպում էջմիածինցիների հետ ու քաղաքի ապագայի մասին իր լավատեսական ծրագրերը ներկայացնում նրանց: Նախօրեին էլ այցելել է Էջմիածնի թիվ 3, 5 եւ 9 դպրոցներն ու հանդիպել աշակերտների ու մանկավարժների հետ:

Հ. Հակոբյանը նույնիսկ սկսել է հետաքրքրվել Էջմիածնի քաղաքացիների առողջությամբ: Նա անգամ տարեցների ու կարիքավորների բուժման ծախսերն է հոգում, ուսանողների ուսման վարձն է վճարում եւ այլն:

Հ. Հակոբյանի՝ քաղաքապետ դառնալու շանսերը խիստ ցածր է գնահատում քաղաքապետարանի կրթության բաժնի նախկին պետ Սուսաննա Հարությունյանը, որը 2005-ին առաջադրվել էր Էջմիածնի քաղաքապետի թեկնածու: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Հ. Հակոբյանն «իր հանցագործ ու դավաճան» պահվածքով միշտ հուսախաբ է արել իշխանություններին. «Նա քրեական հանցագործ է, դա ապացուցվել է դատարանով ու նրան 2 տարի փորձաշրջան է նշանակվել: Հակոբյանն ընտրովի պաշտոն է ուզում, որ չձերբակալվի: Պատգամավոր եղած ժամանակ իր մանդատով է պաշտպանվել եւ պաշտոնն օգտագործել թալանի համար: Հիմա էլ քաղաքապետի աթոռն է ուզում, որ արածնե՞րը կոծկի: Ինչ է, մոռացա՞ն, թե ինչպես էր Էմիրություններում խանութից բաճկոն գողանում, որ հիմա էլ այդ հանցագործի հետ համագործակցության եզրեր են փնտրում»:

Էջմիածինցիների հավաստմամբ, քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից ոմանք աշխատում են հենց Հ. Հակոբյանի օգտին: Օրինակ, թեկնածուներից մեկը՝ Էջմիածնի քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Թամարա Թադեւոսյանը, որը տարիներ շարունակ աշխատել էր Մ. Գրիգորյանի կողմնակիցների հետ, ընդամենը 1-2 ամիս առաջ է գլխի ընկել, որ այն թիմը, որի հետ աշխատել է՝ լավը չէ եւ աշխատանքից դուրս է եկել: «Առավոտի» տեղեկություններով, նրա թեկնածությունը ձեւական բնույթ է կրում, քանի որ նա ակտիվորեն համագործակցում է Հակոբյան-Բաբայան-Մովսիսյան «դաշինքի» հետ եւ կես ճանապարհից կհանի իր թեկնածությունն ու կզբաղվի Հ. Հակոբյանի PR-ով: Այս առնչությամբ «Առավոտը» դիմեց Թ. Թադեւոսյանին, որը, հաստատելով, որ ինքն անպայման առաջադրվելու է, ասաց, որ մեր հարցերի մասին «կխոսի միայն մի քանի օր անց»:

Չի բացառվում նաեւ, որ իշխանությունների վստահությանը կարժանանա մեկ այլ հավանական թեկնածու՝ Հողմիկ Եղիազարյանը, որի անունը շոշափվել է օրեր առաջ ՀՀԿ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Թերեւս հենց այդ ակնկալիքով է մոտ 10 օր առաջ Հ. Եղիազարյանը «մկրտվել» հանրապետական: Թե ում կսատարի ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ՝ պարզ կդառնա սեպտեմբերի 16-ին՝ կուսակցության խորհրդի նիստի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել