Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թույլ կառավարության քայլը

Սեպտեմբեր 11,2008 00:00

Կառավարության նախաձեռնությամբ՝ ԱԺ-ն երեկ արգելեց կապուղիների մրցույթներ հայտարարել մինչեւ 2010 թվականի հուլիսը:

ԱԺ-ն երեկ առավոտյան առաջին ընթերցմամբ, իսկ երեկոյան պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում՝ ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Եվ չնայած արտահերթ նիստին մասնակցելու համար ԱԺ դահլիճ էին կանչվել միայն հատուկ առիթներով խորհրդարան ժամանող շատ պատգամավորներ՝ քվեարկություններն էլի ընթացան կեղծիքներով: Ասենք, Սեյրան Սարոյանը, Գագիկ Աբրահամյանը եւ Մանվել Բադեյանը դահլիճում չէին, բայց նրանց փոխարեն սեղմել էին «կողմ» կոճակները: Այնուամենայնիվ՝ այս 3 ձայները չէին փոխի քվեարկության 72 «կողմ» արդյունքը: Թերեւս այդ պատճառով «Ժառանգություն» խմբակցության «դեմ» քվեարկած պատգամավորները չվիճարկեցին այն: Դեմ էին քվեարկել նաեւ Վիկտոր Դալլաքյանը եւ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով), որին ամբիոնից դիմեց Զարուհի Փոստանջյանը՝ հորդորելով, որ «դեմ քվեարկի այս օրինագծին եւ իր դիրքորոշումը դրսեւորի ոչ միայն Դավիթաշենի ընտրատեղամասում, այլ նաեւ ԱԺ դահլիճում»:

Ուշագրավ էր, որ թեեւ դահլիճում էին, բայց քվեարկությանը չմասնակցեցին Տիգրան Թորոսյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Հեղինե Բիշարյանը: ՀՅԴ խմբակցության մի քանի պատգամավորներ, որոնք այս օրինագծի կապակցությամբ քննադատական հարցադրումներ էին ուղղել կառավարության ներկայացուցչին՝ կա՛մ «ձեռնպահ» քվեարկեցին, կա՛մ նախընտրեցին բացակայել արտահերթից:

Նախագծի հասցեին քննադատություն հնչեց նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն «Ա1+»-ի վերաբերյալ, որից հետեւում է, թե այդ ընկերության խախտված իրավունքները պիտի վերականգնվեն նոր մրցույթի ընթացքում. «Պարզաբանեք, թե «Ա1+»-ն ինչպե՞ս է մրցույթի մասնակցելու, եթե մրցույթ չի հայտարարվելու»: Հարցին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պատասխանեց, թե մրցույթ կհայտարարվի 2010-ին. «Մինչ այդ մրցույթները հետաձգվում են այն հիմնավորումներով, որոնք մեր հասարակության, տնտեսության եւ պետության համար ունեն ռազմավարական նշանակություն»: Մեր պետության, իսկ ավելի շուտ՝ իշխանության համար փաստորեն նման նշանակություն չունի խոսքի ազատությունը եւ բազմակարծությունը:

Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հայտարարեց, թե չեն հասկանում մեր ազատական քաղաքականություն իրականացնող կառավարությանը. «Մրցույթներից հրաժարվելը հենց ազատ տնտեսական քաղաքականության դեմ ուղղված քայլ է», քանի որ արտոնություն է շնորհում մի շարք տնտեսվարող սուբյեկտների, եւ «աննպաստ, եթե չասեմ՝ պատային դիրք» առաջացնում այլ տնտեսվարողների համար: Իսկ Զարուհի Փոստանջյանը ելույթ ունենալով «Ժառանգություն» խմբակցության անունից՝ հայտարարեց, թե այս օրինագծի օգտին քվեարկելով՝ «Ցույց եք տալիս, թե ինչքան թույլ է եւ վախեցած մեր կառավարությունը: Հետեւաբար՝ կուզենանք ունենալ այնպիսի կառավարություն, որն ուժեղ կլինի եւ չի վախենա այլ կարծիքներից ու քննադատությունից»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն այս ելույթից հետո հեգնանքով ծափահարեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել