Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒՄ ԷԻՆ ՀԱՎԵՍԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 11,2008 00:00

\"\"Սա ընդդիմության գնահատականն է «Մարտի 1»-ի դեպքերին

Երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրված «կլոր սեղանի» ընթացքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը ներկայացրեց «Մարտի 1»-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնաժողովի կողմից պատրաստված նախնական զեկույցը, որը վերաբերում էր այդ օրը ուժային կառույցների գործունեության վերլուծությանը: Զեկույցի ներկայացումից առաջ ցուցադրվեց նաեւ խնդրո առարկային առնչվող՝ հանձնաժողովի պատրաստած շուրջ կեսժամանոց տեսանյութ: Դա ուժայինների կողմից այդ օրը առավոտից խաղաղ ցուցարարների ու ՀՀ քաղաքացիների դեմ իրականացված ապօրինի գործողությունների, զենքի ու հատուկ միջոցների ոչ համաչափ կամ ոչ իրավաչափ կիրառման ամենախոսուն ապացույցն էր: ՆԳ նախկին նախարարի զեկույցը տեսանյութից պակաս ուշագրավ չէր, թեեւ Ս. Աբրահամյանն ասաց, որ զեկույցը սենսացիոն բացահայտումներ չի պարունակում, եւ որ այն բոլորին հայտնի դեպքերի քաղաքական, իրավական, նաեւ իրավապահների գործողություններին տրված մասնագիտական գնահատականի սինթեզ է:

Զեկույցը բավականին ծավալուն էր, ուստի, շրջանցելով հիշյալ իրադարձություններին տրված զուտ քաղաքական գնահատականները, միայն փաստենք, որ, ըստ զեկույցի, «Մարտի 1»-ի դեպքերի մեխը նախագահական կեղծված ընտրություններն էին, իսկ դրա նպատակը այս էր. «Առաջին՝ մարտի 1-ի առավոտյան իշխանությունները դիմեցին բացահայտ անօրինական գործողությունների, որպեսզի ՍԴ-ի համար ստեղծեն բարենպաստ պայմաններ՝ հերթական դատական ֆարսն ապահովելու համար: Հակառակ դեպքում 300-400 հազար ցուցարարների ակտիվ բողոքի պայմաններում դժվար թե ՍԴ-ն կայացներ այն որոշումը, որը հանրությանը հայտնի է: Երկրորդ՝ կեղծված ընտրությունները մոռացության տալու համար: Դրանք ընդդիմությանը «դաս տալու» Քոչարյանի մեթոդներն էին»,- գնահատեց նախկին նախարարը:

Անցնենք մարտի 1-ին ուժայինների գործողությունների մասնագիտական գնահատմանը: Ըստ զեկույցի՝ «Մարտի 1»-ի դեպքերն այդքան ողբերգական եւ ծանր հետեւանքներ չէին ունենա, եթե իշխանությունների կողմից ուղեկցվող բացահայտ անօրինական գործողություններին չգումարվեր ոստիկանության պրոֆեսիոնալ բացահայտ անգրագիտությունը: Եթե անգամ ընդունելու լինենք պաշտոնական վարկածները մարտի 1-ի դեպքերի առնչությամբ՝ տեղազննություն, դիմադրություն եւ այլն, ապա անգամ այդ դեպքում ոստիկանության գործողությունները չեն տեղավորվում համապատասխան օրենքի, իրավական կամ նորմատիվ ակտերի թույլատրելի սահմաններում»: Ըստ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի՝ «Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները եւ սահմանները», 1-ին եւ 2-րդ մասերի՝ «1) ելնելով իրավախախտման բնույթից, արարքի եւ իրավախախտումը թույլ տված անձի՝ հանրության համար վտանգավորության, ինչպես նաեւ ցուցաբերվող անհնազանդության ու դիմադրության աստիճանից՝ ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի, 2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ապահովել առաջին բուժօգնությամբ»: Իշխանությունները մարտի 1-ին այս նորմերի պահանջներին հակառակ են գործել: Նրանք ոչ միայն չեն օգնել ծեծվածներին, այլեւ նրանց օրերով մեկուսացրել, թաքցրել են մինչեւ պատճառված վնասվածքների հետքերն անցնեն:

Ս. Աբրահամյանը մարտի 1-ի օրվա երկրորդ կեսին Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ ծավալված դրամատիկ իրադարձությունները որակեց որպես՝ «խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված սպանդ»: ՆԳ նախկին նախարարի դիտարկմամբ, թե այդ օրը քանի տանկ էր գործի դրվել, քանի ոստիկան է մասնակցել գործողություններին եւ նմանատիպ այլ հարցադրումներին անդրադառնալու անհրաժեշտությունը չկա. «Երբ մի տեղում հավաքվել է հարյուր հազարավոր մարդ եւ քաղաքական պահանջներ առաջադրելով խաղաղ ցույց է անում, ապա «հասարակական կարգի պահպանություն» եւ «հանցագործության դեմ պայքար» հասկացություններն անցնում են ետին պլան: Առաջնային է դառնում միմիայն քաղաքական երկխոսությունը: Տվյալ պարագայում ոստիկանության ուժերի հիմնական խնդիրը դառնում է, ինչպես ժողովուրդն է ասում՝ արյուն չթափելը, իրավիճակը չլարելը: Ավելին, որոշ դեպքերում ոստիկանությունը դառնում է իշխանության վերին օղակների եւ քաղաքական ընդդիմության երկխոսության կազմակերպիչը, ինչը չարվեց: Երկրորդ, երբ մարդկային այդպիսի մեծ՝ առաջին պահին ամբոխին բնորոշ զանգված սեփական անվտանգության ապահովման ներքին բնազդով շրջապատել է ինքն իրեն ավտոբուսներով, տրոլեյբուսներով, փշալարերով եւ այլ միջոցներով, ապա նրանց նկատմամբ ոչ միայն զենք, այլեւ տեխնիկական այլ միջոցներ՝ չերյոմուխա, «Զարյա» կիրառելն ուղղակի հանցագործություն է: Պատկերացրեք չորս կողմից իրենք իրենց շրջապատած մարդկանց մեջ հատուկ միջոցների կիրառումից հետո հանկարծ խուճապ սկսվեր: Զոհերը կլինեին հարյուրավոր կամ անգամ հազարավոր՝ միայն խուճապի վիճակում իրար տրորելու արդյունքում: Բա խելքը գլխին մարդը նման պարագայում ո՞նց կարող էր հատուկ միջոցներ կիրառելու հրաման տալ: Չէր կարելի եւ վերջ»,- նկատեց Ս. Աբրահամյանը:

«Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածի՝ «Հրազենի գործադրումը (կիրառումը) եւ օգտագործումը», 3-րդ կետից մի հատված. «Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման եւ զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաեւ մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք»: «Իսկ ոստիկանները, տեսաք տեսաֆիլմում, էդ ո՞նց են կրակում՝ դիմահար, հավեսի համար: Քար նետողն էլ արդեն իր գործողությունը կատարել է, նա արդեն իր հասարակական վտանգավորությունը կորցրել է, նրան փախնելուց գնդակահարել, տապալելը ես հասկանալ չեմ կարողանում»,- ասաց զեկուցողը:

Ի վերջո, զեկույցում անդրադարձ կար նաեւ մարտի 1-ի երեկոյան խանութների թալանի եւ մասնավոր կամ պետական սեփականությանը վնասելու փաստերին: Ս. Աբրահամյանի մատուցմամբ, այդ գործողություններն իրականացնողները եղել են խաղաղ ցուցարարների հետ կապ չունեցող մարդիկ, եւ նրանց գործողությունները չեն կանխվել ոստիկանության կողմից՝ կա՛մ վերջիններիս իսկ թողտվության կա՛մ պարզապես անճարակության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել