Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ԴԻՏԵՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ

Սեպտեմբեր 11,2008 00:00

ԵԱՀԿ ԽՎ-ի պատվավոր նախագահ, ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը սեպտեմբերի 4-6-ը գտնվում էր Երեւանում եւ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի եւ այլոց հետ: Բացի այդ, Գ. Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ «Հրազդան» մարզադաշտում դիտել է ՀՀ-Թուրքիա ֆուտբոլային խաղը: ԼՂ հարցով նոր զեկույց մոտ ժամանակներս չի լինելու, բայց պարոն Լենմարկերը պատրաստվում է հաշվետվություն ներկայացնել տարածաշրջանում ստեղծված ետլարված իրավիճակի մասին, եւ իր այցը իրավիճակին ծանոթանալու նպատակով էր: ԵԱՀԿ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի ներկայացմամբ, Լենմարկերը ՀՀ էր եկել ոչ միայն դրա համար, այլեւ՝ նախագահական ընտրություններից հետո ԼՂ հարցի հետ կապված մեր երկրում տիրող տրամադրությունները շոշափելու: Ա. Սաֆարյանի փոխանցմամբ, «ըստ Լենմարկերի՝ ԼՂ հարցի կարգավորումը հնարավոր է Կովկասում վստահության ավելի մեծ մթնոլորտի եւ եվրոպական հարեւանության շրջանակներում՝ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու միջոցով: Նա գտնում է, որ մեր եւ Ադրբեջանի միջեւ պետք է լինեն փոխադարձ վստահության միջոցառումներ, որ տարածաշրջանային համագործակցության խնդիրները պետք է բերվեն առաջին պլան եւ դրանց շուրջ գտնվի ընդհանուր լեզու, որ կողմերը վստահություն զգան միմյանց նկատմամբ, եւ դա կարագացնի հարցի խաղաղ լուծումը»: Ա. Սաֆարյանի տպավորությամբ, ԵԱՀԿ ԽՎ-ն այս պահին ավելի հետաքրքրված է Վրաստան-ՌԴ հարաբերություններով, եւ սեպտեմբերի 17-ին Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկող ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանն ամբողջովին նվիրված կլինի դրան. «Ես հաստատ տեղեկություններ ունեմ, որ ԽՎ-ի հիմնական թեման դա է լինելու, եւ մեր պատվիրակությունը ստիպված կլինի մեկ կամ մի քանի ելույթով անդրադառնալ տարածաշրջանային այս խնդիրներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել